Ներկայացվեց Զորի Բալայանի ստեղծագործերությունների հիման վրա նկարահանված «Ապաշխարություն» ֆիլմը
Հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանի հրապարակախոսական ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Ապաշխարություն» ֆիլմը ապրիլի 29-ին ներկայացվեց հանդիսատեսի դատին: Ֆիլմի ռուսերեն տարբերակի պրեմիերան տեղի ունեցավ Հայ-ռուսական համալսարանում:
Զորի Բալայանի խոսքով՝ ֆիլմի ռեժիսոր Արշակ Մարգարյանի հետ արդեն մի քանի անգամ աշխատել է: «Արշակը կարդացել էր իմ վիպակներից մեկը օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին ու անմիջապես ֆիլմ նկարահանել: Այս անգամ էլ նա վերցրել է տասնյակ գրքեր, հատկապես հրապարակախոսության ժանրից ու ստեղծել մի նոր կինոնկար»,- պատմեց գրողը: Բալայանը հավելեց, որ դժվարանում է կոնկրետ նշել ֆիլմի ժանրը, քանի որ հիմքում ընկած են տասնյակ պատմություններ:
Ռեժիսորը նշեց, որ ֆիլմն ընդգրկում է շատ թեմաներ, բայց բոլորը հանգում են մեկ ընդհանուր եզրակացության. այն հայ ժողովրդի հույզերի, ցանկությունների ու նպատակների մասին է: «Եթե փորձենք ներկայացնել ֆիլմի ընհանուր գաղափարը, ճիշտ կլինի տալ հետևյալ ձևակերպումը՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Մենք կողմ չենք «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքին. նպատակը պետք է արդարացվի միջոցներով, որպեսզի լինի բարոյական»,- ասաց Մարգարյանը
Հայ-ռուսական համալասարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ՀՌՀ Գիտական խորհրդի որոշմամբ Զորի Բալայանին հանձնեց համալսարանի բարձրագույն պատվո շքանշան: ՀՌՀ ռեկտորն ընդգծեց, որ Բալայանը շատ բազմաբովանդակ մարդ է, ում հնարավոր չէ մեկ բառով նկարագրել: «Այնուամենայնիվ նրա կարևորագույն գծերից եմ համարում նրա վիթխարի ուժն ու հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը»,- հավելեց Դարբինյանը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով՝ Զորի Բալայանն իր ժամանակաշրջանի վկան է և եթե ամփոփենք նրա ողջ գործունեությունը, կստանանք ամբողջական պատկեր այդ շրջանի մասին: «Կարծում եմ, այսօր կկարողանանք կվերհիշենք այդ տարիները և տեսնել դրանք Զորի Բալայանի աչքերով»,- ավելացրեց մշակույթի նախարարը: