«ԼՂ-ն կարող է մտնել խաղի մեջ, Հայաստանն այլևս չպետք է խոսի ԼՂ-ի անունից». Գևորգ Մելիքյան
«Հայկական դիվանագիտությունն ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի ծուղակում չհայտնվելու նպատակով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում առաջիկայում սպասվող զարգացումներին։
Մասնավորապես խոսելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի օրերս արած հայտարարության մասին, թե Ադրբեջանը դեմ չէ Ռուսաստանի առաջարկած փուլային կարգավորման տարբերակին, նա ասաց, որ, ինչպես միշտ է եղել հակամարտության պատմության ընթացքում, ադրբեջանական կողմը փորձում է փոխել ստատուս-քվոն, իսկ ՀՀ-ն խնդիր ունի ԼՂ կարգավիճակը հստակեցնելու հարցում։ «Երբ նշվում է կարգավորման փուլային տարբերակի մասին, ենթադրվում է կարգավիճակի որոշակիացում, բայց ենթադրում է նաև այլ քայլեր, որոնք վերաբերում են տարածքների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը, և այլն։
Այսինքն՝ փուլային տարբերակը հայկական կողմին այնքան էլ հարմար չի եղել, որի մասին հիշեցրեց իրենց նախարարը, մեր կողմից եղավ պատասխան, որ հայկական կողմը դեմ չի եղել փուլային տարբերակին, եթե կճանաչվի ԼՂ անկախությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորումը տրամագծորեն տարբեր հարթություններում են տեսնում։
Ըստ իս, Հայաստանը պետք է առաջին պլան բերի ԼՂ-ին, քանի որ Հայաստանն իր վրա կարծես թե շատ ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում, քան անհրաժեշտ է։ ԼՂ-ն կարող է մտնել խաղի մեջ։ Հայկական կողմի դիրքն ավելի հիմնավոր կլիներ, ավելի բարձր կշիռ կունենար, երբ այն ժողովուրդը, որի իրավունքի համար պայքարում ենք մենք, խոսեր և արտահայտեր իր տեսակետը, պատասխաններ տար ադրբեջանական կողմին իր խոսնակների միջոցով, Հայաստանն այլևս չպետք է խոսի ԼՂ-ի անունից»,- ասաց Գևորգ Մելիքյանը։
Ըստ նրա, ապրիլյան բռնկումից հետո մեծ անելիք է սպասվում ՀՀ իշխանություններին՝ ՀՀ-ն պետք է վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, պետք է վերանայվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, այսինքն՝ լուրջ պարադիգմատիկ փոփոխություններ պետք է լինեն։ Մելիքյանի համոզմամբ, չի կարելի ԼՂ անկախության ճանաչման հարցը վերածել միջոցի, քանի որ այն հայկական կողմի համար նպատակ է եղել։
«Վտանգ եմ տեսնում, երբ ՀՀ-ն այն միջոց է դարձնում՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային։ Եթե սեղանին դնում ենք ԼՂ կարգավիճակի հարցը, ապա պահը եկել է, որպեսզի ՀՀ-ն կողմնորոշվի՝ ԼՂ ճանաչումն ինչպես է պատկերացնում, երբ, կամ դա ճանաչո՞ւմ է, թե՞ միացում, որոնք հայկական կողմի համար մշտապես նպատակ են եղել։ Ինչպես է այս հարցը հայկական կողմը պատկերացնում, չեմ կարողանում հասկանալ»,- նկատեց վերլուծաբանը։
Նրա համոզմամբ, Հայաստանը բազմակողմանի աշխատանք պետք է տանի՝ պահանջելով միջազգային հանրությունից և Ադրբեջանից վերահսկողական մեխանիզմների կիրառում, հասցեական հայտարարություններ, ինչպես իր հարցազրույցում նշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Բայց կրկին, նրա կարծիքով, հասցեական հայտարարություններ պահանջելու և անելու հարցում հայկական կողմն ուշացել է, կարելի էր նման հայտարարություններ անել, երբ դրված էր Սաֆարովի, ուղղաթիռի խոցման հարցը։
«Ենթադրենք՝ մի քայլ կարող եմ ասել, որը կարող էր արվել նախկինում՝ քանի դեռ չեն ներդրվում վերահսկողական մեխանիզմներ, հայկական կողմը հանդիպումներ չի ունենում ադրբեջանական կողմի հետ, ոչ թե դադարեցնում է, այլ ժամանակավորապես չի հանդիպում։ Այսուհետ առանց նման միջոցառումների Հայաստանը պարզապես դիվանագիտական ծուղակում կհայտնվի։ Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ։ Մեխանիզմներ ու լծակներ կան, պարզապես այստեղ է, որ ամբողջական տեղեկատվության դեպքում ավելի հեշտ կարելի էր վերլուծություն անել։
Մեր ունեցած տվյալներով՝ Հայաստանն այս փուլում փորձում է մանևրել՝ ուշացնելով բանակցությունները, փորձում է տեսնել՝ ինչ արձագանքներ կլինեն միջազգային հանրության, Ռուսաստանի կողմից։ Բայց պետք է քայլեր ձեռնարկել, այլապես սպասել, որ ևս մեկ անգա՞մ հարվածի Ադրբեջանը, իսկ եթե հարվածեց չորս օրից, տասն օրից, ու ՀՀ-ն ճանաչեց ԼՂՀ-ն, հետո ի՞նչ է լինելու, կամ Սերժ Սարգսյանի ասածի նման՝ դա պատերա՞զմ է նշանակելու, իսկ մինչ դա պատերազմ չէ՞ր։
Այսինքն՝ որոշակի խնդիրներ կան, որոնց հարցում, կարծում եմ, որ հայկական կողմը պետք է շատ ճիշտ կողմնորոշվի, զգույշ կերպով, այլապես թակարդից դուրս չի գա։ Պետք է հասկանալ, թե մեր ունեցած ռեսուրսով ինչ արդյունքներ կարող ենք ունենալ, ուստի որոշակիություն պետք է մտցնել»,- ասաց Գևորգ Մելիքյանը։