«Ընտրական իրավունքը շատ շուտ փչացող իրավունք է, դրա հետ պետք է շատ նուրբ վարվել». Արտակ Զեյնալյան

Ընտրական վեճերի կարգավորումը յուրահատուկ և նուրբ ոլորտ է, և պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մի կողմից դրանք դասական վեճեր են, և պետք է ենթարկվեն պաշտպանիչ մեխանիզմներին: Մյուս կողմից ժամանակը շատ սուղ է, և այդ ընթացքում պետք է ընդունվեն որոշումներ:

Այս մասին այսօր ընտրական վեճերի կարգավորում թեմայով քննարկման ընթացքում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ դասական իմաստով առումով երկու կարևոր մեխանիզմներն էլ գործում են՝ վարչական և դատական բողոքարկումներ, սակայն հաշվի առնելով առանձնահատկությունները՝ օրենսդիրները որոշ դեպքերում գնում են այս կամ այն եղաակի սահմանափակման:

«Դրանով պայմանավորված՝ ընտրական օրենսգիրքն ամրագրել է, որ թեև վեճերի կարգավորման հիմնական սկզբունքներն ամրագրված են վարչական վեճերի պարագայում, վարչական վարույթի բոլոր հիմնական սկզբունքներն են, բայց կան որոշակի առանձնահատկություններ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ անդրադարձել են Վենետիկի հանձնաժողովի դիտարկմանը, որ հաշվի առնելով այն, որ կարճ ժամանակահատվածում պետք է որոշումները կայացվեն, որոշ դեպքերում բողոք ներկայացնելու համար ժամանակահտվածը շատ կարճ է, կատարել են մի քանի քայլ. «Սա այն դեպքն է, երբ առաջին հայացքից կարող է թվալ 1-2 ժամվա փոփոխությունը շատ բան չի տալիս, բայց իրականում տալիս է, իսկ որոշ դեպքերում մենք մինչև 15 ու կես ժամ երկարացրինք բողոք ընդունելու ժամկետը»:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ եթե նույն հարցը գտնվում է թե դատական ատյանում, թե վարչական մարմնի ատյանում, ապա վարչական վարույթը կարճվում է:
Իրավաբան Արտակ Զեյնալյանն ասաց, որ ընտրական իրավունքը շատ շուտ փչացող իրավունք է, դրա հետ պետք է շատ նուրբ վարվել, այլապես այն կորցնում է իր նշանակությունը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր է ստանալ ստորագրված ընտրական ցուցակները, Արտակ Զեյնալյանն ասաց, որ հարցը քննարկվել է դեռևս 2007թ., այն նաև քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանում.

«Հավաստիացվել է, վստահեցվել է, որ եթե կա վեճ քվեարկությանը մասնակցած կամ չմասնակցած անձանց վերաբերյալ, ապա այդ ընտրական ցուցակները պետք է լինեն մատչելի շահագրգիռ անձանց համար՝ վստահված անձանց համար, դիտորդների համար և այլն: Սակայն մեզ որևէ անգամ չի հաջողվել այն ստանալ: Եթե եղել է վեճ, ապա նաև դատական կարգով այն հնարավոր չի եղել ստանալ: Արդյոք սա իրագործելի՞ իրավունք է եղել, եթե բազմաթիվ փորձեր են եղել, և որևէ մեկը չի հաջողվել: Կարծում եմ՝ մտածելու տեղիք կա, որ այն անիրագործելի իրավունք է եղել: Սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկում ասել է, որ շատ կարևոր է նաև ընտրական օբյեկտիվ իրավունքի պաշտպանությունը, թե որքանով է այն պաշտպանված, որքանով է իրացված:

Թե թեկնածուները, թե նրանց վստահված անձինք, թե նույնիսկ դիտորադական առաքելությունները կարող են ի վերջո կարող են համաձայնության գա, բայց դա չի նշանակում, որ եթե նրանք իրար մեջ չունեն տարաձայնություն կամ հայտարարել են, որ ընդունում են ընտրության արդյունքները, ապա ամբողջությամբ իրացված է ընտրական օբյեկիվ իրավունքը: Այդ պատճառով մենք շարունակում ենք պնդել, որ ընտրական իրավունքի պաշտպանության տեսակետից չափազանց կարևոր է ստորագրված ցուցակների հրապարակումը: Դա այն միջոցն է, որը մենք տեսնում ենք՝ հնարավոր է բերի հավատի վերականգման ընտրության արդյունքների նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս