Վաղը ուշ կլինի
Ովքե՞ր են Հայաստանում կայացնում ռազմավարական նշանակության որոշումները, ի՞նչ մեխանիզմներով են կայացվում այդ որոշումները, ովքե՞ր են այն անհատները, որո՞նք են այն համակարգերն ու ինստիտուտները, որոնք մասնակցում են այդ որոշումների կայացմանը… Հայաստանում ընդհանրապես որոշումներ կայացվո՞ւմ են, թե՞ ոչ:
Այս հարցերի պատասխանների փոխարեն՝ նորմալ պետության պայմաններում պետք է լինեին բարձրաստիճան պետական պաշտոնյաների անուններն ու պետական կառավարման համակարգի համապատասխան կառուցների անվանումները: Արդյո՞ք ասվածը տեղին է Հայաստանի դեպքում: Բնականաբար ու դժբախտաբար՝ ոչ:
Օրինակ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ հայտարարություն է անում՝ ուղղված, ասենք, Ռուսաստանին, Արևմուտքին, Թուրքիային կամ աշխարհաքաղաքական որևէ այլ ուղղությամբ, արդյոք այդ հայտարարության հիմքում դրվա՞ծ են համապատասխան կառույցների վերլուծությունները, հաշվարկները, սցենարները, դրանցից յուրաքանչյուրի ռիսկերի գնահատականները: Հազիվ թե:
Ընդհանրապես, տպավորություն է, որ, հատկապես ֆորսմաժորային իրավիճակներում, առանցքային որոշումներ կայացնում է Սերժ Սարգսյանն անձամբ, գուցե շատ նեղ շրջանակի անձանց հետ խորհրդակցելով: Բայց գրեթե վստահաբար կարելի է ասել, որ այդ որոշումների թիկունքում չկան ինստիտուտներ, վերլուծական կենտրոններ, չկա համակարգված աշխատանք:
Այն պարզ պատճառով, որ այդպիսի միավորներ Հայաստանում պարզապես չկան: Օրինակ, նույն արտաքին քաղաքականության բնագավառում կայացվող այս կամ այն, առաջին հերթին՝ արմատական որոշման դեպքում, կարելի՞ է արդյոք անգամ երևակայել, որ ՀՀ արտգործնախարարությունը մասնակցում է դրա կայացմանը: Մասնակցում է ոչ թե՝ բյուրոկրատական տեղեկանքներ տրամադրելով, այլ՝ լուրջ, վերլուծական, «ուղեղային» աշխատանքով: Այդ հարցի պատասխանը ստանալու համար բավական է լսել արտգործնախարարի հայտարարությունները: Արդյոք ազգային անվտանգության ծառայության համապատասխան բաժինները զբաղվո՞ւմ են նույնաբովանդակ աշխատանքով, որի արդյունքը պետք է լինի կայացվող ռազմավարական որոշումների գնահատականը, այս կամ այն որոշման հնարավոր զարգացման սցենարը` դրական և բացասական ելքերով:
Օրինակ, այսօր հայ հասարակության մեջ միանգամայն արդարացիորեն ու օբյեկտիվորեն հարցեր են բարձրացվում` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթի, այդ երկրի հետ դաշնակցային կապերի ձևական ու բովանդակային կողմի, Ռուսաստանի ստեղծած ԵՏՄ-ից դուրս գալու, ընդհուպ` Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաների տեղակայման նպատակահարմարության հետ կապված: Սրանք չափազանց կարևոր հարցեր են, և իրավացի են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այս խնդիրների հետ կապված ավելորդ զգայականությունն անթույլատրելի է:
Բայց բոլոր այդպես ասողներն այսպես են ասում ոչ թե այն պատճառով, որ գիտեն այդ հարցերից յուրաքանչյուրի` այս կամ այն կերպ լուծման հետևանքները, ոչ թե այն պատճառով, որ կարդացել են համապատասխան վերլուծություններ ու սցենարներ այս կամ այն զարգացման վերաբերյալ, այլ, որովհետև այդ ամենի բացակայության պատճառով առաջնորդվում են բնազդային վախով` ռուսներին չի կարելի նեղացնել: Բայց պետությունը պետություն պետք է լինի նրանով, որ ունենա եթե ոչ՝ բոլոր, ապա՝ գոնե գրեթե բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի այդ հարցերին կարողանա պատասխանել հիմնավորված` ներկայացնելով, թե այս կամ այն որոշումը ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Ասենք, առաջարկ է հնչում՝ դուրս գալ ԵՏՄ-ից կամ բարձրացնել Գյումրիում տեղակայված ռազմակայանները Հայաստանից հանելու հարցը: Համապատասխան կառույցների առկայության դեպքում պետությունը կունենար գոնե մոտավոր գնահատական-կանխատեսումներ, թե ինչպիսի քաղաքական ու տնտեսական հետևանքների կարող է հանգեցնել ԵՏՄ-ից դուրս գալը, կամ ինչպիսի ռազմաքաղաքական սպառնալիքներ կարող է պարունակել ռուսական ռազմակայանի տեղակայման հարցի բարձրացումը: Այդ հարցերը պետք է ունենային ոչ թե՝ մեկ, այլ՝ առնվազն մի քանի պատասխաններ` յուրաքանչյուրի ռիսկերի ու հնարավորությունների գնահատականներով: Դա այն է, ինչ կոչվում է համակարգերի աշխատանք, հաճախ՝ չերևացող, սակայն կարևորագույն աշխատանք, առանց որի՝ պաշտոնյաներն անգամ իրավունք չպետք է ունենային որոշումներ կայացնելու:
Ակնհայտ է, որ Հայաստանում ոչ միայն նման համակարգեր չեն գործում, այլ, եթե անգամ անվանապես ինչ-որ միավորներ կան, ապա դրանք ծառայում են ոչ թե՝ ղեկավարների համար որոշումների պատրաստմանը, այլ՝ ղեկավարների ընդունած որոշումների «հիմնավորմանը»: Ու ստացվում է` պետության համար կարևորագույն, ճակատագրական որոշումները կայացնում են չափազանց սահմանափակ թվով անհատներ, ինչը նշանակում է, որ պետության ճակատագիրը կախված է ոչ թե՝ համակարգերի, իրար հակակշռող համակարգերի, այլ՝ առանձին վերցրած անձանց, թեկուզ՝ ամենաբարձրաստիճան անձանց սուբյեկտիվ հատկանիշներից:
Տեխնիկապես նման համակարգերի կայացումը գուցե ոչ այնքան հեշտ է, սակայն անհնարին չէ: Ու հարց է առաջանում. ինչո՞ւ անցած երկուսուկես տասնամյակների ընթացքում Հայաստանում նման ինստիտուտներ չեն կայացել: Պատասխանը շատ պարզ է. բոլոր իշխանություններն էլ, որոնք պետք է նման համակարգերի ստեղծման պահանջարկ ձևավորեին ու դառնային դրանց «արտադրանքի» սպառողը, նման խնդիր չեն դրել:
Որովհետև բոլոր իշխանությունների խնդիրը եղել է և կա, առաջին հերթին՝ սեփական իշխանության պահպանումը, և բոլոր քիչ թե շատ գործող համակարգերը ծառայել են այդ խնդրին: Սա իշխանությունը պետության հետ նույնացնելու արատավոր երևույթի վկայությունն է, որի հետևանքով ոչ թե իշխանություններն են ծառայում պետությանը, այլ հակառակը` պետությունն է հանդիսանում գործիք իշխանության համար:
Վաղուց հասունացել է պետությունն իշխանությունից տարանջատելու հարցը: Հակառակ դեպքում իշխանության` անցողիկ լինելու օբյեկտիվ հատկանիշը տարածվելու է նաև պետության վրա: Վաղը ուշ կլինի: