
Հայկական կողմերին անհրաժեշտ է կիրառել միջազգային իրավունքում գործող rebus sic stantibus (իրավիճակի արմատական փոփոխություն) սկզբունքը. Մարիամ Մարգարյան

Քաղաքագետ Մարիամ Մարգարյանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Սարգսյան-Ալիև հանդիպմանը և բանակցությունների հնարավոր վերսկսմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կարող է տեղի ունենալ Սարգսյան-Ալիև հանդիպում:
Ապրիլյան պատերազմը արմատապես փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Ադրբեջանի իշխանությունների տարիներ ի վեր վարած ապակառուցողական քաղաքականությունը և նեկրոֆիլ գործողությունները ապացուցում են, որ նրանք չեն պատրաստվում «պատերազմի հարացույցը» փոխարինել «խաղաղության հարացույցով»:
Դա հանգեցնում է այն եզրակացության, որ հայկական կողմերին անհրաժեշտ է կիրառել միջազգային իրավունքում գործող rebus sic stantibus սկզբունքը (իրավիճակի արմատական փոփոխություն), և որդեգրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս սահմաններով ճանաչման քաղաքականություն:
Ապակառուցողական քաղաքականության, նեկրոֆիլիայի և զավթողական ամբիցիաների վառ օրինակ է ադրբեջանցի դեպուտատի կոչը՝ Զանգեզուրը միացնել Ադրբեջանին:
Ստեղծված պայմաններում հայ կառավարող էլիտայի և ամբողջ Հայության առջև կանգնած են հետևյալ խնդիրները.
- Չհամաձայնվել բանակցություններ վերսկսել առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի, ով կունենա մասնակից կողմերի հետ հավասար իրավունքներ:
- Չգնալ որևէ տարածքային զիջումների, քանի որ այդ քայլը միայն կբացի թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը՝ ստեղծելով անվտանգային նոր խնդիրներ Հայության համար: Բացի դրանից, ինչ փոխզիջման մասին է խոսքը, երբ մենք արդեն զիջել ենք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը և Դաշտային Ղարաբաղը:
- Շարունակել ակտիվորեն բարձրացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Դաշտային Ղարաբաղի ազատագրման խնդիրը:
- Տարածված հայտարարության մեջ խոսվում է «վստահության վերականգնման» մասին: Սակայն վստահությունը չի կարող վերականգնվել, քանի դեռ միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում կողմերի միջև, իսկ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը:
- Նշված պայմանները պետք է հանգեցնեն Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը:
Ամբողջ աշխարհի Հայությունը չպետք է մոռանա իր պատմական դառը փորձը և գիտակցի, որ ՄԵՆՔ ենք մեր անվտանգության երաշխավորը…»:
Պատրաստեց 168.am-ը