«Եթե Մինսկի խումբը շահագրգիռ է խաղաղության պահպանմամբ, ապա թող առանց հայկական կողմի առաջադրած պայմանների կատարման՝ հանդիպում չկազմակերպի». Ստյոպա Սաֆարյան

«Հայաստանի Հանրապետության առաջադրած պայմանները քմահաճույք չեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը: «Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել հաջորդ շաբաթ Վիեննայում այդ հանդիպման կայացմանը: Նրանց հիմնական առաջադրանքը լինելու է հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու վստահության միջոցների համաձայնեցմանը հասնելը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն համապարփակ կարգավորման մասին բանակցությունների վերսկսման համար՝ հենված քննարկվող տարրերի ու սկզբունքների վրա:

Բանակցություններում որևէ հաջողության մասին խոսք լինել չի կարող, եթե բռնությունը շարունակվի, և չի կարող լինել որևէ խաղաղություն՝ առանց բանակցային գործընթացի:

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ գոյություն չունի հակամարտության ռազմական լուծում»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք նաև, որ ավելի վաղ հայկական կողմը ներկայացրել էր դիրքորոշումը բանակցային գործընթացին վերադառնալու համար` վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա ագրեսիայի ու ահաբեկչության Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Հայաստանի առաջադրած երեք պայմաններն ամենևին քմահաճույք չեն, այսինքն` պատերազմի բացառումը բանակցությունների ընթացքի համար շատ կարևոր պայման է, և այս առումով՝ անվստահության միջավայրում, իսկ պատերազմը դրա վկայությունն է, բանակցությունները եթե անգամ սկսվեն, հաջողություն ունենալ չեն կարող:

Ուստի, Սաֆարյանի կարծիքով, Հայաստանը պետք է շարունակի բացատրել, որ զորքերի ետքաշումը, կրակոցների դադարեցումը, մեխանիզմների ամրագրումը պարզապես ոչ թե՝ նախապայման է, այլ՝ անհրաժեշտ պայման: «Դրանք հայկական կողմի պայմանը չեն, այլ բանակցությունների համար ներկայացվող կենսական նշանակության պայմաններ, հետևաբար՝ Երևանը քմահաճույք չի ցուցաբերել, արտառոց նախապայման չի դրել բանակցությունների համար, եթե ցանկանում են վերականգնել բանակցային ձևաչափը, այդ առումով, անշուշտ, պետք է բանակցությունների համար պայմաններ ապահովվեն»,- ասաց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, ապա, նրա խոսքով, ՀՀ-ն պետք է պարզի` արդյո՞ք այդ բանակցություններին մասնակցելու է ԼՂՀ-ն, թե՞ ոչ, որովհետև Ադրբեջանը հարձակվել է ոչ թե՝ Հայաստանի, այլ՝ ԼՂՀ-ի վրա: «Հետևաբար, եթե ԼՂՀ-ի վրա է հարձակվել, ինչո՞ւ է բանակցում Հայաստանի հետ: ԼՂ-ի ներգրավման հարցի լուծումը ևս պետք է ապահովել, և վերջապես, շատ կարևոր է, որ Հայաստանն այլևս իրավունք չունի կարգավիճակի հարցը ետևում թողնել, դա քննարկման առաջին խնդիրը պետք է լինի»,- նման կարծիք հայտնեց Ստեփան Սաֆարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խումբը պայմաններ առաջ քաշում, եթե հայկական կողմը կարևոր պայմաններ էր առաջ քաշել, նա արձագանքեց՝ ասելով. «Հանդիպում՝ հանուն հանդիպման. ոչինչ չի տալիս, որևէ բան չի փոխելու, ավելին, դրանք ուղեկցվում են ռազմական արկածախնդրություններով, և, եթե ՄԽ-ն շահագրգիռ է խաղաղության պահպանմամբ, ապա ավելի լավ է՝ առանց այդ պայմանների հանդիպում չկազմակերպի, ի՞նչ կարիք կա նոր սադրանքի փուլ բացել, եթե դրա բացառման մեխանիզմները չկան:

Պարզապես ես տեղյակ չեմ, թե ինչ պայմաններ է դնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումների ընթացքում, եթե տեղյակ լինեի զրույցների բովանդակությանը, կպատասխանեի Ձեր հարցին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որևէ խնդիր հետևողականորեն չի բարձրացվում: Սերժ Սարգսյանի դիտարկումները նպատակներ են, որոնց հասնողը պետք է լինի ԱԳ նախարարությունը, ի՞նչ է անում, չի անում, չեմ կարող ասել: Փաստն այն է, եթե անում են, լավ չեն անում, քանի որ արդյունքները տեսանելի չեն, եթե չեն անում, պետք է բացատրություն տան, թե ինչու չեն անում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս