Ահա թե ինչ է նշանակում «ի՜նչ դժբախտ եմ» հոգոցը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Կան բաներ, որոնք հավասարապես վերաբերում են թե՛ ազգերին եւ թե՛ անհատներին: Պարզապես վերջինների օրինակով հոգեբանական մեխանիզմները բացատրելն ավելի հեշտ է, քան այն դեպքում, երբ խոսք է գնում մարդկանց խմբերի մասին: Այն, ինչ ես հիմա կգրեմ խոսքի մոգական ազդեցության մասին, կարելի է կիրառել թե անձնական եւ թե ազգային մակարդակով: Դուք, օրինակ, ասում եք` «որքան դժբախտ եմ ես»: Դա իրականում նշանակում է` ես ինքս ինձ ինչ-որ հանգամանքների կամ ինչ-որ մարդկանց զոհ եմ համարում: Ես լցված եմ խղճահարությամբ իմ անձի հանդեպ եւ գուցե ենթագիտակցորեն սպասում եմ արտաքին ազդակների, որոնք եւս մեկ անգամ կապացուցեն, որ ես իսկապես հիմքեր ունեմ ինքս ինձ խղճալու: Ես, կարծես, խնդրում եմ ինձ հանդիպած մարդկանց` «մի հատ վիրավորեք ինձ, որ ես ինձ ավելի դժբախտ զգամ»:
Ես կփնտրեմ նաեւ ինձ նման դժբախտ մարդկանց, որպեսզի մենք միասին ողբանք կյանքի անարդարությունից: Դա ուղիղ ճանապարհ է` կյանքը դժոխք սարքելու: Ահա թե ինչ է նշանակում «ի՜նչ դժբախտ եմ» հոգոցը: Եթե դուք ասում եք` «ես չեմ կարող դա անել», դուք դա չեք էլ փորձի անել կամ կփորձեք՝ չանելու նպատակով: Նույնը՝ այլ հոգոցներ. եթե ասում եք` «ես քոսոտ եմ», ուրեմն այդպես էլ կա: Եթե ասում եք` «իմ բախտը երբեք չի բերում», դա էապես մեծացնում է հավանականությունը, որ դուք «վատ խաղաքարտ» եք քաշելու: Եվ որքան շատ դուք ձեր մասին կրկնեք այդ պնդումները, այնքան «կուժգնանա» դրանց մոգական ազդեցությունը: Ենթադրենք, մենք որոշել ենք ինքներս մեզ «չկախարդել»: Բայց մեզ ճիշտ նույն ձեւով փորձում են «կախարդել» ուրիշները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: