«Apricotphoto»-ն՝ Երևանում
«Apricotphoto» միջազգային ֆոտոմրցույթի լուսանկարներն արդեն պատրաստ են հյուրընկալելու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն լուսանկարչության մոգական հմայքի հանդեպ: Ցուցահանդեսը մեկնարկեց երեկ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
«Apricot Photo» հայկական առաջին միջազգային լուսանկարչական մրցույթի արդյունքներն ամփոփվել են 2016 թվականի փետրվարին՝ Պրահայում: Մասնակցել է թվով 66 երկիր, 438 լուսանկարիչներ՝ 6500 լուսանկարներով։ Ֆոտոմրցույթին Հայաստանը 540 լուսանկարիչներից ներկայացրել են յոթ լուսանկարիչներ:
Թեև այս անգամ հայ մասնակիցների լուսանկարներից ոչ մեկը մեդալի չի արժանացել, այնուամենայնիվ, յոթ լուսանկարիչներից հինգը ժյուրիի կողմից բարձր գնահատականների են արժանացել:
«Apricot photo» մրցույթին ներկայացվել է մոտ 6500 լուսանկար, որոնցից ցուցահանդեսի համար ընտրել են լավագույն 45-ը:
«Ի դեպ, տարածաշրջանում Հայաստանն առաջին էր, որ անդամակցում է FIAP-ին. միայն վերջերս սկսել է անդամակցել նաև Վրաստանը»,- նշեց «Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի» (APNA) փոխնախագահ Վիգեն Մնոյանը, ով նաև մրցույթի ժյուրիի անդամ է:
Մեր հարցին, թե ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել հաղթող լուսանկարները, Վիգեն Մնոյանը պատասխանեց.
«Կան որոշակի կանոններ, օրենքներ և էմոցիոնալ դաշտ: Երբ այդ ամենը գումարվում է իրար՝ կայացվում է օբյեկտիվ ընտրություն»:
Մեր հարցին, թե հայ լուսանկարիչները բացի՝ տուրիստական Հայաստանի լուսանկարներից՝ ինչպե՞ս էին իրենց «մատնում»՝ հաշվի առնելով, որ ժյուրին լուսանկարի ընտրությունը կայացնում էր՝ առանց նախապես իմանալու հեղինակի անունը, Վիգենը պատասխանեց.
«Զարմանալի էր, բայց տուրիստական Հայաստանի լուսանկարներ չկային, փոխարենը՝ կային բավականին հետաքրքիր աշխատանքներ: Ես՝ որպես ժյուրիի անդամ, կարող էի միայն ենթադրել լուսանկարչի ազգային պատկանելության մասին, քանի որ մենք ընտրությունը կայացնում էինք՝ առանց իմանալու հեղինակի անունը»: