«Հերմինե Նաղդալյանի հայրենասիրության վրա դույզն-ինչ կասկած չունեմ». Լևոն Մարտիրոսյան

«Բանակցային գործընթացի սկզբունքները հայտնի են եղել հենց սկզբից, և ամենասկզբից էլ ասվել է, որ քանի դեռ սեղանին դրված վերջնական փաստաթուղթ չկա, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նախնական կամ ընթացիկ փուլում կարգավորման մասին չարժե խոսել»,- այս մասին այսօրվա ասուլիսին նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հրադադարի հաստատման նոր համաձայնագրի կարիք չկա, քանի որ գործող փաստաթուղթն այն եզակիներից է, որտեղ առկա է ԼՂՀ-ի ստորագրությունը. «Այդ փաստաթղթի հիման վրա է, որ 22 տարի քիչ թե շատ հրադադար է պահպանվել, և չեմ կարծում, որ մենք պետք է գնանք որևէ նոր փաստաթղթի ստորագրմանը: Նոր փաստաթուղթը ձեռնտու կլիներ Ադրբեջանին, բայց ոչ հայկական երկու կողմերին: Մենք պետք է պնդենք, որ որոշակի երաշխիքներ տրվեն հրադադարի պահպանման առումով, քանի որ վաղ թե ուշ հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և փորձեն խաղաղություն հաստատել: Սրան այլընտրանք չկա»:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեպի Բաքու այդպես էլ չկայացած այցին՝ Լևոն Մարտիրոսյանը նշեց՝ ինչպե՞ս կարելի էր պատկերացնել, որ մայիսի 9-ի տոնական օրը նա գնար Բաքու. «Դա մի տեսակ ծիծաղելի է, որ ընդհանրապես այս հարցը քննարկվում է»:

Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի՝ Արցախի ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու հայտարարությանն ու դրան հետևած բուռն քննարկումներին անդրադառնալով՝ ասաց, որ հանրային բուռն քննարկումներ, իր կարծիքով, չեղան, եղան Facebook-ի մի քանի գրառումներ, որոնք նա բուռն քննարկում չի համարում. «Հերմինե Նաղդալյանին շատ հարգում եմ, ու նրա հայրենասիրության վրա դույզն-ինչ կասկած չունեմ»:

Կարդացեք նաև

Խոսելով բուհերում տարկետման իրավունքի վերացման հարցի մասին՝ նա ասաց, որ բոլորը պետք է քննարկեն, որոշում կայացնեն, ոչ միայն ԱԺ-ն՝ որպես պաշտոնական մարմին. «Որպես հասարակություն՝ մենք պետք է փոխհամաձայնության գանք՝ ինչ ձևաչափով ենք մեր ԶՈՒ-ն կազմավորում: Բոլոր տարբերակներն էլ հասկանալի են, ընդունելի և քննարկելի: Փաստ է այն, որ սա տարբերակներից մեկն է»:

Տեսանյութեր

Լրահոս