«2013 թ. ՄԱԿ-ի ազգագրության հիմնադրամը հայերին ներառել էր կրճատվող ազգերի ցուցակում, իսկ 2014-ից մտել ենք հավերժ ազգերի ցուցակը». Ահարոն Ադիբեկյան
Դո՞ւրս ենք գալիս արդյոք մենք ցեղասպանվածի հոգեվիճակից, ի՞նչն է դրան նպաստում, և ի՞նչ է փոխվել այդ առումով՝ համեմատած նախորդ տարիների հետ: Այս և Ցեղասպանության վերաբերյալ հասարակական տրամադրությունների ու ընկալումների փոփոխման միտումների, ինչպես նաև դրանց համացանցային արտացոլման մասին այսօր լրագրողների հետ զրուցեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, «Ինտերնետ հանրություն» հ/կ նախագահ Գրիգոր Սաղյանը և հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հիշում է. «Երբ անցյալ տարի նախապատրաստվում էինք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, հարց բարձրացավ, թե ի՞նչ տրամադրությունների և զգայական մակարդակում պետք է դա ներկայացվի՝ ցավո՞ւմ ենք, զղջո՞ւմ ենք, թե՞ ոգեկոչում ենք, խիզախում ենք և մեր գործողություններին տալիս արդար բնույթ: Որքան ես հասկացա՝ հետևելով ելույթներին, բալանսավորված մոտեցում նկատեցի, բայց վարքային և տեղեկատվական առումով նոր-նոր է միայն բեկում մտնում, որ մենք պահանջատեր ենք, մենք կանք և կլինենք: Մի կարևոր hանգամանք կա, որի մասին անպայման պետք է բարձրաձայնեմ՝ 2013թ. ՄԱԿ-ի ազգագրության հիմնադրամը հայերին ներառել էր կրճատվող ազգերի ցուցակում, իսկ ահա 2014 թվականից մենք մտել ենք հավերժ ազգերի ցուցակ, ընդ որում, եթե հայերին հաշվում ես միայն Հայաստանով, ապա մենք կրճատվող ազգ ենք, բայց, եթե վերցնում ես աշխարհասփյուռ հայությունը՝ արդեն 12 մլն-ն անցել է, 13 մլն-ին է մոտենում և ապրում է աշխարհի 105 երկրում:
Մենք, որպես ազգ, տարածքային չենք, այլ՝ գլոբալ ենք, և դա մեր ընկալումները բավականին փոխում է: Բայց ինչպես Սփյուռքն է ասում՝ եթե դուք չլինեք քարտեզի վրա, մենք կորած ենք: Այստեղ մեկ այլ հարց էլ է ծագում՝ իսկ ի՞նչն է կապում մեզ ու Սփյուռքին, ո՞րն է մեր միացյալ նպատակը, գերխնդիրը՝ որպես մեկ միասնական ազգ: Դա, իհարկե, Ցեղասպանության խնդիրն է, չհաշված, անշուշտ, այն, որ մենք նույն լեզվի ու նույն կրոնի կրողներն ենք»:
168.am-ի այն հարցին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե մի օր մեր առջև դրված այդ հարցն իր վերջնական լուծումը գտնի, ի՞նչն այլևս կարող է կապել մեզ ու Սփյուռքին՝ որպես գերխնդիր, ազգային շահ, բանախոս Ահարոն Ադիբեկյանը պատասխանում է.
«Ցավոք, ուրիշ ոչ մի բան»:
Առավել լավատեսական էր հնչում հոգեբան Կարինե Նալչաջյանի անդրադարձը հնչեցված հարցին, ով այս պարագայում չի բացառում, որ Հայաստանի և Սփյուռքի համար կարող է առաջ գալ մեկ այլ նույնչափ կարևոր ազգային միասնական շահ, ինչպիսին կարող է լինել՝ հզոր Հայրենիք ունենալու գաղափարը, և այլևս բոլոր ջանքերը կարող են ի սպաս դրվել՝ տնտեսապես հզորացնելու ու շենացնելու Հայրենիքը:
Կարինե Նալչաջյանը լրագրողներին ներկայացրեց իր դիտարկումները Ցեղասպանության հոգեբանական կողմի վերաբերյալ.
«Կա դահիճ և կա զոհ: Մենք դրանից որևէ տեղ չենք կարող փախչել, որքան էլ որ տհաճ է զոհի կարգավիճակում լինելը, բայց եկեք ընդունեք այն ճշմարտությունը, որ զոհ էլ կա, զոհ էլ: Կա զոհ, որ խեղճանում է, թուլանում և գնում է դեպի ոչնչացում: Կա զոհի մի տեսակ էլ, որ բողոքում է իր այդ կարգավիճակից և ոչ ադեկվատ պահվածք որդեգրում: Եթե չկա ցավի զգացում, չի կարող լինել նաև վերակենդանացման, պահանջատիրության և հաղթանակի ձգտում: Ես կարծում եմ, որ 90-ականների Արցախյան գոյամարտի մեր փայլուն հաղթանակը մեզ մեկընդմիշտ հանեց սպանվածի, մորթվածի ու պարտվածի հոգեբանությունից: Մենք հառնեցինք նորից, և ապրիլյան քառօրյա պատերազմ կոչվածն էլ, իր հերթին, մեզ մեկ անգամ ևս ապացուցեց դա»:
«Ինտերնետ հանրություն» հ/կ նախագահ Գրիգոր Սաղյանը համոզված է, որ Ցեղասպանության վերաբերյալ հասարակական տրամադրությունների ու ընկալումների փոփոխման միտումները մեծապես կապված են ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ, որը, ըստ բանախոսի, թույլ է տալիս հասարակական լայն քննարկումների հարթակ հանել այն տեսակետները, որոնք ժամանակին հնչում էին միայն տնային խոհանոցներում կամ բակային միջավայրերում.
«Գյություն ունի ցանցի օգտակարության հասկացություն, որը քառակուսի համեմատական է ցանցից օգտվողների թվին: Այսինքն, որքան շատ օգտվող ունես ցանցում, այնքան քո օգտակարության քառակուսին ավելի մեծ է այդ ցանցում: Այսօր սոցիալական ցանցերի և, մասնավորապես, Ֆեյսբուքի և Թվիթերի տարածումը հանգեցրել է նրան, որ գաղափարները, որոնք ընկալվում են հասարակության կողմից, հնարավորություն ունեն շատ արագ տարածվելու: Մենք արդեն ականատեսն ենք այն բանի, որ սոցիալական ցանցերը հսկայական աշխատանք են կատարել, որպեսզի առողջ գաղափարն ու այն զոհի կեցվածքը, որ կար և առաջին անգամ հաղթահարվեց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ավելի ու ավելի խորը արմատներ գցի հասարակության մեջ»:
Բանախոս Գրիգոր Սաղյանն անդրադարձ կատարելով Ահարոն Ադիբեկյանի դիտարկմանը, թե աշխարհում 13 մլն հայ է ապրում, հարց է բարձրացնում՝ իսկ ինչո՞ւ մենք չենք կարողանում այդ ներուժն արդյունավետ օգտագործել, և ինքն էլ պատասխանում է հարցին.
«Տարբեր հաշվարկներով գնահատվել է, որ Սփյուռքի ներդրումային ներուժը կազմում է 400-800 մլն դոլար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոչ մի կերպ չի ստացվում անել այնպես, որ մենք այդ պոտենցիալն օգտագործենք՝ ի շահ մեր երկրի տնտեսական և այլ տեսակի զարգացումների: Շատ պարզունակ օրինակ բերեմ՝ նայում ենք ու տեսնում ենք, որ Հայաստանում նույնիսկ «Մաքդոնալդս» չունենք: Ստացվում է՝ ներսի միջավայրն է, որ թույլ չի տալիս բարենպաստ պայմաններ ստեղծել դրսի ներդրումները ռացիոնալ օգտագործելու համար: Եթե գաղափարը ոգեշնչում է մարդկանց, ապա մարդիկ սկսում են մտածել՝ իսկ ինչպե՞ս անենք, ի՞նչ անենք: Նորից շատ պարզունակ օրինակ բերեմ՝ եթե դուք երբևէ խաղացել եք համակարգչային խաղեր, ապա անպայման նկատած կլինեք՝ հաղթում է միայն այն մասնակիցը, ով հզորացնում է իր տնտեսությունը: Մնացած որևէ դեպքում հաղթանակի շանսերը համարյա զրոյական են»: