Բաժիններ՝

Ջրցանը՝ «Վրաստանի էլեկտրոնային երաժշտության» փառատոնում

Այս տարի «Վրաստանի էլեկտրոնային երաժշտության» փառատոնին (GEM fest) իրենց երաժշտությունը կներկայացնեն նաև Հայաստանից հրավիրված երկու դիջեյներ:

Սա համարվում է տարածաշրջանի էլեկտրոնային երաժշտության լավագույն փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ կանցկացվի՝ հաճույքի, ուրախության, զվարճանքի, գույների կենտրոն դարձած Անակիլայում: Փառատոնը GEM fest անվանելով՝ կազմակերպիչները մտադիր էին անվանումը գովաբանել այնքան տարբեր իմաստներով, որքան հնարավոր է: GEM խոսքը նշանակում է՝ թանկարժեք քար՝ թաքնված մի կտոր ժայռի մեջ կամ՝ ժայռից պոկված մի կտոր: Ժայռից ժայթքող թանկարժեք քարը ներկայանում է՝ որպես փառատոնի խորհրդանիշ, և գտնվում է փառատոնի սրտում:

Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց փառատոնի մարքետինգի բաժնի ղեկավար Գուրի Կոյավան, ով ներկայացրեց նաև, թե ինչո՞ւ է այն հետաքրքրում մարդկանց. «Գուցե մենք առաջարկում ենք ոչ սովորական վայր, որտեղ կա որակյալ երաժշտություն, էմոցիաներ, գույներ, ինչո՞ւ ոչ՝ նոր ընկերներ: Հնարավորություն ենք տալիս ծանոթանալու, լսելու աշխարհի լավագույն դիջեյներին: Փառատոնը երաժշտասերների համար բացում է որակյալ երաժշտության դուռը»:

jr-paraton (4)

GEM-ի կազմակերպիչներից է Վրաստանի տուրիզմի նախկին նախարար Գեորգի Սիգուան, ով կազմակերպչական թիմի հետ այցելում է հարևան երկրներ՝ տեղի էլեկտրոնային երաժշտության սիրահարների և փառատոնով հետաքրքրված անձանց հետ հանդիպելու: Բացառություն չի եղել նաև Հայաստան այցը:
«Մեզ համար շատ կարևոր է երաժշտասերների հետ հանդիպումը և նրանց հետ կիսելը մեր փառատոնի մասին ինֆորմացիան: Երկրպագուների կարծիքը մեզ մտածելու առիթ է տալիս, որպեսզի տարածաշրջանում GEM-ը դարձնենք առավել անհավանական, յուրահատուկ փառատոն»,- ասում է Գուրի Կոյավան, ով նշեց նաև, որ մտահղացում ունեն Հայաստանում ևս կազմակերպել երաժշտական մեծ միջոցառում:

Մասնագիտությամբ իրավաբան, քաղաքում շատերին հայտնի դիջեյ Նարեկ Սիմոնյանն այն դիջեյներից մեկն է, ով հանդես կգա փառատոնին: Անցյալ տարի GEM fest-ին մասնակցելու գլխավոր «մեղավորը» եղել է փառատոնին մասնակցող դիջեյների ցանկը.

«Նախորդ տարվա դիջեյների անունները տեսնելուց հետո՝ աբսուրդ կլիներ 700 կմ չանցնել ու չմասնակցել: Տեղի մթնոլորտն էլ հաճելի էր: Մի օր բարի ջրցան էին բերել ու բոլորիս ջրել: Դե, հունիսի 23-ից հետո՝ հայերիս համար շատ ակտուալ էր դա, բայց հետո հասկացանք, որ էս մի ջրցանը բարի էր, ու մարդիկ ուրախանալու համար էին ջրում»:

«Իսկ ինչո՞ւ մենք չանենք նման փառատոն, որ վրացիները Հայաստան գան ու բյուջեն հարստացնեն»

jr-paraton (3)

Նարեկ Սիմոնյանը վստահ է՝ Հայաստանում ևս հնարավոր է նման փառատոներ կազմակերպել, մանավանդ, երբ նման փառատոնի նախադեպ եղել է՝ River fest-ը, սակայն խնդիրը կազմակերպչական է. «Խնդիրներ շատ ունենք. կազմակերպիչները պետք է հասկանան, որ մի մեծ գաղափարի համար են փառատոն անում, մարդիկ պետք է վայելեն, իսկ հետո՝ մյուսները փող աշխատեն: Մեզ մոտ պետական աջակցություն չկա: Եթե վստահելու խնդիր կա, ապա թող համապատասխան մարդիկ գան ու վերահսկեն ամեն ինչ՝ ալկոհոլն էլ, թմրանյութերն էլ, մարդկանց տարիքն էլ: Վրաստանում կա պետական աջակցություն, ազատ մտածելակերպով, նորի հետևից վազող մարդիկ»:

«Հայերը 1000-2000 դոլար փող են տալիս, այլ երկրից դիջեյ են բերում՝ Երևանում նվագելու, իսկ մեր տեղացի դիջեյը 100 դոլարով նենց է նվագում, որ դրսից լսողն ուզում է հետը պայմանագիր կապի ու Հայաստանից դուրս տանի»

«Հայաստանում կան դիջեյներ, որոնք մարդկանց փորձում են նորը մատուցել»,- ասում է Նարեկը և հավելում,- Հայ դիջեյները մեր կուսակցությունների նման շատ-շատ են, ու շատերն անորակ են և դա երբեք չեն խոստովանի և չեն ուղղվի: Բայց ունենք լավ դիջեյներ, որոնց մասին շատ են խոսում: Ու դա տեսնելով՝ հասկանում ենք, որ ամեն ինչ կորած չի, որ բանակ է հավաքվում որակյալ երաժշտության համար: Ունենք երաժշտությունից հասկացող երիտասարդներ, որոնք 3-4 ժամ դիջեյի հետ հավասար թռնում, գոռում, ապրում, զգում են այն, ինչ անում ես, հետդ ուրախանում ու տխրում են»:

jr-paraton (2)

Նախորդ տարի, GEM fest-ին մասնակցած հայերից մեկը՝ Սևակ Անախասյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնի բացասական կողմերից մեկը կազմակերպչական խնդիրներն են եղել: Չնայած դրան՝ այս տարի ևս պատրաստվում է մասնակցել:

Իսկ երաժշտասերները GEM fest-ին հնարավորություն կունենան մասնակցելու օգոստոսի 10-14-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս