«Լուսավոր-մութավոր Հայաստան, տարբեր տեսակի պայմանագրեր և այլն, իրականում դերակատարություն չունեն քաղաքական դաշտի վրա». Արմեն Բադալյան

Հայաստանում նախընտրական կամպանիան սկսվեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հեռացրեց քաղաքական գործունեությունից, և ԲՀԿ-ն՝ որպես կուսակցություն, չեզոքացվեց: Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ երկրորդ քայլն Ընտրական օրենսգիրքն էր, որի քննարկումը մի շարք հարցեր առաջ բերեց. «ԸՕ նախագիծը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն և նրա ղեկավարությունը մոտավոր պատկերացում ունեն, թե ինչ խորհրդարան են ցանկանում տեսնել ապագայում: Եվ ըստ այդմ՝ ընդունում են այն մեխանիզմը, որով պետք է այդ համայնապատկերը ձևավորվի: Ընտրությունները ցույց են տվել՝ եթե փող չեն բաժանում, ՀՀԿ-ն ԱԺ չի մտնի, այդքան կողմնակիցներ չունի: Իսկ փող բաժանող հարուստների համար պետք է նաև իրենց շահը լինի, քանի որ հարուստները հանուն նժդեհյան գաղափարների չեն առաջնորդվի: Մեծամասնական ռեյտինգայինով կապահովեն հարուստների մուտքը, իսկ կուսակցության ցուցակով կմտնեն քաղաքական դեմքերը»:

Քաղտեխնոլոգն անդրադառնալով հայաստանյան քաղաքական դաշտում գործող կուսակցություններին՝ շեշտեց, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ոչնչացավ, քանի որ նա ԲՀԿ-ի համար ամեն ինչ էր՝ գաղափար, ռեսուրս և այլն. «Լիբերալ ԲՀԿ-ն չգտավ 2-րդ Գագիկ Ծառուկյան, և այսօր դարձել է ՀՀԿ-ին կցված ֆինանսական կառույց: Ասածիս ապացույցը հենց ԸՕ-ի քվեարկությունն է, որտեղ ԲՀԿ-ից գրեթե բոլորը կողմ քվեարկեցին: ԲՀԿ-ն ապագա խորհրդարանում կհայտնվի՞, թե՞ ոչ՝ կախված է Հանրապետության նախագահից»:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը նույնպես թուլացել է, սակայն թուլանալու պատճառը, ըստ նրա՝ այն է, որ հասարակությունը նույնպես թուլացել է ու նոր արյուն չի կարողանում ներկրել այդ կուսակցություն. «Բացի այդ, նրանք շատ սխալներ արեցին տարբեր հարցերում: Ի տարբերություն ՀՀԿ-ի` ՀԱԿ-ը դեռևս չգիտի, թե ինչ է ուզում, սակայն գաղափարները լավն են: Իսկ դաշնակներն այս պահին 90-ականների դաշնակները չեն և իրենցից վտանգ չեն ներկայացնում ու կարող են լինել խորհրդարանում: Իսկ մյուս ուժերը՝ լուսավոր-մութավոր Հայաստան, տարբեր տեսակի պայմանագրեր, իրականում դերակատարություն չունեն քաղաքական դաշտի վրա»:

Անդրադառնալով Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը՝ նա նշեց, որ ԸՕ-ի քվեարկման ժամանակ այն ցույց տվեց, որ նրանք դեմ չեն իշխանությունների ներկայացրած ԸՕ-ին, որովհետև մեկ հոգի է դեմ քվեարկել՝ Վարդան Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս