Բաժիններ՝

«Փոքրիկ ձնագունդը կվերածվի ձնամրրիկի՝ իր ճանապարհին մաքրել-տանելով պատահած ամեն ինչ». Ալեքսանդր Աթանեսյանը՝ կինոյի խնդիրների մասին

Հայազգի ռեժիսոր և սցենարիստ, ռուսական կինոլորտի պրոդյուսեր Ալեքսանդր Աթանեսյանը «Կինոտավր» կինոփառատոնի գլխավոր պրոդյուսերն ու «Անգել ֆիլմ» ոչ կոմերցիոն ինքնավար ընկերության գլխավոր տնօրենն էր, ինչպես նաև Ռուսաստանի կինոպրոդյուսերների ասոցիացիայի, Ռուսաստանի «Նիկա» կինոմշակույթի ակադեմիայի, Կինեմատոգրաֆիստների միության խորհուրդների անդամ, Մոսկվայի կինոմատոգրաֆիստների միության քարտուղար: Օրերս նա հայկական լսարանի հետ կիսվել է ժամանակակից կինոարդյունաբերության տենդենցների, թերի ու բացակա, ինչպես նաև՝ առաջատար կողմերի մասին:

168.am-ը ներկայացնում է Ալեքսանդր Աթանեսյանի «Ռեժիսուրան և ժամանակակից կինոն» թեմայով վարպետության դասը, որին մասնակցում էին մասնագիտական բուհերում սովորող ուսանողներ, ֆիլմարտադրության ոլորտի մասնագետներ, կինոմաններ և մամուլի ներկայացուցիչներ:

«Խորհրդային կինոդպրոցը մի առանձնահատկություն ուներ` «Արա այնպես, ինչպես ես»»

Atanesyan (4)

Կարդացեք նաև

– Խորհրդային կինոդպրոցը մի առանձնահատկություն ուներ, որ մինչև հիմա արդիական է պոստսովետական մի շարք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և այլուր: Գալիս էր Վարպետը և սովորեցնում՝ պետք է նկարել այնպես, ինչպես ես եմ նկարում: Սա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, հատկապես՝ արդեն 21-րդ դարում: Դու չես կարող ստեղծել ինքնուրույն իսկական կինո՝ նկարելով այնպես, ինչպես Փարաջանովը, Տարկովսկին, Սոկուրովը և այլք: Հենց իրենք, օրինակ՝ Տարկովսկին, ինքն էլ չէր կարող նկարել այնպես, ինչպես Փարաջանովն էր նկարում, և՝ հակառակը: Այս թեզը, անշուշտ, արդյունավետ է միայն մի պարագայում, երբ յուրացնում ես տեխնիկական կինոյի գաղտնիքները՝ ինչպե՞ս դնել կադր, ի՞նչ է ռակուրսը, ինչպե՞ս կառուցել միզանսցենները, ինչպե՞ս մոտաժել, ինչպե՞ս աշխատել դերասանի, օպերատորի հետ, և այլն: Վերը թվարկածներս, իհարկե, կարելի է սովորել, որից հետո արդեն յուրաքանչյուր ռեժիսոր ընտրում է իր ուղին, միայն իրեն հատուկ ձեռագիրը: Եթե անդրադառնանք համաշխարհային կինոդպրոցների ուսումնական կառուցվածքին, ապա պետք է փաստենք, որ նրանք գործում են հետևյալ սկզբունքի վրա՝ «Արա այն, ինչ ցանկանում ես, իսկ ես քեզ կհուշեմ՝ ինչպես անել, որ քո ուզածը լինի ճիշտ»:

«Մարդիկ այսօր ուզում են տեսնել իրենց գլխին թափվող՝ պարզունակ սյուժեներով նկարահանված ֆիլմեր»

– Ամենաարդյունավետ կինոարտադրության տեմպերն այսօր կարողանում է ապահովել միայն հնդկական կինոն: Պարզապես նրանք ստեղծում են լայն սպառման կինո: Մի կողմից՝ այս տեսակի կինոն հենված է շատ պարզունակ կենցաղային և մարդկային պատմությունների հիմքի վրա, և բոլորովին էական չէ՝ նկարում եք դուք art house՝ հեղինակային կինո՞, մեյնսթրի՞մ, թե՞ այդ բոլորի միաձուլումը, միևնույն է, հիմքում պարտադիր է ունենալ նորմալ մարդկային կյանքի պատմություն: Եթե բացակայում է զուտ մարդկային կյանք ներկայացնող պատմությունը, ապա գործ ենք ունենում բոլորովին այլ բանի՝ կինոլաբորատորիայի հետ, որը լեզվի ֆորմաների և նույնիսկ ասելիքի փնտրտուք է:

Atanesyan (2)

Այդպիսի ֆիլմերը, որպես կանոն, իրենցից հետաքրքրություն են ներկայացնում միայն որոշակի կինոփառատոներում: Սա արդեն բոլորովին այլ քննարկման թեմա է, որովհետև, ցավոք, հեղինակային կինոն այսօր լայն մասսաների կողմից պարզապես պահանջված չէ, և սա փաստ է: Մարդիկ այսօր ուզում են տեսնել իրենց գլխին թափվող՝ պարզունակ սյուժեներով նկարահանված ֆիլմեր, որի դեմ պայքարի արդյունավետ միջոցների փնտրտուքը դեռևս գտնված չէ: Սրա վառ ապացույցն այն է, որ նույնիսկ մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների 90 տոկոսն ի վիճակի չի ավարտելու Շեքսպիրի «Համլետ» ողբերգության հայտնի մոնոլոգի առաջին տողից ավելին՝ «Լինե՞լ, թե՞ չլինել, այս է խնդիրը» … և այստեղ նրանց մեծամասնության մոտ մոնոլոգն ավարտվում է…

«Եվ որքան էլ տարբեր երկրներ չպարծենան իրենց ազգային մշակույթի տարրերով, միևնույն է՝ ամենուր առկա է համաշխարհային մշակույթն արդիականացնելու լուրջ խնդիր»

– Ամենաբարդ հարցը, որն այնուամենայնիվ ծառացած է ժամանակակից կինոյի առջև, հետևյալն է՝ ի՞նչ նկարել: Երբ Սթենլի Կուբրիկին մի առիթով հարցնում են՝ ո՞րն է ավելի կարևոր՝ «ինչ նկարե՞լ»-ը, թե՞ «ինչպե՞ս նկարել»-ը, վերջինս պատասխանում է՝ ամենակարևորը՝ «ո՞ վ է նկարում»-ը: Ենթադրենք, դուք ռեժիսոր եք կամ պրոդյուսեր, և ձեր առջև հարց է բարձրացել՝ ի՞նչ նկարել: Այստեղ է, որ խնդիրը դառնում է շատ ավելի բարդ, որովհետև մարդն ունի հստակ հետաքրքրությունների և ճաշակի ընկալում: Նրան, իհարկե, թվում է, թե պետք է նկարել այն, ինչն իրեն է դուր գալիս:

Եթե մարդն անկայուն է, ապա կմտածի՝ պետք է նկարել այն, ինչ ուզում են տեսնել լայն մասսաները: Երկու դեպքում էլ որոշումը սխալ է, որովհետև, եթե դուք նկարեք այն, ինչ ուզում են տեսնել լայն մասսաները, ապա դուք անխուսափելիորեն կկործանեք ինքներդ ձեզ. միևնույն է՝ լայն մասսաները պահանջելու են տափակ, պարզունակ, ինֆանտիլ, հարթ պատմություններ: Խորասուզվել խնդրի բուն էության մեջ, փորձել հասկանալ դրա բուն պատճառները, միանշանակ դյուրին գործ չէ: Եթե խոսենք իսկական կինոյի անունից, ապա պետք է փաստենք հետևյալ պատկերը՝ Փարաջանովի կինոն, օրինակ, մի ընդհանուր թեմա ուներ՝ մարդու ճակատագիրը: Տարկովսկին ողջ կյանքում իր ֆիլմերի միջոցով անդրադարձել է ընտրության խնդրին: Մեղմ ասած՝ համեմատելու չեն այսօրվա կինոյի տենդենցների ու թեմատիկ զարգացումների հետ: Հետևաբար, երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ նկարել, ուզում եմ ասել՝ հայացք նետեք ձեր ներսը, հասկացեք՝ ի՞նչն է ձեզ անհանգստացնում իրականում: Միգուցե ձեզ անհանգստացնող թեմաները չհամընկնեն այն ամենի հետ, ինչ այդ պահին տեղի կունենա ձեր փողոցում, բայց և այնպես, չի բացառվում, որ հենց այդ թեման զարգացնելով՝ դուք կարողանաք անել այն, ինչ ձեզ մոտ այդ ամենից լավ կստացվի: Մի հիանալի խոսք կա՝ «Լսենք, թե ի՞նչ է հնչում մեր մեջ»: Սա է իմ խորհուրդը ձեզ:

Atanesyan (3)

«Այն համատարած քաոսը, որ երկրում տիրում է վերջին 25 տարիների ընթացքում, թույլ չի տալիս կենտրոնանալ և լուրջ կինո ստեղծել»

– Վերջերս կոլեգաներիցս մեկն ինձ հարցրեց՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում հայկական ժամանակակից կինոյին: Իմ պատասխանն էր՝ ես ոչ մի ձևով չեմ վերաբերվում մի բանի, որը գոյություն չունի: Այո, ցավոք, հայկական ժամանակակից կինոն չի ցուցադրվում ո´չ համաշխարհային կինոփառատոներում, ո´չ միջազգային կինովարձույթներում:

Պատճառները կարող են լինել բազմազան՝ միգուցե ինչ-որ բան սխալ հունի վրա է, գուցե ուսումնական համակարգն է կաղում, գուցե ֆինանսական միջոցների սխալ ուղղորդում կա, կամ էլ միգուցե այն համատարած քաոսը, որ տիրում է երկրում վերջին 25 տարիների ընթացքում, թույլ չի տալիս կենտրոնանալ և լուրջ կինո ստեղծել: Ի դեպ, կինոյի բացակայությունը դեռ չի նշանակում, որ չկան, գոյություն չունեն հայ ռեժիսորներ: Նրանք կան, եղել են և´ նախկինում, և´ ներկայումս: Բազմաթիվ հաջողակ հայազգի ռեժիսորներ կան աշխարհի ամենատարբեր երկրներում, բայց, չգիտես՝ ինչո՞ւ, նրանց աշխատանքի արդյունքներն անտեսանելի են հենց այստեղ՝ Հայաստանում: Սա շատ ցավալի իրականություն է:

Միգուցե նրանք խնդիր ունեն ինտեգրվելու ժամանակակից կինոաշխարհին, բարձրաձայն հայտարարելու իրենց գոյության մասին: Հայաստանի ներսում դա տեղի չի ունենում, որովհետև յուրաքանչյուր անհատի ձայն կորում է ամբոխի աղմուկում՝ արդյունքում՝ տանուլ տալով, մեծ իմաստով, նաև ժամանակակից հայկական կինոն: Թեև շատ տարօրինակ է այն, որ, օրինակ, ժամանակակից գեղանկարչություն կա, քանդակագործություն կա, հիանալի երաժշտություն կա, բայց ահա կինո՝ չկա: Միգուցե սա կապ ունի նաև կինոյի բարդ տեխնիկական լեզվի հետ: Բացի այդ, մենք՝ հայերս, առանձին-առանձին վերցված՝ ընդգծված վառ անհատականություններ ենք, բայց երբ գործը հասնում է միասին ինչ որ- բան ստեղծելուն, մենք տանուլ ենք տալիս: Միգուցե մենք դժվարանում ենք աշխատել թիմի հետ, թիմի ներսում: Ի դեպ, ամերիկյան մասնագիտացված կինոբուհերում այն հարցին, թե՝ ինչպե՞ս աշխատել թիմում, հատկացվում է ուղիղ երկու ուսումնական կիսամյակ:

Atanesyan (5)

Ի վերջո, թիմային աշխատանքը մեծ կենտրոնացում և հսկայական պատասխանատվություն պահանջող պրոցես է՝ ո՞վ՝ որտե՞ղ պետք է խոսի, ո՞վ պետք է լռի, ո՞վ պետք է նկարի, ո՞վ պետք է բղավի, և այլն: Խոսելով ժամանակակից հայկական նահանջող կինոյի խնդիրների մասին, ուզում եմ ընդգծել՝ իսկ քանի՞ կինոթատրոն ունենք մենք Հայաստանի տարածքում: Չէ՞ որ կինոթատրոններն են, որ, պատկերավոր լեզվով ասած, որոշում են կինոյի ճակատագիրը, որովհետև դրանք մնում են առավել պահանջված ուղին, որով կինոն հասնում է իր նպատակին՝ հանդիսատեսին: Այնպես որ, կցանկանայի, որպեսզի հայկական կինոյի զարգացմամբ մտահոգ մարդիկ և կազմակերպությունները լուրջ հայացք նետեին ոլորտում առկա խնդիրներին: Հուսալով, թե ժամանակի ընթացքում այդ խնդիրներն ուղղակի կհարթվեն, կհանգեցնեն նրան, որ փոքրիկ ձնագունդը կվերածվի ձնամրրիկի՝ իր ճանապարհին մաքրել-տանելով պատահած ամեն ինչ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս