Բաժիններ՝

«Արատտա». հայկական ինտելեկտուալ խաղ՝ առանց լեզվական սահմանափակումների

168.am-ը շարունակում է ներկայացնել հայկական ամենահետաքրքիր և զարգացմանը միտված ստարտափները: Այս անգամ անդրադարձել ենք «Արատտա» ինտելեկտուալ-ռազմավարական առցանց խաղին:

Խաղը հնարավորություն է տալիս ինտելեկտուալ մակարդակում մրցակցել աշխարհի այլ կետերում գտնվող մարդկանց հետ: Խաղի միջոցով կարելի է բարելավել լեզվական հմտությունները և ավելացնել գիտելիքները տարբեր ոլորտներում: Խաղը շուկայում առկա մյուս խաղերից տարբերվում է ոչ միայն ինտելեկտուալությամբ, այլև նրանով, որ ունի ստրատեգիական բաղադրիչներ:

Խաղի ընթացքում մասնակիցները ոչ միայն պետք է պատասխանեն հարցերին, այլև ունենան մարտավարություն, կազմեն թիմեր, մրցեն զորքերով:

Խաղին մասնակցում են 4 մասնակիցներ, ովքեր մրցում են միմյանց դեմ զորքերով: Զորքերը կազմվում են խաղի սկզբում. մասնակիցները պետք է շատ արագ և ճիշտ պատասխանեն տրված հարցերին:

Կարդացեք նաև

Խաղի ողջ ընթացքում մրցող թիմերը շախմատային հարթության վրա հարձակումներ են գործում միմյանց վրա: Բացվում է հարց, որին ճիշտ պատասխանողը ստանում է միավոր, իսկ սխալ պատասխանողը կորցնում է իր զինվորին: Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ խաղում մնում է մեկ զինվոր:

«Անանիկս» ընկերության տնօրեն Աղասի Գյուրջօղլյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ խաղը նախատեսված է միջազգային հարթակի համար: Խաղը մշակման փուլում է և թողարկումից հետո հասանելի կլինի աշխարհի բոլոր ծայրերում: Խաղը լինելու է 7 լեզուներով: Մրցման ժամանակ յուրաքանչյուր խաղացող հարցերը ստանում է իր մայրենի լեզվով:

Աղասի Գյուրջօղլյանը նշեց նաև, որ սկզբնական շրջանում խաղը հասանելի կլինի սոցիալական ցանցերում, այնուհետև կթողարկվի նաև օպերացիոն համակարգերի համար:

Նախագծի հեղինակները գտնում են, որ խաղը թողարկումից որոշ ժամանակ անց կունենա իր ուրույն դերը միջազգային հարթակում: Նրանք խաղի միջոցով նպատակ ունեն Հայաստանն ավելի մրցունակ ու աշխարհին ճանաչելի դարձնել:

«Արատտա» խաղը հայկական առաջին ինտելեկտուալ-ռազմավարական խաղն է, ինչպես նաև՝ առաջինն աշխարհում, որն ունի նման լուծումներ: Հենց այստեղից էլ առաջացել է խաղի անվանումը. «Արատտան» աշխարհում հայտնի առաջին պետությունն է:

Հիշեցնենք նաև, որ խաղը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ տեղի ունեցած Գյումրու Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս