«Թող իմ Հայկով ամեն ինչ վերջանա»,- ասում է վանաձորցի զոհվածի մայրը. hetq.am
hetq.am. «Երեք աղջիկ ունեինք, որ Հայկս ծնվեց, շատ ուրախացանք: Մեծ քույրն իրենից 13 տարով մեծ էր: Քույրերով օգնեցին, պահեցինք, մեծացրինք Հայկիս: Բռի մեջ պահած ամեն ինչ հասցրել են ախպորը, երկրորդ ծնող են եղել իրանց ախպոր համար: Մեր բոլորիս նպատակները Հայկի հետ էին կապված»,- զինվոր որդու մասին պատմում է մայրը՝ Գայանե Մինասյանը:
Հայկի մասին խոսելիս` առաջին բանը, որ ասում են հարազատներն ու ընկերները, նրա կատակասեր լինելն է: Մայրը հիշում է.
«Շատ ժպտերես էր, ուրախ, ծիծաղկոտ… հումորով կատակներ կաներ ու ինքը լուրջ կնստեր, իբր ոչնչից տեղյակ չէ: Ընկերները պատմում են, որ նույնիսկ էնտեղ՝ սահմանում, անընդհատ կատակել է: Միշտ գոհ ա եղել ամեն ինչից, մի բան էլ որ ասում էինք, կատակի էր տալիս՝ ամեն ինչ լավ ա էղնելու»:
Հոր՝ Սամվել Մինասյանի հիշողության մեջ էլ տպավորվել է մի քանի օր առաջ առաջնագծից ստացված որդու զանգը՝ ինչպես միշտ կատակներով լի:
«Դեպքից մի քանի օր առաջ զանգեց, մի քանի բան ուզեց: Բատարե էր ուզել, ասի՝ ինչի՞ համար ա, թե՝ որ թուրքերի երեսին պահեմ ու խփեմ: Բանվորական ձեռնոց էլ էր ուզել, քույրն ասել էր ձեռնոցն ինչի համար է: Ասել էր՝ երեխաների համար խաղահրապարակ ենք կառուցում: Դաժե էդ մոմենտին ա կատակել… Ուզածներն ապրիլի 26-ին ուղարկեցի, զանգեցի, ասացի՝ տղա ջան, վաղը 12-ից հետո կստանաս: Վաղը չեկավ, երեկոյան էդ դեպքն եղավ…»:
Որդու առաջնագծում գտնվելու մասին ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել, Հայկը նրանց ոչինչ չի ասել: Հարազատները մտածել են, որ Հայկը զորամասում է մնացել` հերթապահության: Պատերազմական գործություններին մասնակցելու մասին ծնողներն իմացել են զինադադարից հետո` Արմենիա հեռուստաընկերության կողմից հեռարձակված ռեպորտաժից:
«Աղջիկս զանգեց, թե՝ պապա ջան, աչքդ լույս, զինադադար ա, տղուդ էլ տելեվիզրով ցույց տվին: Ասում եմ՝ ո՞նց: Մի երկու օրից զանգեց, ասում եմ, տղա ջան, էդ առաջին գծում ես, քեզ տելեվիզրով ցույց են տվել, բան էլ չես ասո՞ւմ: Թե՝ պալիտ ե՞մ եղել: Ասի՝ հա, պալիտ ես եղել»,- պատմում է հայրը
«Այդ ռեպորտաժում լրագրողները հարցնում են՝ տղաներ, ինչպե՞ս եք, բոլորից բարձր իր ձայնն է լսվում՝ շատ լավ, отлично: Բայց այդ отлично-ն մեր համար отлично չեղավ»,- հուզվում է մայրը:
Հայկը սովորել է Վանաձորի թիվ 4 դպրոցում: Մտքի ճկունությամբ, հանդարտ բնավորությամբ ու հումորով աչքի է ընկել դպրոցում: Մանկության ընկերը՝ Էդուարդը, հիշում է, որ Հայկի կազմած խաչբառերը ամբողջ դպրոցով փորձում էին լուծել:
Հայկի խորհուրդները լսում ու դրանց շատ հաճախ հետևում էին ոչ միայն ընկերները, այլև՝ հայրը:
«Մենք իրար հետ ընկերներ ենք եղել, ես ոչ մի անգամ չեմ նախատել իրեն: Համ հայր եմ եղել, համ ընկեր, համ մեծ եղբայր: Զրուցում էինք ամեն ինչից: Հիմիկվա սերունդը ավելի խելացի ա, հարցեր կար, որ ինքն էր առաջարկում, անում էինք: Միասին պլաններ էինք կազմում,- հիշում է հայրն ու կես խոսքից դադար տալիս,- ոնց են ասում՝ եթիմ մնացինք, տղաս էր մեր պահողը»:
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում Հայկին դասավանդած դասախոս Լիլյա Աբրահամյանը հիշում է իր սանի աշխատասիրության մասին:
«Լավ էր սովորում: Եթե նույնիսկ մի բառ կարդացած չլիներ, տրամաբանությունն այնքան ուժեղ էր, որ լավագույն գրավորն իրենն էր լինում…Չէր ուզում ուսումը շարունակել: Համոզում էինք, բայց որոշել էր, որ բանակից հետո պիտի աշխատի: Մի օր երբ երկար համոզեցի, ասեց՝ ես տղամարդ եմ, հերս ու մերս ինձ տանջանքով էսքան պահել են: Հիմա պիտի գամ ու ես պահեմ իրանց…»:
Հայկի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում: Կուտակված պարտքերի պատճառով մայրը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ կարի ֆաբրիկայում աշխատելու: Վանաձորի քիմիական գործարանում տարիներ շարունակ որպես կորունդագործ աշխատած հայրը երեք տարուց ավել է` չի կարողանում հիմնական աշխատանք գտնել:
«Ֆինանսական դժվարություններ ունեինք, բանակից անընդհատ ասում էր՝ մամ, պապ, մի քիչ գոնե թեթևացա՞ք պարտքերից: Ո՞վ չունի պարտք: Պարտք ենք արել, ուսման վարձ տվել, պարտք ենք արել՝ բանակ ուղարկել: Կամաց փակվում էինք»,-ասում են ծնողները:
Ցավից կծկված մայրը հիմա միայն մի երազանք ունի.
«Մեր վիշտը շատ մեծ ա, ահավոր, անհամեմատելի, բայց իմ վշտի հետ կցանկանամ, որ բոլոր ծնողներն իրենց երեխաներին ողջ առողջ տեսնեն, որ Հայկիցս հետո ոչ մի ծնող բալա չկանչի, ոչ մի ծնող չարտասվի… Թող իմ Հայկով ամեն ինչ վերջանա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: