Քլունին ստիպեց աշխարհին խոսել հայերի ձայնով. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլի 24-ին իրականացված «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The New York Time s-ը նշել է, որ Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն արժանաժել է առաջին մրցանակին: «Մրցանակը ստեղծվել է ի հիշատակ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության»,- գրում է թերթը: Այն ներկայացնում է մրցանակակրի` Բարանկիցեի պատմությունը և նշում, որ բացի ստացած 100 հազար ԱՄՆ դոլարից, 1 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու և երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-D uc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) և Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):
Բրիտանական The Telegraph պարբերականը մեջբերել է մրցանակաբաշխության ժամանակ Քլունիի հորդորն աշխարհին, որով կոչ էր արել հիշել, որ փախստականները սովորական մարդիկ են` «իմ և ձեզ նման»: «Պարզագույն ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս այս գիշեր այստեղ ենք, քանի որ ժամանակին ինչ-որ մեկը բարություն է արել: Մենք բոլորս այն լավ մարդկանց ուսերին ենք, ովքեր չանտեսեցին մեզ, երբ մենք դրա կարիքն ունեինք»,- մեջբերել է լրատվամիջոցը` ներկայացնելով Իռլանդիայից եկած Քլունիների պատմությունը: Պարբերականը գրել է, որ «Ավրորա» մրցանակի առաջին հաղթողն այն մարդն է, ով 30 հազար մարդ է փրկել:
«Մի անգամ Հիտլերն ասել է. «Սակայն ո՞վ է հիշում հայերին: Պատասխանն է` ամբողջ աշխարհը: Ահա թե ով»,- «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ Ջորջ Քլունիի խոսքերն է մեջբերել The Hollywood Reporter-ը` նշելով, որ հայտնի դերասանն ու գործիչը ողջ աշխարհին հորդորել է ճանաչել հայերի նկատմամբ 1915 թվականին իրականացված կոտորածները որպես Հայոց ցեղասպանություն: Լրատվամիջոցը նշում է, որ թեպետ ողջ աշխարհում շատ երկրներ են պաշտոնապես 1915-ի դեպքերն անվանել «ցեղասպանություն», սակայն ԱՄՆ-ն դեռ այդ քայլը չի կատարել: The Hollywood Reporter-ն ընդգծում է, որ այս հարցում մեծ դիմադրություն է ցույց տալիս Թուրքիան:
«Քլունին կարևոր ձայն է դարձել` ի պաշտպանություն այն երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը, ի դեպ, չի արել Միացյալ Նահանգները»,- գրում է USA Today լրատվականը` ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողի անձնական պատմությունը:
«Օսկարակիր դերասանը պատմել է իր նախնիների պայքարի պատմությունը, ովքեր 19-րդ դարում հեռացել են Իռլանդիայից, և կոչ արել մարդկանց հավատալ, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել»,- նման խոսքերով բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դերասան Ջորջ Քլունիի ելույթին: Լրատվամիջոցը ներկայացրել է մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողին: The Giardian-ը պատմել է, որ նախքան երեկոյի արարողությունը` Քլունին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է հուշահամալիր` հարգելու «այն 1 .5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում»: «Մրցանակաբաշխության ժամանակ Քլունին կոչ արեց աշխարհին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- գրել է բրիտանական լրատվամիջոցը:
«Ավրորա» մրցանակաբաշխությանն անդրադարձել է նաև BBC-ն` նշելով, որ դա հումանիտար մրցանակ է` հիմնված Հայոց ցեղասպանության վերապրածների կողմից` ի հիշատակ նրանց, ովքեր փրկել են իրենց: