Բաժիններ՝

«Հարկային մարմնի գործողությունները լուրջ չեն ընդունվում հարկ վճարողների կողմից». Փայլակ Թադևոսյան

Իշխանական տարբեր շրջանակներում, կարծես, ավանդույթ է ձևավորվում՝ հայտարարել մի բան, հետո սկսել պարզաբանել, թե այդ պաշտոնյան բոլորովին այլ բան նկատի ուներ, կամ որևէ փոփոխության համար հայտարարել որոշակի ժամկետներ, հետո, սեփական նպատակահարմարությունից ելնելով, փոփոխել դրանք: 168.am-ի հետ զրույցում «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ նախագահ Փայլակ Թադևոսյանը նման վարքն «անլուրջ» որակեց: Ըստ նրա՝ ցանկացած մարդու կյանքում ժամանակի ընթացքում կարող են հայացքները փոխվել, ինչը նորմալ է, բայց աննորմալ է այն, որ մարդիկ իրականում, ժողովրդական կենցաղային լեզվով ասած, «յուղ են վառում»:

«Վերջին մի քանի տարիներին առավել շատ, խոստումներ չկատարելու, ժամկետներ փոփոխելու, մեկնաբանություններ փոփոխելու, կատարված խոստումը ժամկետում չկատարելու դեպքերի ամենավառ օրինակները վերաբերում են հարկային ոլորտին:

Paylak TadevosyanԱյդ առումով ամենաուշագրավը՝ հարկային ոլորտի հետ կապված, թերևս, վերաբերում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետների փոփոխությանը: Նախ՝ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման հետ կապված վերջնաժամկետների ժամանակացույցը սահմանվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով: Առնվազն երեք անգամ փոփոխվել են նշված հոդվածի ՀԴՄ-ների ներդրման հետ կապված վերջնաժամկետներին վերաբերող դրույթները»,- ասաց Փ.Թադևոսյանը:

Մյուս իրավական ակտը, ըստ նրա, որը կարգավորում էր, այսպես կոչված, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման հետ կապված վերջնաժամկետները, ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի  5-ի N 968-Ն որոշումն է: Փ.Թադևոսյանը նշեց, որ 2.5 տարվա ընթացքում նշված որոշմամբ առնվազն 4 անգամ փոփոխվել են ներդրման ժամկետները, իսկ փոփոխությունները հիմնականում կատարվել են կամ վերջնաժամկետից մեկ օր առաջ, կամ հետո:

Նրա խոսքով՝ ներդրման վերջնաժամկետի փոփոխման մի քանի պատճառներ են եղել՝

  • վերջնաժամկետին հարկային մարմնում համապատասխան քանակի նոր սերնդի ՀԴՄ-ների բացակայությունը, ինչը նաև պատճառ էր հանդիսանում, որ օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմինը չէր կարողանում տրամադրել, այսինքն՝ ձեռքբերման համար հարկ վճարողը վճարումը կատարում էր, սակայն ՀԴՄ-ն դեռ չէր ներմուծվել,
  • ՀԴՄ-ի գինը բավականին բարձր էր, ինչը հարկ վճարողի համար հնարավոր չէր դարձնում սահմանված վերջնաժամկետում ձեռք բերել,
  • հարկ վճարողները պատրաստ չէին նոր սերնդի ՀԴՄ-ներ շահագործել, ՀԴՄ կտրոններում պարտադիր նշման ենթակա տվյալների ներառման կամ ծրագրային ապահովում իրականացնելու դժվարություններով պայմանավորված:

Սակայն, Փ.Թադևոսյանն ընդգծեց, որ, որպես կանոն, ներդրման վերջնաժամկետների ցանկացած փոփոխություն հարկային մարմնի կողմից ներկայացվում էր՝ որպես բարի քայլ՝ ի բարօրություն հարկ վճարողների:

«Բազմիցս ենք լսել վստահելի գործընկեր լինելու կարևորությունը: Արդյոք հարկ վճարողները միմիայն այս պարզ օրինակն աչքի առաջ ունենալով՝ կարո՞ղ են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս հարկային մարմնի, համարել վստահելի գործընկեր այն դեպքում, երբ որոշ դեպքերում իր մեղավորությունը երբեք չընդունելով՝ փորձում է լավություն ձևացնել, որն արվում է հարկ վճարողի համար»,- հարցադրում արեց հ/կ նախագահը:

ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը: Ըստ Փ.Թադևոսյանի, ՀՀ կառավարության քննարկումների վերաբերյալ հրապարակումներում ներդրման առավելություններից է նշվում այն, որ Հարկային օրենսգրքի ներդրման դեպքում հաճախակի փոփոխություններ չեն լինի, սակայն որտե՞ղ են հաճախակի փոփոխությունների բացառման երաշխիքները. «Եթե կառավարությունը հայտարարում է նման քաղաքականության մասին, ապա ի՞նչն է խանգարում բացառել նման մոտեցումը նաև գործող օրենքների հետ կապված»:

«Ամեն դեպքում՝ կա վստահության պակաս: Հարկային ոլորտում կատարվող փոփոխությունների վերջին մի քանի տարիների փորձն աչքի առաջ ունենալով, հարկային մարմնի գործողությունները լուրջ չեն ընդունվում հարկ վճարողների կողմից, քանի որ սովորաբար հայտարարվում է մի բան, սակայն իրականությունը լրիվ տարբերվում է, առավել ևս, այն դեպքում, երբ բյուջեի եկամուտների հավաքագրման մտահոգություն արտահայտում են հարկային մարմնի պաշտոնատար այնպիսի անձինք, անկախ զբաղեցրած պաշտոնից, որոնց ունեցվածքը միայն ավելանում է»,- հավելեց Փ.Թադևոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս