Միասնաբար սպասում են պատեհ պահի

ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը երեկ խորհրդարանում թեժացրել էր կրքերը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վիեննա այցի ֆոնին միջազգային հանրության անհանգստությունն առաջացրած օրինագիծը վերջին պահին՝ ԱԺ լիագումար նիստից առաջ, քննարկվեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և չարժանացավ դրական եզրակացության։ Դրանից անմիջապես հետո, որպես անհետաձգելի՝ հարցը լիագումար նիստում դրվեց քվեարկության։

Թե որքանո՞վ էր նպատակահարմար օրինագիծը քննարկել խորհրդարանում, երբ դեռ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցել, Հ.Բագրատյանը մատնանշեց, որ այս նախագիծը ներկայացվել է 15 օր առաջ, երբ հայտնի չէր Սարգսյան-Ալիև հանդիպման մասին։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է, և դա ոչ ոք չի ժխտում, նույնիսկ «Ֆրիդըմ Հաուսը» կայացվածության առումով ավելի բարձր է դասում Լեռնային Ղարաբաղը, քան Ադրբեջանը։ «Այնուամենայնիվ, խնդիրը դեռևս գտնվում է հասունացման փուլում, և Հայաստանը չպետք է անի միակողմանի քայլեր, որոնք անհարմար դրության մեջ կդնեն մեզ և մեր գործընկեր պետություններին՝ հնարավորություն չտալով լիարժեք քայլեր անել և բոլորին մասնակից դարձնել Արցախի ճանաչման գործընթացին»,- ասաց նա։

Կարդացեք նաև

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ հարցը բավականին նուրբ և զգայուն է, այստեղ հայրենասիրության մրցավազք չէ, ավելի կամ պակաս հայրենասեր լինելու հարցը չէ դրված, հանրությունը հասկանում է հարցի գինը։ Ըստ նրա՝ եթե վստահ լինեն, որ Հայաստանի կողմից ճանաչումը կբերի մյուս երկրների կողմից ճանաչման, ապա միանգամից կճանաչեն, և, եթե վստահ լինեն, որ դա չի բերի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, միանգամից կողմ կքվեարկեն։ Ն.Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։
Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, բայց միաժամանակ՝ հեղինակներին կոչ արեց այս պահին այս հարցը հանել օրակարգից, որպեսզի խորհրդարանական պատկերն այդքան նվազ չլինի, իսկ շահարկման դաշտը մեծ է. «Այս հարցը մի քիչ ավելի լուրջ մոտեցում է պահանջում»։

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցը շատ զգայուն համարեց՛ նշելով, որ սա հայրենասիրության հարց չէ, և սրեր ճոճել չարժե. «Ես, եթե գնաց քվեարկության, բնական է, կողմ եմ քվեարկելու, բայց կոչ եմ անում մեր գործընկերներին՛ հնարավորություն ստեղծել, որ այս հարցն այս դահլիճում չքննարկվի, զուտ հաշվի առնելով շահարկումները մեր լավը չցանկացողների կողմից։ Խնդրում եմ՛ եթե հնարավորություն կա, սա այսօր չքվեարկվի»։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս հայտարարեց, որ, եթե քվեարկության դրվի, իրենք չեն մասնակցի։

ՀԱԿ խմբակցության անունից Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իրենք ի սկզբանե պաշտպանել են Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքը, բնականաբար, կարող են միայն կողմ քվեարկել այս նախագծին, բայց միայն այն ժամանակ, երբ համոզվեն, որ դա ոչ թե խանգարում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, այլ նպաստում է դրան, իսկ այս պահին դա վնաս կտա, հետևաբար՝ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համակարծիք էր գործընկերների հետ՝ հարցն այսօր չպետք է քվեարկվի. «Մենք երբեք չենք կարող դեմ լինել Ղարաբաղի ճանաչմանը, բայց դա պետք է կատարվի միասնական, և չի կարող միակողմանի լինել, և բանակցողները պետք է ասեն՝ երբ է հարմար պահը։ Սա մեր զինանոցում պետք է լինի»։
ԲՀԿ խմբակցության անդամ, Վարդան Օսկանյանի կողմից հիմնադրվելիք «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը կոչ արեց քննարկումը տեսական վեճի չվերածել, և նշեց, որ այսօր այս օրինագիծը քվեարկության դնելը կոպիտ սխալ և ամենամեծ հարվածը կլինի, քանի որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է։

Նախագծի համահեղինակ Հրանտ Բագրատյանը հավաստիացրեց, որ այնպիսի հիմնավորումներ կան, որ եթե լսեն, կողմ կլինեն։ Ըստ նրա՝ այսօր ընդամենը քվեարկելու են հարցն ԱԺ օրակարգ մտցնելու համար։ Նա առաջարկեց կողմ քվեարկել, որ մտնի օրակարգ. «Ոչ մի կատաստրոֆիկ բան չկա, թող մտնի օրակարգ, կորոշենք՝ երբ քննարկենք»։

Նախագծի մյուս համահեղինակ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր էլ սահմանին պատերազմ է ընթանում. «Պատերազմը մեր դուռը թակել է, և մենք պատերազմում ենք։ Իրավիճակն իրապես փոխված է, այն, որ մենք ճանաչենք կամ չճանաչենք, դրանով պատերազմական գործողությունները չեն կանխվելու»։ Նա նշեց, որ ՌԴ-ն այսօր խնդիր է դրել՝ ԵՏՄ ներքաշել Ադրբեջանին, իսկ դրա գինն Արցախի հողերն Ադրբեջանին տալն է. «Պատերազմը կկանխվեր, եթե չլիներ ԵՏՄ-ն»։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց հարցն ընդգրկել մեծ օրակարգ և ըստ բանակցությունների ընթացքի, երբ նպատակահարմար կլինի, դնել քննարկման։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից հայտարարեց, որ ԼՂՀ ճանաչումը բոլորի նպատակն է, սակայն հորդորեց ձեռնպահ մնալ և հետևել քաղաքական զարգացումներին, իսկ պատեհ պահին հարցը կդրվի քննարկման։

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն էլ չի մասնակցի այս քվեարկությանը. «Երբ պատեհ պահը գա, ընդամենը կես ժամվա խնդիր է, որ մենք հավաքվենք ու խնդրին լուծում տանք»։
Ի վերջո, «Արցախը ճանաչելու մասին» օրինագիծն ԱԺ օրակարգ, ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց ընդամենը 12 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չեղավ, այդպիսով՝ որոշումը չընդունվեց։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս