Բաժիններ՝

«Տագնապի զգացողությունը նոր թափով գլուխ բարձրացրեց այն պահից, երբ զգացինք՝ կարող է մեզ հետ ինչ-որ բան պատահել». Կարինե Նալչաջյան

Այսօր լրագրողների հետ հանդիպել էին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, «Ինտերնետ հանրություն» հ/կ նախագահ Գրիգոր Սաղյանը և հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Հոգեբան Կ. Նալչաջյանը նշեց, որ երկրի ներսում առկա վախի և տագնապի զգացողություններն արդյունք են սահմանային լարված իրավիճակի և երեկ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի: Վերջին ամսվա ընթացքում հասարակության տրամադրությունները բաղկացած են իրար հաջորդող պոռթկումներից ու անկումներից, ընդ որում, վախն ավելի հեշտ է տանել, քան տագնապը, որովհետև տագնապն ինքնին անորոշություն է, իսկ վախի պարագայում մարդը հստակ գիտակցում է, թե ինքն ինչից է վախենում, և կարող է պայքարել իրեն պատուհասած սպառնալիքի դեմ.

«Ինչ վերաբերում է երեկ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած դեպքին, ապա, կարծում եմ, սրա արդյունքում առաջացած վախն ու տագնապը կհաղթահարվի միայն այն պահից սկսած, երբ հասարակությանը հստակ կիրազեկեն, թե ինչն է եղել այդ ողբերգության իրական պատճառը: Քանի դեռ օդում կախված անորոշության զգացումը առկա է, և մարդիկ չեն հասկանում՝ ահաբեկչության փո՞րձ էր դա, դժբախտ պատահա՞ր, թե՞ տրանսպորտային միջոցի  շահագործման անզգույշ վերաբերմունքի արդյունք, տագնապն ու վախը կշարունակվի և կունենա իր հետևանքները: Ես այսօր նույնիսկ լսեցի, որ շատ մարդիկ վախենում են օգտվել ավտոբուսից, որը ևս խոսում է ստեղծված իրավիճակում մարդկանց ադեկվատ վարքի մասին»:

Խոսելով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների մասին, հոգեբանը նկատեց.

«Մենք գիտենք, որ ապրում ենք մի աշխարհում, որը, մեղմ ասած, ապահով աշխարհ չէ: Մենք մեզ միշտ լավ ենք զգացել, որովհետև մտածել ենք, որ այդ ահաբեկչություն կոչված ծանր սպառնալիքն ու աղետը մեզանից շատ հեռու է եղել: Այս պահին, բնականաբար, մեզանից որևէ մեկը չի կարող հստակ ասել՝ ինչի՞ հետևանք էր երեկվա պատահարը, բայց եթե խոսում ենք հոգեբանության տեսակետից, թեկուզ ենթադրությունների մակարդակով, մենք պետք է արձանագրենք, որ այս պահին, այո´, կա այդ ենթադրությունը, որ սա կարող էր լինել նաև ահաբեկչության փորձ: Մենք կարող ենք նաև մտածել այլ վարկածների ուղղությամբ, որ ինչ-որ մեկն անզգուշաբար ինչ-որ բան էր տեղափոխում, և դա պատահեց:

Մի խոսքով՝ մինչև չլինեն համապատասխան մասնագետների վերջնական եզրակացությունները, մենք որևէ հստակ հետևության չենք կարող գալ, բայց տագնապի զգացողությունը նոր թափով գլուխ բարձրացրեց այն պահից, երբ մենք զգացինք՝ կարող է մեզ հետ ինչ-որ բան պատահել»,- ասաց նա:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքից պարզ էր դառնում, որ վերջինս երեկ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցածը վերագրել է տեխնիկական անսարքության կամ ամենաթողության.

«Երբ նոր-նոր տրանսպորտային մասնավոր գծեր էին բացվում, ես արդեն արված հետազոտություններ ունեի, որի արդյունքում համապատասխան պատկան մարմիններին առաջարկեցի, որ տրանսպորտային բոլոր միավորներն ամենօրյա զննում անցնեն, և հերթապահ մեխանիկն իր ստորագրությունը դնի, որ ամեն բան սարքին ու կարգին է: Ես առաջարկում էի, որ դրանք լինեն ամենշաբաթյա, ամենամսյա և տարեկան խորացված զննումներ: Գիտե՞ք՝ ինձ ինչ պատասխանեցին՝ կարելի է անել, բայց տրանսպորտի ուղեվարձը կեռապատկվի: Ես էլ հարց բարձրացրեցի՝ ո՞րն է ավելի նախընտրելի, որ տրանսպորտը լինի ապահով և անվտա՞նգ, թե՞ մի քանի դրամ ավելի թանկ: Ասացին ՝չէ, դեռ թող յոլա գնան, հետո կտեսնենք, թե ինչ կանենք: Իմ խորին համոզմամբ՝ երեկվա դեպքն ա´յ սրա հետևանք է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս