Հայաստանը տնտեսապես դժվար թե շահի թուրքական ապրանքների էմբարգոյից
Թուրքական ապրանքներից հրաժարվելն և Թուրքիա հայ զբոսաշրջիկների այցելություններն արգելելն այնքան էլ ակտուալ, նպատակահարմար հարց չէ Հայաստանի համար և որևէ բան չի կարող տալ: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը` մեկնաբանելով թուրքական արտադրանքի դեմ հանրության շրջանում և Ազգային ժողովում հնչող կոչերը: Ըստ նրա` եթե Հայաստանն ուզում է թուրքական ապրանքները փոխարինելու քաղաքականություն իրականացնել, ապա առանց այդ հայտարարության էլ կարող է անել դա:
«Առաջին հայացքից՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն էլ միանում է Ռուսաստանի` թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոյի կիրառման քաղաքականությանը: Սակայն, ընդհակառակը, այս պահին չարժի նույնիսկ թուրքական ուղղությամբ կտրուկ քայլեր կատարել, առավել ևս, որ դրանք որևէ ռեալ իրագործվելու հնարավորություն չունեն: Չեմ կարծում, որ նման հռետորաբանությունը ճիշտ է»,- ասաց Ա. Եղիազարյանը:
Նա նշեց, որ երրորդ երկրների միջոցով, քանի որ ուղիղ առևտրաշրջանառություն գոյություն չունի, Թուրքիայից ավանդաբար ներմուծում ենք պարենային արտադրանք, հումք: Ընդ որում` ծավալները մեծ են` մոտ 300 մլն դոլարի կարգի, և այդ առումով Թուրքիան Հայաստանի առևտրային գործընկերների տասնյակի մեջ է: Ա. Եղիազարյանի խոսքով` թուրքական ապրանքներն ընդհանրապես մրցունակ են տարածաշրջանում, և, եթե ՀՀ-ն ունենար փոխարինիչներ, վաղուց կփոխարիներ: Տնտեսագետը նշեց, որ Հայաստանը Թուրքիա որոշ քանակով կաշվի հումք է արտահանում. «Այլ բան չունենք տալու»:
Անդրադառնալով նախկինում Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու ծրագրերին` Ա. Եղիազարյանը նշեց, որ էներգետիկ հարաբերությունները մտնում էին ռուսական էներգետիկ ռազմավարության մեջ` սկսած 2000-ական թվականներից, որ Հայաստանն իբր ունի ավելի շատ էներգետիկ հզորություններ, քան ներքին պահանջարկն է, և կարելի է էլեկտրաէներգիա արտահանել հարևան երկրներ, այդ թվում` Թուրքիա. «Դա ռուսական ընկերությունների ամբիցիաներն էին, քան իրականության հետ կապ ուներ: Ժամանակի ընթացքում պարզվեց, որ այդ քաղաքականությունը նույնպես ավելի շատ հայտարարություն էր, քան իրականության հետ կապ ուներ, և որևէ ռեալիզացիա չգտավ, հատկապես, որ վերջին տարիներին Թուրքիան արդյունավետորեն իրականացրել է սեփական էներգետիկ հզորությունների գործարկում»:
Այնուամենայնիվ, եթե քաղաքական նպատակներով նման որոշում կայացվի ու արգելվի թուրքական ապրանքների ներմուծումը, Ա. Եղիազարյանը նշեց, որ ներմուծումը միշտ էլ հեշտ է փոխարինել, պարզապես մեկ այլ գին կվճարենք դրա համար. «Ենթադրվում է, որ այս պայմաններում առկա ներմուծումն ամենաէժանն է: Այլ աղբյուրը համեմատաբար թանկ կլինի: Իհարկե, տնտեսական զարգացումներն էլ ստատիկ չեն, ժամանակի ընթացքում փոփոխվում են, կարող է ի հայտ գալ ավելի էժան ու որակով աղբյուր, բայց այս պահին, ես կարծում եմ, Հայաստանը տնտեսապես դժվար թե շահի այդ էմբարգոյից»: