«Նաիրիտ» գործարանի 460 աշխատակիցներ հուլիսի 1-ից կազատվեն աշխատանքից
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, էներգետիկայի նախկին նախարարներ Արմեն Մարտիրոսյանի ու Երվանդ Զախարյանի սկսած գործն այսօր էլ շատ ակտիվ շարունակվում է։ Խոսքը «Նաիրիտ» գործարանի մասին է, որի ներկայիս սակավաթիվ աշխատակիցներն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը՝ մայիսի 1-ը, դիմավորեցին ձեռքներին ծանուցագրերով՝ հուլիսի 1-ից աշխատանքից ազատվելու մասին։
«168 Ժամի» տեղեկություններով՝ անցած տարի փետրվարին նաիրիտցիների մասսայական կրճատումից հետո գործարանի անվտանգությունն ապահովելու նպատակով մնացած մոտ 460 աշխատակիցներին ևս կրճատելու են, սակայն նրանց, կամ գոնե նրանց մի մասին, կառաջարկվի աշխատանքի անցնել «Նաիրիտ 2» կամ «Երևանի ՋԷԿ» ընկերություններում, ու արդեն՝ որպես այդ կազմակերպությունների աշխատակիցներ, նրանք կշարունակեն ապահովել «Նաիրիտի» նվազագույն կարիքները։
Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ անխտիր բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ գործարանի ղեկավարությունը, ծանուցագրեր են ստացել հուլիսի 1-ից աշխատանքից ազատման մասին։ Հիմնավորումն արտադրական ծավալների կրճատումն է։ Նա նշեց, որ հավանաբար, ինչպես անցած տարի կրճատեցին, հետո անհրաժեշտ մասնագետներին նորից ընդունեցին, նույն կերպ կլինի նաև այժմ։
Նախկինում իշխանությունները հայտարարել էին, թե այդ 460 աշխատակիցն այն նվազագույնն է, որ հարկավոր է գործարանի անվտանգությունն ապահովելու համար։ Հարցին, թե նման հայտարարություններից հետո հիմա ինչպե՞ս են կրկին կրճատում, Հ. Թադևոսյանը մի գաղտնիք բացահայտեց. գործարանում առկա պայթունավտանգ նյութերը նախատեսվում է ուտիլիզացիայի ենթարկել, ինչի արդյունքում էլ՝ աշխատակիցների պահանջն է կտրուկ նվազում։
Ամեն դեպքում, ըստ նրա, գործարանը «բանալիով փակելու» հարց չի լինի։ Հ. Թադևոսյանը փոխանցեց, որ կառավարությունը մինչև մայիսի վերջ պետք է «Նաիրիտի» հարցը որոշի՝ փակո՞ւմ է, թե՞ աշխատեցնում։ Ընդ որում, ըստ Հ. Թադևոսյանի՝ այսօր էլ աշխատանքներ են տարվում ռուսական ընկերություններից մեկի հետ, որի անունը գաղտնի է պահվում, և որն ուսումնասիրում է գործարանում տիրող իրադրությունը, արտադրական հնարավորությունները։
«Ռուսական ընկերության հետ ինչ-որ թղթաբանություն է արվում, ծրագրեր են մշակվում, բայց պաշտոնական ոչինչ չկա»,- ասաց Հ.Թադևոսյանը։
Հերթական անգամ որևէ կազմակերպության հետ «Նաիրիտի» վերագործարկման շուրջ բանակցությունների ֆոնին ՀՀ կառավարության այս քայլը՝ բոլոր աշխատակիցների կրճատումը, խիստ մտահոգիչ է։ Դա կարող է նշանակել, որ արդեն իսկ որոշում է կայացվել «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ։ Որոշում, որի «նախաբանը» ոչ մի կերպ հույսեր չի ներշնչում։ Եթե անգամ ազատված աշխատակիցների մի մասին աշխատանքի ընդունեն «Նաիրիտ 2» և «Երևանի ՋԷԿ» ընկերություններում, ապա ոչինչ չի խանգարի, որ «Նաիրիտ» գործարանն էլ պարտքի դիմաց ձևակերպեն այդ ընկերություններից որևէ մեկի դուստր ձեռնարկություն։ Առանցքայինն այստեղ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ անունը շրջանառությունից դուրս բերելն է։
«168 Ժամն» այս տարի փետրվարին գրել էր, որ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը «Նաիրիտ» գործարանում գույքագրում է կատարել, իսկ նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն ասել էր, թե պետք է տարանջատեն գույքն ու տարածքները, որը պետք է «Նաիրիտին» հետագայում վերագործարկման ժամանակ, փոխանցվելու է Երևանի ՋԷԿ-ին, իսկ այն մասը, որը պետք չէ, տալու են «Նաիրիտ 2»-ին։
Վերջինս պետք է վաճառի այդ գույքն ու ետ վերցնի նաիրիտցիներին վճարված աշխատավարձի գումարը։ «Նաիրիտ 2»-ին գործարանի պարտքի մտացածին լինելու մասին նույնպես գրել էինք։ Նաև գրել էինք, թե ինչպես նաիրիտցիներին աշխատավարձերի միայն մայր գումարը վճարելու այդ ավանտյուրայի արդյունքում դրա հեղինակները «յուղոտ պատառ» հափշտակեցին՝ առնվազն աշխատավարձերի տոկոսների և տույժերի տեսքով։ Իսկ այն, որ, եթե «Նաիրիտ 2»-ին կեղծ պարտքի դիմաց փոխանցվի գործարանի գույքի մի մասը և օտարվի, «Նաիրիտի» համար վերագործարկումն այլևս հնարավոր չի լինի, դա փաստ է։ Այդ դեպքում էլ ինչո՞ւ պետք է «անդամահատված» գործարանը պահեն՝ որպես առանձին միավոր։ Դա էլ, ինքնըստինքյան, կհանձնեն Երևան ՋԷԿ-ին՝ մոտ 23 մլրդ դրամ պարտքի դիմաց։
Այդպիսով՝ քիմիական երբեմնի հսկայի հոշոտման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի, ու դրան չեն խանգարի ո՛չ որևէ աշխատանքային խումբ, ո՛չ որևէ բարեսիրտ ներդրող, և ո՛չ էլ սրտացավ նաիրիտցիների բողոքի ակցիաները։ Զուր չէր նախկին նախարար Երվանդ Զախարյանը հայտարարում, թե նաիրիտցիների պայքարը հանուն «Նաիրիտի» վերագործարկման՝ իրենց ոչնչով չի օգնում։
Ցավոք, ի սկզբանե էլ պարզ էր, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով, գործարանը տարվում է կանխամտածված լուծարման։ Դրա համար բոլոր հնարավոր ուժերով հող էր նախապատրաստվում, տարբեր աուդիտների համար միլիոնավոր գումարներ էին ծախսվում, որպեսզի առավել լավ հիմնավորումներ գտնեն։
Անցած տարի օգոստոսին, հիշեցնենք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ որպես «սեփական դիրքորոշում», հրապարակել էր Համաշխարհային բանկի պատվերով իրականացված աուդիտի եզրակացության սեղմագիր տարբերակը՝ «Նաիրիտ գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում» անվանմամբ։ Դրանում կարմիր թելով հրամցվում էր միտքը՝ վերագործարկելը թանկ է, արտահանում չկա, շուկա չկա, գործարանի աշխատանքը շահավետ չի լինի։ Իսկ եզրակացությունը մեկն էր՝ «Տեխնիկական և ֆինանսական նկատառումներից ելնելով՝ մասնավոր հատվածի կողմից ձեռնարկությունը գործարկելու համար ներդրումների բացակայության դեպքում, հետագա կուտակվող վնասներից խուսափելու համար, պետք է դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը։
Գործարանի լուծարման ծրագիրը պետք է ներառի հետևյալ հիմնական քայլերը.
- Իրականացնել գույքագրում և գնահատել ակտիվների շուկայական արժեքը,
- Կրեդիտորների հետ բանակցությունների ճանապարհով լուծել այն պարտքերի հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի մարել ակտիվների վաճառքի միջոցով,
- Մշակել և իրականացնել սոցիալական ազդեցության մեղմման ծրագիր,
- Իրականացնել գործարանի մանրամասն բնապահպանական գնահատում,
- Իրականացնել լուծարման ծրագիր, ներառյալ` բնապահպանական մաքրում»։
Եթե գործարանին նոր կյանքի հնարավորություն տրվեր, հանրությունը, վստահաբար, կներեր անգամ նախկին թալանը։ Իսկ այժմ ծագում է միակ հարցը՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանի համար այս ծանր պատերազմական պայմաններում, երբ աներկբա է երկրի հզորացման պահանջը, երբ կարծես թե իշխանությունն էլ պիտի որ գիտակցեր դարձի գալու այլընտրանքի բացակայությունը, միևնույն է, շարունակում են ոչնչացնել Հայաստանի իրական արժեքները, տնտեսության քարշակ հզորությունները։ Ինչո՞ւ չի վերագործարկվում «Նաիրիտը»։