![](/banners/BeFunky-design.jpg)
«Կյանքը բոլորի համար է դժվարացել, ուստի ռեստորան հաճախողներն էլ պակասել են»
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/siriahay-Arciv.jpg)
Մոտ 16 տարի առաջ սիրիահայ Արծիվ Քիրազյանը Հալեպում ամենաառաջադեմ լուսանկարիչներից էր, սակայն 2000 թ. երեք օրով Հայաստան այցելելուց հետո նա որոշեց տեղափոխվել ու մնալ հայրենիքում: Սիրիայում ու Լիբանանում շատ լուսանկարիչներ էին նրան ճանաչում. նա լուսանկարում էր ամեն ինչ` անգամ հավերժացրել է Դեր Զորում հայկական եկեղեցու բացումը, սակայն Հայաստանում այդ շրջանում լուսանկարչությունը դեռ շատ թույլ էր զարգացած: 2003 թ. վերջնական գալով Հայաստան՝ նա ստիպված եղավ փոխել մասնագիտությունը: Արծիվը կնոջ՝ Մանուշակի հետ նկատեց, որ Երևանում չկան մասնագիտացած ճաշարաններ, և սննդի մատուցման հանդեպ վերաբերմունքը շատ տարբեր էր: Այդպես ամուսինները որոշեցին բացել իրենց փոքրիկ ռեստորանն ու մարդկանց ծանոթացնել հայկական այնպիսի ուտեստների, որոնք գաղթից հետո մոռացվել են: Մանուշակը պատմեց, որ հին հայկական ավանդական ճաշերը պատրաստել սովորել է ծնողներից. խոհարար դառնալու միտք երբևէ չի ունեցել, Սիրիայում դա եղել է պարզապես հոբբի:
«Շատ ուրախ ենք, որ հիմա մարդիկ տարբերելով են պատվիրում, ասենք Ուրֆայի կամ Տիգրանակերտի քեբաբ: Մենք էլ փնտրել, գտել ենք այնպիսի հին հայակական ճաշատեսակների պատրաստման եղանակներ, որ ամբողջ աշխարհում հատուկենտ մարդիկ միայն գիտեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արծիվը:
Քիրազյանի խոսքով՝ բախումների սկսվելուց առաջ` 2000-ականների սկզբներին, արդեն պարզ էր, որ պատերազմն անխուսափելի է. մուսալմանների կողմից ագրեսիան ակնհայտորեն զգացնել էր տալիս, իսկ Արծիվը երեխաներին ուզում էր մեծացնել ապահով հայրենքում: «Նոր տանը հեշտ եմ հարմարվել, որովհետև գալու որոշումս վերջնական էր, ես եկել եմ առանց կասկածների»,- ասում է նա: Քիրազյանը նույնիսկ առաջարկներ է ստացել լուսանկարչությամբ զբաղվելու Ռուսաստանում, այնտեղ կառուցելու ավելի բարեկեցիկ ապագա, բայց նրա մեծագույն ցանկությունն էր մնալ հայրենի երկրում:
Նա հիշում է ծնողների խոսքերն ու թե ինչպես էին դաստիարակում` գնալ հայրենիք, այնտեղ ունենալ զավակ: «Անգամ դպրոցական ծրագրում բոլոր հեղինակները շարունակ արծարծում են հայրենիքի թեման. ակամայից Հայաստան գալու միտքը նստել է ենթագիտակցության մեջ»,- մանրամասնեց սիրիահայը:
Այնուամենայնիվ, Քիրազյանների երեխաներին սկզբում բավականին դժվար էր Հայաստանում. Սիրիայում հայության համար հասարակական, մշակությային, հոգևոր կյանքն ավելի լավ էր կազմակերպված: Մանուշակը պատմում է, որ ամեն մեկն ուներ իրեն հոգեհարազատ զբաղմունքը, և զբաղվածությունը ողջ օրվա ընթացքում ապահովված էր: Դրան հակառակ՝ Երևանում ամեն մեկն իր խնդիրներն է հոգում, շփման ձգտում չկա:
Արծիվն էլ ցավով է հաստատում, որ շատ հայեր մեկնում են Եվրոպա ու զբացվում այնտեղ մի աշխատանքով, որից հրաժարվել են Հայաստանում. նրա համոզմամբ՝ կարևոր չէ, թե ինչ աշխատանք է, բայց դրանով ավելի լավ է զբաղվել հայրենիքում, ծառայել սեփական ժողովրդին: «Արդյունքում շատ հայեր կյանքի վերջին տարիներին են գալիս տեսնելու հայրենիքը: Անգամ եթե նրանք չեն գալիս, հայրենի հողը նրանց որդիներին է կանչում»,- կարծում է սիրիահայը:
Ցավոք, վերջին տարիներին ամուսինների գործն ավելի է բարդացել, ֆինանսական խնդիրները՝ շատացել: Ասում են, որ ներքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ կյանքը բոլորի համար է դժվարացել, ուստի ռեստորան հաճախողներն էլ պակասել են: Բացի այդ՝ շատացել են նորաբաց ռեստորանները, իսկ զբոսաշրջիկների թիվը պակասել է:
«Հաճախորդների՝ այն էլ արտասահմանցիների նկատմամբ հարկավոր է ցուցաբերել յուրահատուկ մոտեցում, ապահովել դրական զգացումներ, բայց դա չափազանց բարդ է, երբ երկիրդ ծանր վիճակում է»,- կարծում է Արծիվը:
Նրա կարծիքով` դա տարբեր ուժերի վարած սխալ քաղաքականության արդյունքն է, և հիմա Հայաստանին առաջնահերթ անհրաժեշտ է այդ բոլոր կողմերի ներգրավվածությունն ու համագործակցությունը` բարելավելու երկրի վիճակը:
«Կառավարությունը պետք է ստեղծի համապատասխան պայմաններ սիրիահայերի համար, որպեսզի ամեն մեկն իր ոլորտում աշխատելով օգնի զարգացնել այս երկիրը, ոչ թե հեռանալ ուրիշ տեղ: Անշուշտ, մենք ցանկանում ենք ապրել անհոգ կյանքով, սակայն ուզում ենք, որ դա լինի մեր հայրենիքում: Ես այստեից չեմ գնա՝ ինչ ուզում է լինի»,- ասաց Արծիվը: