Բաժիններ՝

«Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պատվիրակությունն իր հետ Ստոկհոլմ կտանի Արցախի դրոշը

«Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պատվիրակությունն իր հետ կտանի Արցախի դրոշը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին նշեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը`անդրադառնալով այն փաստին, որ այս տարվա «դրոշների քաղաքականության» մեջ որպես արգելված նշված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

«Սա ևս մեկ քայլ է, որպեսզի երկրպագուներին քաղաքականությունից զերծ պահեն: Մենք մեզ հետ տանելու ենք Արցախի դրոշը, այնպես չէ, որ չենք տանելու: Այդ ցանկում կան նաև այլ դրոշներ, և պատկերացրեք, եթե այդ բոլոր դրոշները հայտնվեն դահլիճում կամ մարդիկ փորձեն որևէ բողոքի ակցիա կազմակերպել: «Եվրատեսիլ»-ն ունի իր ուրույն կանոնները և հենց այդ կանոնների շնորհիվ է, որ մինչև այսօր`60 տարի շարունակ, գոյատևում է: Եթե մասնակցում ես այդ մրցույթին`պարտավոր ես հարգել օրենքները և խաղալ այդ օրենքներով, մենք բոլորս հարգում ենք և փորձում ենք չափի մեջ խաղալ օրենքներով`չխախտելով որևէ բան»,- նշեց Գոհար Գասպարյանը:

Նրա խոսքով`ցավալի է, որ նման ցուցակ է հրապարակվել: «Նրանք փորձում են այնպես կազմակերպել մրցույթը, որ որևէ մեկը խնդիր չունենա»,-շեշտեց Գոհար Գասպարյանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Հայտարարության մեջ նշված են արգելված դրոշները, որոնց ցանկում է նաև Արցախի դրոշը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչի ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս