Թուրքական «դեժավյու»
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 25-ին, լուսաբանում էի մի ասուլիս, որը (ըստ նախապես հայտարարված հաղորդագրության) նվիրված պետք է լիներ սննդամթերքի անվտանգությանը։
Բանախոսները սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող երկու հ/կ-ների ղեկավարներ էին, ովքեր Հայաստանում վաճառվող սննդամթերքի անվտանգության թեմայից սահուն անցում կատարեցին հայ-թուրքական հարաբերություններին և հայրենասիրությանը։ «Հայերը չպետք է գնեն թուրքական ապրանքներ։ Ոչ թե նրա համար, որ դրանք անորակ են կամ վտանգավոր, այլ պարզապես այն պատճառով, որ դրանք թուրքական են»,- բառացի հայտարարեց բանախոսներից մեկը։
Ի՞նչ եղավ հետո։ ՀՀ-Թուրքիա ապրանքաշրջանառությունը հաջորդ 2 տարիներին եռապատկվեց՝ 97 մլն դոլարից հասնելով 270 մլն դոլարի (2008 թվականին)։
Դրանից 10 տարի անց հնչում է նույն առաջարկը։ Սակայն արդեն՝ ոչ թե բոյկոտի, այլ օրենք ընդունելու տեսքով։ Ու ոչ թե ասուլիսի ժամանակ, այլ Ազգային ժողովի նիստի։
«Արգելել Թուրքիայից Հայաստան ներմուծել ապրանքներ, հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա…»։ Մի քանի օր առաջ հնչած այս առաջարկի հեղինակը ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանն էր, ով իր կոչը հիմնավորում էր Ադրբեջանին պատերազմի հրահրելու Թուրքիայի գործելակերպով, ինչպես նաև հայ հասարակությանը սննդի միջոցով և այլ ձևերով սպառնացող վտանգով։
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ այդ հարցն արդիական է դարձել հանրության շրջանում, կա վարչապետի հանձնարարականը, և էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություններ։
Սակայն նա շեշտել էր՝ առաջին հերթին այն ապրանքների մասով, որ Հայաստանի տնտեսությանը սպառնում են կա՛մ որակի, կա՛մ մրցակցության տեսակետից։ Այսինքն՝ Մինասյանը փորձեց այդ առաջարկը ներկայացնել ավելի ընդունելի ու հիմնավորված լույսի ներքո՝ հավելելով, որ առաջիկայում ներկայացնելու է գործողությունների հստակ ծրագիրը։
Իհարկե, թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու կամ սահմանափակելու գաղափարը հատկապես այս օրերին շատերի սրտով կարող է լինել։ Սակայն եկեք միասին ծանրութեթև անենք՝ ինչ ունենք այսօր, և ինչ է դա մեզ տալու։
Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու օգուտը
Տնտեսական առումով օգուտ՝ որպես այդպիսին, չկա։ Տվյալ դեպքում մեր օգուտը Թուրքիային հասցված ֆինանսական վնասն է։ Այսինքն՝ զրկել նրանց այն գումարից, որը թուրքերը ստանում են Հայաստանում սպառվող ապրանքների դիմաց։ Ի՞նչ հետևանք սա կունենա Թուրքիայի համար։ Որպեսզի պատկերը պարզ լինի՝ 2 թիվ նշենք։
2015 թվականին Թուրքիայի ընդհանուր արտահանման ծավալը կազմել է մոտ 144 մլրդ դոլար։ Թուրքական ապրանքներ 2015 թվականին ՀՀ ներմուծվել են 137 մլն դոլարի չափով (ըստ ապրանքի ծագման երկրի)։ Սա նշանակում է, որ Հայաստանի տեսակարար կշիռը Թուրքիայի արտահանման մեջ կազմում է ընդամենը 0,09%։ Այսինքն՝ Թուրքիայի տնտեսությունն այդ հարվածը չի էլ զգա։
Մյուս պոտենցիալ օգուտը, որի մասին երբեմն խոսվում է, հետևյալն է՝ թուրքական ապրանքները կարող են փոխարինվել հայկականով։ Այսինքն, դա կխթանի տեղական արտադրությունը։ Որքանո՞վ է դա իրատեսական։ Կրկին մի քանի թիվ նշենք։
2015-ին ներմուծվել է ավելի քան 570 անուն ապրանք։ Ընդ որում, չկա այնպիսի ապրանք, որի տեսակարար կշիռը 5%-ից ավելի լինի։ Այսինքն Թուրքիայից Հայաստան (և ոչ միայն՝ Հայաստան) ներմուծումը խիստ դիվերսիֆիկացված է։ Աղյուսակում ներկայացված են Թուրքիայից ՀՀ ներմուծված այն ապրանքները, որոնց ծավալը 2015 թվականին մեծ է եղել 1 մլն դոլարից։ Ուսումնասիրեք այն և ինքներդ դատեք՝ դրանցից քանի՞սը կարող ենք փոխարինել հայկականով։
Ցավալի իրողությունն այն է, որ դրանք ոչ թե փոխարինելու ենք հայկականով (գոնե տեսանելի ապագայում), այլ ռուսականով կամ մեկ այլ երկրի արտադրանքով։
Որակի հետ կապված՝ թուրքական ապրանքները գին/որակ հարաբերակցությամբ հիմնականում միջին կատեգորիայի մեջ են տեղավորվում։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Թուրքիան սննդի միջոցով մեզ թունավորում է, ապա դա դավադրությունների տեսությունից է։ Թուրքական արտադրողն ի՞նչ գիտի, թե իր արտահանած խմբաքանակի որ մասն է գնալու հայկական շուկա։ Չէ՞ որ ապրանքների մի մեծ մասի դեպքում առևտուրը միջնորդավորված է. մենք թուրքական ապրանքի մի զգալի մասը գնում ենք ոչ թե՝ անմիջապես Թուրքիայից, այլ՝ հարևան երկրներից։
Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների՝ 2015 թվականին ներմուծվել է թուրքական ծագման 137 միլիոն դոլարի ապրանք, սակայն առևտուր անողի տեսանկյունից՝ անմիջապես Թուրքիայից ներմուծվել է 91.1 մլն դոլարի ապրանք։ Սա նշանակում է, որ շուրջ 46 միլիոն դոլարի թուրքական ապրանքներ (այդ թվում՝ սննդամթերք), վերավաճառվել են մեզ այլ երկրների կողմից։
Մի խոսքով, այս ամենը ծանրութեթև անելով՝ կարող եք ինքներդ գնահատել, թե տնտեսապես ինչ ենք շահում։ Մեր կարծիքով՝ ոչինչ։ Միայն խիղճներս հանգիստ կլինի։
Վնասները
Իսկ ի՞նչ ենք կորցնում։ Բնականաբար, թուրքական ներմուծումը սահմանափակելու դեպքում պետք է սպասել նմանատիպ պատասխանի. թուրքերը նույնպես կարգելեն հայկական ապրանքի ներմուծումը։ Սակայն այս առումով մեր վնասը մեծ չի լինի. առանց այն էլ արտահանում ենք չնչին քանակություն (1.5 մլն դոլարի չափ)։ Սա կարելի է զոհել։
Սակայն վնասները միայն դրանով չեն սահմանափակվում։ Նախ, հայաստանյան մի քանի հազար ընտանիքներ այսօր օրվա հացը վաստակում են Թուրքիայի հետ առևտրի միջոցով։ Թե ինչու է այդպես, այլ հարց է։ Փաստն այն է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքն այս մարդկանց միանգամից զրկում է ապրուստի միջոցներից։
Բացի այդ, կան շատ ապրանքատեսակներ, որոնք հիմնականում ներմուծվում են Թուրքիայից (զուգարանի թղթից՝ մինչև ցիտրուսային մրգեր)։ Արգելքի դեպքում շուկայում կնկատվի դեֆիցիտ և կլինի գների կտրուկ աճ։
Սրան ավելացնենք նաև շինանյութերն ու հայկական արդյունաբերության մեջ օգտագործվող թուրքական հումքը։
Փաստարկը, թե թուրքական ապրանքն արագ կփոխարինվի հայկականով, թույլ է։ Որովհետև շուկան թելադրում է իրենը, ու եթե, ասենք, բամբակի մանվածքը կամ տրիկոտաժի պաստառը հնարավոր լիներ նույն գնով ու նույն որակով արտադրել Հայաստանում (կամ ներմուծել այլ երկրներից), ապա այսօր այդ ապրանքների 80%-ը Թուրքիայից չէր ներմուծվի։ Սա նշանակում է մեկ բան՝ թուրքական ապրանքների տեղը դատարկ չի մնա, սակայն գինն ավելի բարձր կլինի։
Ու այս ամենը քաջ գիտակցում է նաև ՀՀ կառավարությունը։ Դրա համար էլ Արծվիկ Մինասյանը պատասխանել էր, որ գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական պայթյունավտանգ իրավիճակ չստեղծվի։
Շուկայի տրամաբանությունը
Ընդհանրապես, քաղաքական պատճառներով առևտրի բոյկոտն այնքան էլ լավ բան չէ։ Իսկ «չորով» արգելելը՝ սխալ է։ Չի կարելի մարդուն օրենքի ուժով արգելել գնել որևէ երկրի ապրանք կամ հանգիստն անցկացնել որևէ երկրում։ Կամ, եթե անգամ նման բան է արվում, պետք է քաղաքացին որևէ կերպ փոխհատուցվի դրա համար։
Եթե Անթալիա գնալն արգելում ես, ու դրա փոխարեն առաջարկում ես աստղաբաշխական գներով հանգստանալ Ծաղկաձորում, դա, մեղմ ասած, անհասկանալի է։
Յուրաքանչյուրն ինքը թող ծանրութեթև անի՝ կշեռքի մի նժարին դնելով հայրենասիրությունը, մյուսին՝ ֆինանսական նպատակահարմարությունը։
Մենք ընդամենը մի տվյալ նշենք. Թուրքիայի հետ մեր ապրանքաշրջանառությունը 2015 թվականին երեք անգամ ավելի մեծ է եղել, քան Բելառուսի և Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը միասին վերցրած։ Սա՝ այն դեպքում, երբ Թուրքիայի հետ սահմանը փակ է, իսկ այս երկու երկրների հետ միևնույն տնտեսական միության անդամ ենք։
Պատճառն այն է, որ շուկան թելադրում է իրենը։ Այնպես որ, մեր գլխավոր խնդիրը ոչ թե այն է, որ Թուրքիայից ապրանք ենք ներմուծում, այլ այն, որ Հայաստանում չենք կարողացել մինչ օրս առողջ, արտահանմանն ուղղված արդյունաբերություն զարգացնել՝ հույսներս դնելով միայն հանքարդյունաբերության ու կոնյակի վրա։