Բաժիններ՝

«Առաջին անգամ տագնապի զգացողություն նկատեցի, երբ օդում կախված լուրեր պտտվեցին տարածքների հանձնման մասին». հոգեբան Կարինե Նալչաջյան

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, «Ինտերնետ հանրություն» հ/կ նախագահ Գրիգոր Սաղյանը և հոգեբան Կարինե Նալչաջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախատեսում էին խոսել «Ցեղասպանության վերաբերյալ հասարակական տրամադրությունների ու ընկալումների փոփոխման միտումների, ինչպես նաև դրանց համացանցային արտացոլման մասին: Սակայն հաշվի առնելով երեկ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի պայթյունը՝ բանախոսներն ընդարձակ անդրադարձ կատարեցին նաև այդ թեմային:

Հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մեր երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը, ինչպես նաև երեկ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի պայթյունը, հոգեբան Կարինե Նալչաջյանն առանձին մեկնաբանությամբ հանդես եկավ՝ հակիրճ մասնագիտական բնութագիր տալով երկրի ներսում տիրող հոգեբանական վիճակին:

Մասնագետը զուգահեռներ անցկացրեց վերջին ամսվա ընթացքում մարդկանց մեջ առկա երկու դոմինանտ տրամադրությունների՝ վախի և տագնապի միջև: Եթե, ըստ հոգեբանի, վախը դեռևս ամենասարսափելի զգացողությունը չէ, որ վերջին ամսվա ընթացքում առկա է երկրում ապրող յուրաքանչյուր մարդու մոտ, ապա տագնապն իսկապես կարելի է համարել վատագույն հոգեբանական վիճակը, որում այսօր հայտնվել է հասարակությունը.

«Վերջին օրերին մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ հասարակության տրամադրությունները բաղկացած են իրար հաջորդող պոռթկումներից ու անկումներից՝ հաղթանակի բերկրանք և զոհերի հետ ունեցած ծանր ապրումակցումներ… Մեր ոգին բարձրանում է, տեսնում ենք, թե որքա՜ն միասնական ենք, ամեն մեկը՝ պատրաստակամ՝ ինչ-որ բանով իր լուման ներդնել ստեղծված իրավիճակում, բայց սրան կից կա նաև տանգապի գիծը: Ես ուզում եմ մենք հստակ առանձնացնենք վշտի և տագնապի զգացողությունները: Այս օրերին ես առաջին անգամ տագնապի զգացողություն նկատեցի միայն այն պահին, երբ օդում կախված լուրեր պտտվեցին տարածքների հանձնման մասին: Խոսակցություններ կային, բայց որևէ փաստ չկար, կարծես մտածում էինք՝ չէ, չի կարող նման բան պատահել՝ «ոչ մի թիզ հող»-ն է հաղթանակող նշանաբանը:

Հետո տարածված ինֆորմացիաները մեզ տանում են նրան, որ՝ չէ, իրավիճակը նման է հողեր հանձնելուն… Ընդ որում, տագնապը նույնիսկ հասավ բարձրակետին, և դա եղավ այն պահին, երբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մենք քաջատեղյակ ենք առաջին նախագահի՝ այս հարցում ունեցած դիրքորոշմանը: Տագնապն աճեց, մեծացավ, և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի գալու պահը տագնապի կիզակետն էր: Բոլորը, շունչները պահած, սպասում էին, թե ինչ է լինելու: Դրանից հետո թեթևության զգացում իջավ, որովհետև կարծես ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար: Այս օրերին տագնապի զգացողությունն ահա այսպիսի զարգացում ապրեց: Մենք կարծես հարաբերականորեն հանգստացել էինք, որովհետև ամեն դեպքում՝ բոլորիս ուշքն ու միտքը, այնուամենայնիվ, մնում են սահմանները, որտեղից, մեղմ ասած, այնքան էլ լավ լուրեր չեն գալիս, և մենք չգիտենք էլ, թե ինչ է մեզ սպասվում ամենամոտ ապագայում»:

Եվ, որպեսզի հաղթահարվի երկրի ներսում առկա տագնապի զգացողությունը, որը պայմանավորված է և´ սահմանային զարգացումներով, և´ երեկ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի պայթյունով, հոգեբանը հորդորում է՝ չտրվել թյուր ինֆորմացիաների ազդեցությանն ու սպասել միայն մասնագետների վերջնական եզրակացությանն ու պաշտոնական տեղեկատվությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս