«Ադրբեջանը շարունակում է շատ մեծ քաղաքական բլեֆը»

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը

– ՀՀ կառավարություն ապագայի անորոշ զարգացումներով պայմանավորվեց Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագծի ճակատագիրը։ Դրա շուրջ հանրության տեսակետները բաժանվել են երկու խմբի՝ ներկայումս ճանաչման համար ամենանպաստավոր պահն է, և ճանաչումը հղի է վտանգներով, կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի։ Ձեր տեսակետը ո՞րն է։

– Այդ ընկալումը՝ ճանաչում և պատերազմ, շատ խորքային է։ Այսինքն՝ ճանաչումն իր առաջ ունենում է կոնկրետ նպատակներ, և, եթե գործընթացը ցույց է տալիս, որ դրված խնդիրները կարելի է լուծել, ճիշտ ժամանակի ընտրության կարիքը կա։ Այն մոտեցումը, որ դրա արդյունքում ավտոմատ կերպով այս կամ այն է լինելու, ինձ համար այնքան էլ ընդունելի չէ, որովհետև մենք ինչ-որ ոչ կոռեկտ բան ենք անում։ Ճանաչումը քաղաքական գործընթացի էլեմենտ է, իսկ մենք քաղաքական գործընթացն ուզում ենք նույն կշեռքի վրա պատկերացնել ռազմականի հետ։ Կողմերից յուրաքանչյուրը քաղաքական գործընթացի իր զինանոցն ունի, և այնպես չէ, որ դա չի օգտագործվում։

Այլ հարց է, երբ դու ճանաչման գնում ես ստիպված, երբ այլ ելք չկա, այսինքն՝ այդտեղից էր գալիս ՀՀ-ի կողմից մի շարք անգամ հայտարարված թեզը, որ, եթե լինի լայնածավալ պատերազմ կամ ռազմական արկածախնդրություն, ՀՀ-ն այդ քայլը կանի։ Ընդհանրապես խնդիրը դիտարկելիս՝ դրա մեջ պահի ընտրության հարցը կա։ Մի պարզագույն օրինակ ասեմ՝ եթե դա ստիպված չի, մենք միշտ մեր առջև խնդիր ենք դրել և հիմա էլ ձգտում ենք դրան՝ ԼՂՀ միջազգային ճանաչման։ Այստեղից բխում է հարց, որ, եթե քո ճանաչումը նպաստելու է միջազգային ճանաչմանը, այսինքն՝ ՀՀ-ի ճանաչումից հետո լինելու է ճանաչումների շղթա, բնական է, որ այդ պահին ինչի՞ն ես սպասում։ Բայց եթե բերելու է այն վիճակին, որը, օրինակ, կա Թուրքիա-Հյուսիսային Կիպրոսի դեպքում, ես չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկի նպատակը կյանքում դա է եղել։ Ես հասկանում եմ, որ այս խառը վիճակը, լարվածությունը միախառնվել են իրար, և այդտեղից էլ գալիս է ողջ շփոթը, որ ժամանակ առ ժամանակ ստեղծվում է։

– Եթե պահը գա և Հայաստանը ճանաչի ԼՂ-ի կարգավիճակը, ի՞նչ է հաջորդելու դրան։

– Խնդիրը բաժանենք 2 մասի. եթե պահը գա, և քաղաքական գործընթացները նպաստավոր են լինում ճանաչման համար, և մենք առնվազն պետք է ունենանք այդ զգացողությունը, որ դրան կհաջորդի միջազգային ճանաչման էլեմենտի լայնացում, որ դա չի սկսվում ու ավարտվում ՀՀ-ում։ Երկրորդ՝ եթե խոսքը վերաբերում է, որ պահը եկավ, և մենք անում ենք դա ստիպված, երբ դա դառնում է անհրաժեշտություն, այսինքն՝ ռազմական գործողության կամ մեծ ֆորսմաժորային իրավիճակ է, սա այլ հարց է, և այդ ժամանակ մենք ապահովում ենք մեր մաքսիմալ ներգրավվածությունը և մեծացնում ենք գործիքակազմը՝ անվտանգության երաշխավորը լինելու։ Սրանք տարբեր իրավիճակներ են։ Այն, ինչին մենք ականատես ենք լինում, այս երկրորդի մեջ է, որովհետև լարվածությունը թուլացած չէ։

– Ադրբեջանը շարունակում է սահմանին կուտակումները, հրաժարվում է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ չընդունելով Հայաստանի առաջադրած 3 պահանջները, միջնորդները շարունակում են հավասարության նշանով խաղաղության կոչերը, իսկ Հայաստանն էլ ասում է, որ գնդակն Ադրբեջանի դաշտում է։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է լինի, ելքը ո՞րն է։

– Դուք նշեցիք բանաձևեր, թեզեր, դատողություններ, որոնք բավականին դեպքերում կարելի է կասկածելի համարել։ Կուտակումների մասին գիտենք, և դրանում է կայանում մեխը, որ լարվածությունը չի իջնում։ Միաժամանակ շարունակվում է շատ մեծ քաղաքական բլեֆը, որի շրջանակներում էր նաև միջազգային հանրության առաջ Ադրբեջանի ողբը, որ իբր թե կառավարության մակարդակով ճանաչման գործընթացը տարան, թեև իրականությունն այլ է։ Չեմ կարծում, որ սխալվել են Ադրբեջանում, այլ հերթական անգամ փորձեցին դրանից ինչ-որ դիվիդենտ շահել։

Միաժամանակ, Ադրբեջանը ներկայացնում է, թե պատրաստ է բանակցել և ոչ թե հրաժարվում է բանակցություններից, թեև չի էլ իջեցնում լարվածությունը, այսինքն՝ կուտակումը չի նվազում, զորքերը չեն գնում մշտական տեղակայման վայրեր, հռետորաբանության մեջ սպառնալիքները շարունակվում են, և այլն։ Ինչ վերաբերում է համանախագահներին, ինձ թվում է, որ նրանց գործունեության շատ չնչին մասն է այս պահին տեսանելի։ Կարծում եմ՝ այդ մաքոքային դիվանագիտությունը բավականին ակտիվ աշխատում է, թեև չենք տեսնում։ Այսինքն՝ այդ չտեսնելու մեջ էլ կա հակամարտության կողմերի որոշակի դիրքորոշումների տարբերությունը, որը դեռ չի դառնում այնքան ի մի եկած, որ տեսնենք բանակցային սեղանը և դրա շուրջ բանակցելու պատրաստ կողմերին։

Այդտեղ էլ կարելի է փորձել հասկանալ, թե տարբերությունները որտեղ են։ Հերթական անգամ տեղի ունեցավ ագրեսիա Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ, որն իր հետ բերում է հետևյալը՝ առաջին՝ հարգելի՛ համանախագահություն, ի՞նչ է նշանակում չդադարեցրած կրակը, չկասեցրած քաղաքացիական ու զինվորական զոհերի այս ամբողջ փուլը, խոսել բարի կամքի, բանակցությունների մասին, պարզ չէ՞, որ առաջին հերթին պետք է բոլոր հրացաններն ու զենքերը լռեն։

Երկրորդ՝ սրանից ավելի էլ ի՞նչ լինի, որ հասկանաք, որ բանակցային ամենաառաջին և էական էլեմենտն Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությունն է։ Նրանք ագրեսիան անում են ԼՂ-ի նկատմամբ, այն էլ՝ այդ կարգի դաժանությամբ ու հանցագործություններով, և դուք ուզում եք՝ ԼՂ-ն չլինի՞ բանակցային սեղանի շուրջ։ Մի կողմ դնելով ամեն ինչ, սա բարոյական հարց է։ Այսինքն, կարծում եմ, նույնպես էապես շոշափվող խնդիրներից է։ Ի վերջո, այդ ընկերը խաղաղությո՞ւն է ուզում, քանի որ, եթե բանակցության դրոշակ ես պարզում, ուրեմն ուզում ես խաղաղություն և բանակցությունների միջոցով խնդիրների լուծում, թե՞ այս ընկերը փորձում է ուշադրության շեղման գործողություններ կատարել բանակցություններից՝ ռազմական, և ռազմականից՝ բանակցություն, երբ խելքը ոնց փչի։

Սրանք հարցեր են, որ հնարավոր չէ, որ ՀՀ-ն կամ ԼՂՀ-ն իրենց կողմից չդնեն։ Ադրբեջանի դիրքից եթե դիտարկենք, ինքն ուզում է՝ լղոզի, սվաղի տեղի ունեցածը, որևէ պատասխանատվություն չկրի և բանակցի մի իրավիճակից, որ կարծես ոչինչ չի պատահել։ Այսինքն՝ ՄԽ համանախագահության խնդիրն է՝ կարողանալ այնպիսի վիճակ ստեղծել, որ այդ բանակցությունը լինի հնարավոր։ Մենք դա չենք տեսնում, բայց դրանք ոչ տեսանելի դիվանագիտական խողովակներով բավականին ակտիվ ընթանում են։

Տեսանյութեր

Լրահոս