Հարկային նոր օրենսգիրքը կապահովի Հայաստանում կայուն քաղաքականություն. ԱՄՀ ներկայացուցիչ
Հարկային նոր օրենսգիրքը ենթադրում է պետության և տնտեսավարող սուբյեկտների միջև իրավական հարաբերությունների համալիր բարեփոխումների իրականացում, որոնց կյանքի կոչելը պահանջում է բավականին լայնածավալ աշխատանքի իրականացում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբանը: Նա նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար, հետևաբար` փաստաթղթի մասին հանրային իրազեկվածության ապահովումն
առաջնային խնդիր է:
«Հայաստանի անկախացումից ի վեր հարկային դաշտի կարգավորման բազում օրենսդրական ակտեր են շրջանառության մեջ մտել` ինչպես կառավորության որոշումների, այնպես էլ այլ նախաձեռնությունների տեսքով: Արդյունքում, երբեմն այս օրենսդրական ակտերի միջև էական տարբերություններ ու հակասություններ են ի հայտ գալիս, որոնք խնդիրներ էին առաջացնում տնտեսավարողների համար: Դրանց ներդաշնակեցման անհրաժեշտությունից էր բխում Հարկային նոր օրենսգրքի մշակումը: Նոր օրենսդրական նախաձեռնությունը ոչ միայն պետք է բավարարի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացումը, այլև այն դարձնի առավել թափանցիկ ու կանխատեսելի` համապատասխանեցնելով համակարգը միջազգային չափանիշներին, ինչն, առաջին հերթին, կնպաստի բիզնեսի զարգացմանը»,- շեշտեց ԱՀԿ ներկայացուցիչը:
Բնականաբար, ցանկացած իրավական ակտ, հատկապես` հարկային քաղաքականության ոլորտում, ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում: Սակայն, ըստ Տերեսա Դաբանի, միջնաժամկետ հեռանկարում նոր Հարկային օրենսգիրքը կապահովի Հայաստանում կայուն հարկային քաղաքականություն:
«Ընդհանուր առմամբ, հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները անորոշություն են առաջացնում տնտեսվարողի մոտ, ինչը բացասական է ազդում ընդհանուր տնտեսության վրա: Կայուն օրենսդրական հենքն անհրաժեշտ պայման է նման
տատանումներից խուսափելու համար: Այն օգնում է համակարգն առավել արդար դարձնել` ապահովելով երկրի բյուջետային ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները` առանց տնտեսավարողների համար խնդիրներ առաջացնելու:
ՀՀ կառավարությունը և քաղաքացիական հասարակությունն արժանի են գովասանքի, քանի որ Հարկային օրենսգիրքը մշակվեց հանրային քննարկումների արդյունքում. նման մոտեցում քիչ երկրներում ենք տեսել»,- հավելեց բանախոսը:
Հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Փայլակ Թադևոսյանի խոսքով` նոր օրենգիրքը ոչ միայն ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, այլև գործարար համայնքի լայնածավալ քննարկումների արդյունք է:
Ներկայումս հարկային քաղաքականությունն ամրագրված է ու կարգավորվում է բազում օրենսդրական ակտերով, ՀՀ կառավարության որոշումներով. նոր օրենսգիրքը
կլինի միասնական փաստաթուղթ, որը ավելի հստակ կերպով է կազմակերպելու պետության ու տնտեսավարողի միջև հարաբերությունները:
«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանը հավելեց, որ փաստաթուղթը միասնական, մեծ փաթեթով սահմանում է խաղի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն պետությունն ու հարկ վճարողը: Տարբեր փաստաթղթերում ցաք ու ցրիվ եղած իրավական ակտերի ու պաշտոնական պարզաբանումների փոխարեն մեկ ընդհանուր փաստաթուղթ` հիմնված երկու հիմնարար
մոտեցումների վրա:
«Առաջինը` կոնցեպտուալ խնդիրներն են, որոնք բարձրացվել են քննարկումների ժամանակ և իրենց լուծումը գտել նոր փաստաթղթում: Դրանք վերաբերում են տոկոսադրույքներին, հարկման բազային, հարկ վճարողների շրջանակին,
արտոնություններին ու դրանց սահմանմանը և այլն: Երկրորդը` առավել մասնագիտական մոտեցումներն են` կոչված կանխելու վարչարարական խնդիրները, պարզեցնելու հաշվառումն ու շփումը հարկատուի և հարկերը հավաքագրող մարմնի միջև»,- հավելեց
նա: