Սուրիկ Խաչատրյանի պնդմամբ՝ մարզի բնակչությունը հիմնականում դժգոհություններ չունի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՍԱՊԾ պետ Արմեն Աբրահամյանը, ՍԱՊԾ պետի տեղակալ Վահագն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Սյունիքի մարզի սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուների հետ, քննարկել ոլորտի խնդիրներն ու իրականացվող ծրագրերի ընթացքը, խոսել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման մասին. «Երբ մենք խոսում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների մասին, պետք է հստակ հասկանանք, որ առաջին հերթին խոսում ենք գնահատված կարիքի հիման վրա ծառայություններ մատուցելու մասին: Հանրապետությունում գործող տասնութ նման կենտրոնների կողքին առաջիկա յում Սյունիքի մարզում ևս կբացվեն համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններ: Այդ կենտրոնների գործունեության արդյունավետությունը պետք է առավել բարձրացվի և արվի հնարավորը, որպեսզի քաղաքացին զանազան դռներ բախելու փոխարեն օգտվի «ﬔկ պատուհանից»: Այս համատեքստում նախարարը կարևորել է քաղաքացուց մեկ միասնական ընդունարանի միջոցով դիմում ընդունելու գործընթացը և քաղաքացուն նախնական խորհրդատվության մատուցումը:

Նախարարը տարածքային կենտրոնների ղեկավարներին ներկայացրել է նաև ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիրը և դրա շրջանակներում աջակցության ցանցերի ձևավորման գործընթացը: Արտեմ Ասատրյանը նշել է, որ այստեղ պետք է համատեղվեն թե պետական, թե ոչ պետական հատվածի ռեսուրսներն ու ուժերը: «Համաձայնագրի շրջանակներում նախատեսում ենք ոչ պետական հատվածի ամբողջական և լիարժեք ներգրավվածությունը քաղաքացու գնահատված կարիքի հիման վրա ծառայությունների մատուցման մեջ, քանի որ մեր բոլորի նպատակը մեր քաղաքացուն աջակցելն է և նրանց խնդիրները լուծելը»,- ընդգծել է նախարարը:

Զբաղվածության պետական ծրագրերի մասին խոսելիս նախարար Արտեմ Ասատրյանը առանձնացրել է ժամանակավոր զբաղվածություն ապահովող վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագիրը և խոսել ծրագրի արդյունավետության մասին: Նախարարը արդյունավետ է գնահատել նաև մարզում կայուն զբաղվածության ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին նախարարը տարածքային կենտրոնների ղեկավարներին հորդորել է տեղական սոցիալական ծրագրերը մշակել տվյալ համայնքի իրավիճակից ելնելով՝ կարիքների գնահատման հիման վրա, և զուգակցել քաղաքացինների և համայնքի խնդիրների լուծումները:

«Այս առումով բոլորիդ հորդորում եմ ամբողջությամբ ընդգրկվել գործընթացների մեջ, քանի որ սա է միակ ճանապարհը, որպեսզի մենք կարողանանք սոցիալական ծառայության ոլորտին հատկացված ռեսուրսները լիարժեք և արդյունավետ կիրառել»,- սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է նախարարը:

Նախարար Արտեմ Ասատրյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել են նաև համայնքի ղեկավարների և մարզպետարանի աշխատակիցների հետ, քննարկել համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների կարևորությունը և տարածքների խնդիրը՝ նշելով, որ առաջիկայում Մեղրի, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում կգործի տարածքային կենտրոններ: Համայնքի ղեկավարները կարևորելով կենտրոնների գործարկումը և բարձր գնահատելով դրանց արդյունավետությունը, հանդես են եկել առաջարկով, այն է՝ Ագարակ և Քաջարան քաղաքներում ստեղծել համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի առանձնացված ընդունարաններ, որը հնարավորություն կտա տեղի բնակչությանը սոցիալական ծառայություններ ստանալու համար չհասնել Մեղրի կամ Կապան: Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ բարձրացված խնդիրը ենթակա է քննարկման և հնարավորության շրջանակներում կտրվեն համապատասխան լուծումներ:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր հերթին գոհունակություն է հայտնել մարզում իրականացվող սոցիալական ոլորտի ծրագրերից և մատուցվող ծառայություններից՝ նշելով դրանց հետ կապված մարզի բնակչությունը հիմնականում դժգոհություններ չունի: Մարզպետը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար և հույս հայտնել, որ մարզ այցելություններն առավել հաճախ կլինեն:

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախարարը տեղում ծանոթացել է Գորիսում համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի համար առաջարկվող տարածքին:

Տեսանյութեր

Լրահոս