
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը խոսել է քաղցկեղից վերականգնման մասին

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ խոսել է քիմիաթերապիայի ծանր հետևանքների մասին։
Հուլիսի 2-ին Անգլիայի Էսեքս նահանգի Քոլչեսթեր հիվանդանոցի «Բարեկեցության այգի» այցելության ժամանակ արքայադուստրը հիվանդներին ասել է, որ նրանք քաջություն են ցուցաբերում, իսկ երբ բուժումն ավարտվում է, կարող են շարունակել ապրել ու վերադառնալ նորմալ կյանքին։
«Իրականում հաջորդ փուլը շատ դժվար է. այլևս պարտադիր չէ, որ դուք կլինիկական թիմի հսկողության տակ լինեք, սակայն չեք կարող տանը նորմալ գործել, ինչպես գուցե նախկինում էր», – հավելել է նա։
Այցի ընթացքում արքայադուստրը նաև հանդիպել է հիվանդների և անձնակազմի հետ՝ հասկանալու, թե ինչպես են առողջապահական հաստատությունների այգիները կարևոր դեր խաղում առողջության լավ արդյունքների խթանման, առողջության վատթարացման կանխարգելման և վերականգնման ժամանակի ավելացման գործում։
43-ամյա Քեյթը վերջին մեկ տարվա ընթացքում ընդգծել է բնության կարևորությունն իր առողջանալու գործում։
Ուելսի արքայադուստրը 2024 թվականին է հայտնել, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։