«Հայաստանը Վրաստանի հետ հարաբերություններում բառերից գործողությունների չի անցնում»

«168 Ժամի» զրուցակիցն է Վրաստանում գործող «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյան

– Պարոն Ստեփանյան, Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ Հայաստանի ընտրությունը որոշում է այդ երկրի հետ Վրաստանի համագործակցության մակարդակը՝ բարեկամական, բայց ոչ՝ ռազմավարական։ Նա դա ասել է ադրբեջանական Գաբալայում օրերս տեղի ունեցած Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նաև հայտարարվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մարտունակության և մարտական պատրաստության բարձրացման նպատակով անցկացվելիք համատեղ զորավարժությունների մասին։ Ստացվում է, որ Հայաստանի ՀԱՊԿ և ԵՏՄ անդամակցությունը խոչընդոտո՞ւմ է հայ-վրացական կապերի զարգացմանը, քանի որ բարձրագույն ղեկավարության մակարդակով կասկած է արտահայտվում հայ-վրացական հարաբերությունների մակարդակի վերաբերյալ։

– Առաջին հերթին՝ կցանկանայի նշել, որ ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցությունը, չնայած Հայաստանի ու Վրաստանի հակադիր աշխարհաքաղաքական ընտրություններին, հաջողվում է, հաջողվում է առաջ մղել՝ համատեղ ուսմնավարժանքներ, ծրագրեր են կազմակերպվում, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ծրագրերում են Հայաստանն ու Վրաստանը համատեղ աշխատում, այստեղ կա համագործակցություն, որքան որ հնարավոր է։ Վրաստանը ՀԱՊԿ ձևաչափի մասնակից չէ, չի էլ լինի տեսանելի ապագայում, ուստի այս ձևաչափում չկա համագործակցություն։ Ադրբեջանը շատ ավելի ակտիվ է այդ ոլորտում, քանի որ համագործակցում է Թուրքիայի հետ, որն ամենուր լոբբինգի է ենթարկում Ադրբեջանի շահերը։

Այս ձևաչափում Վրաստանն ավելի շատ շահեր ունի, բնականաբար, քանի որ ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցության։ Վրաստանի համար ավելի հեշտ է Ադրբեջանի հետ աշխատել։ Սակայն կրկնեմ, որ չնայած Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությանը՝ Հայաստանին հաջողվում է ծրագրեր իրականացնել ՆԱՏՕ-ի, Վրաստանի հետ, ինչը վատ չէ, կարծում եմ։ Հայաստանը չպետք է նախանձախնդրորեն վերաբերվի Ադրբեջան-Վրաստան համագործակցությանը և հարաբերություններին, քանի որ ՀՀ իշխանության ընտրությունն է եղել՝ միանալ ՀԱՊԿ-ին, և այս առումով հայկական կողմը չպետք է պահանջներ ներկայացնի Վրաստանին։ Իրողություններն այսպիսին են, որոնց կարելի էր սպասել, կանխատեսել, այնպես որ, բնական է ստեղծված պատկերը։

– Շատ է քննադատվում և հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակի պատասխանատվությունը դրվում Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի ոչ պրոֆեսիոնալիզմի վրա։ Ինչպես եք գնահատում մեր դեսպանության աշխատանքը։ Կա՞ արդյոք դեսպանատան մեղավորությունը, որ հայ-վրացական հարաբերությունները չեն հասնում զարգացման ավելի բարձր մակարդակի։

– Այո, շատ է քննադատվում։ Ճիշտ կլիներ փաստարկներով քննադատել, չեմ կարող ավելի մանրամասնորեն խոսել, քանի որ տեղեկացված չեմ դեսպանատան գործունեությունից, որպեսզի ավելի կոնկրետ խոսեմ։

– Հայաստանի կողմից արվո՞ւմ է հնարավորը, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը չխոչընդոտի հայ-վրացական հարաբերություններին։

– Դժվար է այնպես անել, որ չխոչընդոտի, բայց դա այն բաժանարար գիծը չէ, որը կարող է հանգեցնել հայ-վրացական հարաբերությունների կոլապսին, այսինքն՝ ինչպես ժամանակը ցույց տվեց, դա այն թեման չէր, որը կարող էր փչացնել հայ-վրացական հարաբերությունները։ Վրաստանը շատ լավ հասկանում է՝ ինչու Հայաստանը կատարեց նման ընտրություն, Հայաստանում հասկանում են՝ ինչու Վրաստանն ընտրեց այդ ուղղությունը։

Որքանով ինձ է հայտնի, երկու երկրների քաղաքական էլիտաները փորձում են, ելնելով ներկայիս իրողություններից, զարգացնել հարաբերություններն այն կետերում, որոնք կան այժմ։ Չեմ կարծում, որ հայ-վրացական հարաբերությունները կփչանան։ Թեև դա չի նշանակում, որ հարաբերությունները կզարգանան նույնքան ինտենսիվ, ինչպես Վրաստանի հարաբերություններն այն երկրների հետ, որոնք այլ ընտրություն են կատարել։

– Վրաստանի գործընկերությունն ինտենսիվ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ինչը ժամանակ առ ժամանակ հայ հասարակության շրջանում որոշակի մտահոգություններ է առաջացնում։ Ըստ Ձեզ՝ այս հարցում ՀՀ իշխանություններն ի՞նչ անելիք ունեն, որպեսզի այդ համագործակցությունն ավելի անվտանգ դառնա հայկական կողմի համար։

– Սպառնալիք չեմ տեսնում, քանի որ այս երկրներն աշխատում են համատեղ, քանի որ ունեն զարգացման նույն ուղղությունը։ Ընդհանուր կպատասխանեմ այդ հարցին՝ Հայաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ արդյունավետ չէ։ Ինչպես երևում է, Հայաստանը բառերից դուրս պրակտիկայում գործողությունների չի անցնում, ուշադրություն չի դարձնում Վրաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը։ Ինչպես գիտենք, Հայաստանի անվտանգության կոնցեպտում ամրագրված է, որ Վրաստանի հետ հարաբերությունները ռազնավարական են, այնինչ պրակտիկայում դա չի երևում, չի երևում, որ Վրաստանն ու Հայաստանն այլ հետաքրքրություն ունեն, քան տրանզիտի պահպանումը։ Հայկական համայնքի նկատմամբ վերաբերմունքը ևս անարդյունավետ է, չէ՞ որ Վրաստանն այլ երկիր է,այստեղ համայնքի հետ կապված այլ աշխատանք պետք է տարվեր։ Բայց կիրառվում է կառավարման այն համակարգը, ինչ Հայաստանի ներսում։

Տեսանյութեր

Լրահոս