«Վիեննայում կատարվել են Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից երկուսը». Ալեքսանդր Արզումանյան
Վիեննայում կայացած հանդիպման փաստը կարևոր է, և կարևոր է նաև եռանախագահների միահամուռ հայտարարությունը, որը բացառում է ռազմական լուծումը և պնդում է, որ կողմերը պետք է վերադառնան 1994-1995 թվականներին ստորագրված եռակողմ պայմանագրին` հրադադար հայտարարելու մասին:
Այս կարծիքին է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով երեկ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նշեց, որ Հայաստանը պետք է շարունակի պատրաստ լինել ցանկացած ռազմական գործողությունների վերսկսման, բայց դրա հետ մեկտեղ չպետք է խուսափի բանակցային գործընթացի վերսկսումից։
«Խոսվեց այն մասին, որ կողմերը համաձայնել են միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, ինչի մասին ՀՀ-ն բազմիցս հայտարարել էր, բայց Ադրբեջանը հրաժարվում էր: Այդ առումով՝ կարելի է ասել, որ բավականին դրական է` հնարավոր բանակցությունների վերսկսման համար: Սա հայկական կողմին տալիս է հնարավորություն՝ դադար վերցնելու և զբաղվելու բանակաշինարարությամբ, դասեր քաղելու այն բացթողումներից, որոնք մենք ունեցել ենք, հետաքննություններ անցկացնել, պատժել մեղավորներին, սպառազինությամբ զբաղվել և մեր ներքաղաքական կյանքում կատարել ռեալ ռեֆորմներ»,- նշեց Ա. Արզումանյանը:
Նր խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի իր առջև դրված պատասխանատվությունները, ինչպես չի հարգել 1994 թվականի կնքած պայամանգիրը, բայց ըստ նրա՝ այս անգամ կա միահամուռ եռանախագահների մասնակցությունը. «Կարծում եմ՝ եթե մեխանիզմները ներդրվեն, դա հնարավորություն կտա խոսել նաև հասցեկան խախտումների մասին»:
Ա. Արզումանյանը նկատեց, որ Վիեննայում կատարվել են Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից երկուսը: Նրա խոսքով՝ նախապայմաններից երկուսը վերահաստատվել են, իսկ մի նախապայման չի արվել, որը, ըստ նրա, ավելի շատ հռետորական էր և վերաբերվում էր հասցեական հայտարություններին. «Հասցեական հայտարարությունը բացառված է, որ միջնորդներից որևէ մեկը անի, դա աքսիոմա է, իսկ մենք ավելի պետք է ակնակալենք հասցեական հայտարարություններ բարեկամ երկրների կողմից»:
Ա. Արզումանյանի կարծիքով՝ մենք պետք է ունենանք ադեկվատ բանակ, որը պետք է պատասխանի և անհրաժեշտության դեպքում պատժի նախահարձակ կողմին ու չխուսափի բանակցություններից. «Մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորմամբ, մենք մեր հարցը ռազմի դաշտում արդեն լուծել ենք, մնում է դա բերել խաղաղության սեղանին, մնում է դա Ադրբեջանը հասկանա: Միջազգային հանրությունը երկու օր հետևում էր՝ ինչպես է Ադրբեջանը փորձում ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, ՌԴ-ի նախագահ Պուտինը միայն ամսի 4-ին է անդրադարձել: Այդ էր Ադրբեջանին տրված ժամկետը՝ փորձելու դաշտում իրավիճակ փոխել, ինչը Ադրբեջանին չհաջողվեց»: