Բաժիններ՝

«Ակցենտով մեկն էր խոսում, կողքից ադրբեջաներեն խոսակցություն էր լսվում. հետո անցավ ռուսերենի՝ ասելով, որ հիմա կսպանի Սուրոյին»

«Հասնեք, առաջին պատահած անցորդից հարցրեք, թե որն է տումեցի Սուրոյենց տունը՝ ցույց կտան»,- ընկալուչի մյուս կողմից լսվում է Արեւիկի ձայնը։
Հասնում ենք Հադրութ, թե առաջին, թե երկրորդ եւ թե երրորդ պատահած անցորդները տխուր հառաչում են, բացատրում ինչպես հասնել Սուրոյենց տուն ու ափսոսանքով, գլխիկոր շարունակում ճանապարհը։

Սուրեն Մելքումյանն ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից է։ Արդեն 10 տարի է Մելքումյանների ընտանիքն ապրում է Հադրութում։ Փոքրիկ ծառայողական բնակարանից ներս մեզ դիմավորում է Արեւիկը՝ 4 որդիների հետ։

Փոքրիկ հյուրասենյակի կենտրոնական մասում այսուհետ Սուրենի անկյունն է՝ մեծադիր նկարը, գլխարկը, մանուշակներ։ «Սուրոյի միակ սիրելի ծաղիկներ են, ո՞վ կիմանար, որ հետո իր նկարի մոտ պետք է դնեմ»,-ասում է Արեւիկը։

Արեւիկն ու Սուրենը ծանոթության պատմություն չունեն, երկուսն էլ Տումի գյուղից են, հաճախել են նույն մանկապարտեզը, սովորել նույն դասարանում, ուսումը շարունակել Երեւանում, Սուրենը՝ Վազդեն Սարգսյանի անվան ինստիտուտում /այն ժամանակ վարժարան/, Արեւիկը՝ բժշկական քոլեջում։ Ո՞վ կիմանար, որ մանկության ընկերը կդառնար իր ամուսինն ու 4 որդիների հայրը։ «Չգիտեմ էլ ոնց ստացվեց, երբ արդեն պիտի նշանվեինք՝ ասացի, բայց ո՞վ ասաց, որ ես համաձայն եմ, ինքն էլ թե՝ բայց քեզ ո՞վ առաջարկություն արեց»,- արտասվախառը ժպիտով հիշում է Սուրենի կինը։

Գրեթե մի ողջ կյանք միասին ապրած ամուսիները միշտ էլ լավ ընկերներ են եղել, հասկացել իրար ու մտածել երջանիկ ծերության մասին։ «Մնացել էր մեկ ու կես տարի, պիտի զինվորական թոշակի անցներ, Տումիում հողամաս էր վերցրել, ասում էր կգնանք էնտեղ տուն կսարքենք, մեծ տուն, անասուններ կպահենք, բանջարանոց ու ինչքան ուզես ծաղիկ կաճեցնես։ Քաղաքն իրեն չէր ձգում․․․»,- իրենց այլեւս չիրականանալիք նպատակների մասին է պատմում Արեւիկը։

7956

Կնոջ խոսքով Սուրենը հյուրասեր էր, խնջույքների սիրահար, մինչ մի հյուրը կգնար՝ հաջորդն էր գալիս, չէր հասցնում սեղանը հավաքել, այն ժամանակ Արեւիկն այլ կերպ էր նայում դրան, հիմա մտածում է, որ ճիշտն էլ հենց դա էր․ «Երեւի գիտեր, որ կարճ է ապրելու»,-ասում է նա։

Սուրենը երբեք տանը ծառայությունից չէր խոսում, բանակի թեման քննարկվում էր փակ դռներից այն կողմ։

«Մարտի վերջին ժենգյալով հաց էի թխել, իր զինվորական ընկերոջ հետ նստեցին հյուրասենյակում ու դուռը փակեցին, դռան մյուս կողմից միայն լսեցի, որ սահմանից են խոսում, ադրբեջանական մասի այլախոս զինվորականներից ու կատակում, որ դրանք սպիտակ բոտոսներ են հագնում»,- հավանաբար հենց այդ վարձկանների մասին էր խոսքը, մտաբերում է Արեւիկը։

Ապրիլի 1-ին ամուսնու հետ վերջին անգամ խոսեց, այն վառ համոզմամբ, որ հերթական հերթապահությունը նորմալ կանցնի ու ամուսինը ինչպես միշտ 10-անց կգա տուն, նորից ուշանալով ընթրիքից։ Բայց այդպես էլ չեկավ իր Սուրոն։

7951

Սուրեն Մելքումյանը փոխանակվածների շարքում էր։ Սուրենի ընկերը՝ Արմեն Սեւյանն ապրիլի 4-ին վաղ առավոտից փորձում էր կապվել ընկերոջ հետ, սակայն չէր ստացվում ու հանկարծ Սուրենի համարից զանգ է ստանում։

«Մի պահ հանգստացա, ասացի ուրեմն ողջ է, բայց անծանոթի ձայնը զարմացրեց ինձ, հեռախոսի մյուս կողմից ղարաբաղյան բարբառով, բայց ակցենտով մեկն էր խոսում, կողքից ադրբեջաներեն խոսակցություն էր լսվում։ Հետո անցավ ռուսերենի, ասելով, որ հիմա կսպանի Սուրոյին»,- ադրբեջանցու հետ ունեցած խոսակցությունն է վերարտադրում Արմենը, հիշելով, որ հեռախոսի մյուս կողմից կրակոցների ձայն լսվեց, բայց համոզված է՝ օդում էր կրակում։ Արմենը չի հավատում որ իր «от души ախպերը» էլ չկա, հիշում է նրա հումորները․ «Մի բան, որ դուրը չէր գալիս ասում էր՝ «դաժան մի եղիր, խասյաթդ թող»։

Արմենի համար Սուրենի որդին՝ Հայկը փոքրիկ Սուրենն է․ «Շատ է նման, թե տեսքով, թե բնավորությամբ ու քայլվացքով»,-ասում է նա։

Ինչպես Արեւիկը, այնպես էլ իր որդիները անհայր կմեծանան, Արեւիկի հայրն էլ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել։ «Կմեծանան, ամեն ինչ լավ կլինի, միայն Սուրոն չկա։ Հրայրը /փոքր տղան-հեղ․/ երեւի լավ չի հասկանում ինչ է կատարվում, բակում խաղալիս, պատահում է մեկը մի բան է ասում, լացելով վազելով տուն է գալիս, դրա համար չեմ ուզում բակ գնա»,-ասում է Արեւիկը։

7957

Որդիներին Սուրենը զինվորականի պես էր դաստիարակում, տղաները պարտավոր էին հավաքել իրենց անկողիներն ու սենյակը։ Իսկ, երբ տղերքը չարաճճիություններ էին անում՝ ընկալուչի մյուս կողմից հայրը սաստում էր․ «Մի բառ ու վերջ, կարգ ու կանոնն ապահովված էր»,-հիշում է Արեւիկը։ Իսկ արդեն դրսում, Հայկը կիսվում է՝ «պապան ասում էր խելոք մնացեք, որ գամ լավ տեղ ենք գնալու»։ Իսկ լավ տեղը անտառն էր՝ հզոր ու անհաղթ։ Հայկը ցույց է տալիս իրենց տնից երեւացող անտառն ու ասում, որ հոր հետ բազմաթիվ անգամ եղել է այնտեղ։

Հիմա սաստող չի լինի, Արեւիկն առանց ամուսնու կմեծացնի իր հաղթանդամ տղերքին․ «Էն ժամանակ չէի մտածում, որ դժվար է 4 տղա մեծացնելը, Սուրոն խնդիրերի մեծ մասը լուծում էր»-ասում է նա։ Գրիգորը, Հայկը, Հարութը, մոր խոսքով, փոխվել են, ավելի հոգատար ու լսող են դարձել, իսկ փոքրիկ Հրայրը հաճախ գրկում է մորը, փսփսում ականջին։

7950

Սուրոն նկարից նայում է կարծես գոհ ժպիտով․«Կյանքում էլ էր էդպես՝ միշտ շատ բարձր ծիծաղում էր, այնքան, որ ասում էի հարեւաններին կխանգարես»։ Իսկ այդ ծիծաղն էլ չի հնչի․․․

Ամուսնու մահվանից հետո զորամասում եղած նրա իրեր են բերել։ «Միշտ ասում էր Աստված չկա, բայց, պարզվում է, լավ էլ հավատում էր, իր գրասեղանին զորամասում Աստվածաշունչ կար, դասավորված գրքերի մեջ»,-ասում է Արեւիկը։

Աստվածաշունչը ընթեցված էր, էջանշանն էլ «Որոմների առակ»-ի կողքին․ «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու․․․»։ Զորամասից նաեւ մեկ այլ իր են բերել, կախովի լվացարան, կնոջը հայտնել են, որ դա Սուրենի համար թանկ էր․ «Պարզվում է, ժանգոտած լվացարանը ներկել էր, կախում էր իրեն հարմար տեղում եւ լվանում ձեռքերը։ Կոկիկ էր ու մաքրասեր։ Հիմա իր լվացարանը իր անկյունում կլինի»,-ասում է Արեւիկը։

7955

Չորս որդիների մոր խոսքով՝ զինվորականի կին լինել նշանակում է կարգացուցակ ունենալ ու ամեն ինչ իր ժամին անել, հիմա Արեւիկը Սուրոյի նպատակներն է իրականացնելու․ «Ուզում էր էս սենյակը մեծացնել, որ մեծ հյուրասենյակ ունենանք։ Շինարարությունը պիտի գարնան վերջում սկսվեր։ Կանենք այնպես, ինչպես ինքն էր ուզում» ,- ասում է Արեւիկը ու ավելացնում, որ 10 տարվա իր հուշերն այդ ծառայողական բնակարանի հետ են կապված։

7949

Խոսակցության վերջում Արեւիկը պատմեց իրենց բարեկամի հիշեցրած մի պատմություն։ «Չնայած Սուրոյին տարուկես էր մնացել ծառայության, բայց միշտ ասում էր՝ ես մի բան պիտի անեմ, որ ինձ միշտ հիշեն»,-ասում է Արեւիկը։ Արեց, շրջափակման մեջ էին ընկել, մինչեւ վերջին փամփուշտը կռվեց ադրբեջանցիների գրաված հայկական դիրքում։ Հիմա նրան մոռանալ չի լինի։

Հ․Գ․ Միջանցքում, դռան մոտ Սուրոյի զինվորական ճտքակոշիկներն են, որով ամեն անգամ աշխատանքի էր գնում։ Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ կոշիկներն են սպասում իրենց տիրոջը, Սուրոն վերջին անգամ նոր գնած, տոնական ճտքակոշիկներով գնաց ծառայության։ Արեւիկն ասում է․ «Նույնիսկ ցեխն էլ չեմ ուզում մաքրել։ Թող մնա այնպես՝ ինչպես որ կա», Սուրոյի «ներկայությունը» միշտ կլինի։

7953

Հայելու մոտ այդպես էլ չբացված ծխախոտի տուփերն են, որ պատրանք են ստեղծում՝ Սուրոն դեռ պիտի բացի իր ծխախոտը»։

Մարիամ Սարգսյան
karabakh-open.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս