Հիշում ենք և նահանջում

Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է, որը, ինչպես ամեն տարի, նշվելու է առանձնահատուկ կերպով: Գուցե ոչ այնքան, որքան անցած տարի՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, բայց, ամեն դեպքում` մենք Ցեղասպանության տարելիցը նշելու ձևը լավ գիտենք ու կարողանում ենք աշխարհի առաջ միասնաբար, առանձնակի համախմբվածությամբ ներկայանալ զոհի կարգավիճակով: Ներկայանալ ու պահանջել: Պահանջել ու ոչինչ չանել:

Որովհետև պահանջելը պասիվ գործողություն է, իսկ որևէ բան անելը ենթադրում է մտքի, ուղեղի աշխատանք, ստեղծագործականություն ու կամք, վճռականություն, ի վերջո: Բայց մենք վճռական ենք զոհ լինելու ու որպես զոհ ներկայանալու հարցում միայն: Որովհետև հաղթողի, չպարտվածի ու չցեղասպանվածի դերում հայտնվելու համար պետք է նախ՝ հաղթել, չպարտվել ու չցեղասպանվել: Ոչ միայն՝ ֆիզիկապես, այլ առաջին հերթին՝ բարոյապես:

Բայց բարոյականությունից մեզ հոգեհարազատ է միայն հաղթանակը` բարոյական, որը նույնն է՝ ինչ ֆիզիկական պարտությունը: Ապրիլյան պատերազմի 4 օրերին հայ հասարակությունը` Զինված ուժերի գլխավորությամբ, ցույց տվեց, որ չի ցանկանում հերթական անգամ հայտնվել զոհի դերում, դրսևորեց իրական, շատ ֆիզիկական համախմբվածություն ու հետ մղեց ադրբեջանական ագրեսիան:

Բայց ընդամենը մի քանի օր էր պետք, որպեսզի այդ ագրեսիան տրանսֆորմացվի ռազմավարադաշնակցային ագրեսիայի, որի դեմ պետք է պայքարի ոչ թե՝ հասարակությունը, այլ՝ իշխանությունը, որը, սակայն, այդքան համարձակություն ու կամք չունի: Որովհետև Ադրբեջանին զինող Ռուսաստանին Հայաստանն անհրաժեշտ է ոչ թե՝ հաղթողի ու թելադրողի, այլ՝ զոհի ու մուրացողի կարգավիճակում:

Որովհետև Ռուսաստանը 100 տարի իր տարածաշրջանային քաղաքականությունը կառուցել է հենց այդ` հայերի՝ պոտենցիալ զոհ լինելու ու «ռուսական պաշտպանության» առասպելի հիման վրա: Բայց անցած մի քանի շաբաթներին հայ հասարակության` 100 տարի շարունակ լվացված ուղեղը միանգամից մաքրվեց, պարզվեց, ու հասարակությունը դադարեց հավատալ այդ առասպելին:

Դրա համար էլ ռուսներն առանձնակի «սրտացավությամբ» են այս օրերին խոսում Հայոց ցեղասպանության մասին, դրա համար Լավրովը սովորականից ավելի շատ է կռանում Ծիծեռնակաբերդում դրված ծաղկեպսակի առաջ… Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումն ու ոգեկոչումը, իհարկե, բոլորիս պարտքն է: Բայց բոլորիս պարտքը պետք է լինի նաև վերջապես գիտակցելը, որ անթույլատրելի է պետության քաղաքականությունը կառուցել միայն Ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակադրման վրա, որ անթույլատրելի է հրճվել այլոց կողմից Թուրքիայի հետ սեփական հաշիվները պարզելու նպատակով Հայոց ցեղասպանությունը շահարկելու դրսևորումների վրա:

Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենաառարկայական դրսևորումը նորմալ, հզոր պետության կառուցումն է, որը դասեր քաղած կլինի պատմությունից ու վերջապես կկարողանա տարբերել դաշնակցին՝ թշնամուց, ու բարեկամին՝ օգտագործողից:

Այլապես հայ ժողովրդի հավաքականության ու միասնականության միակ առիթը մնալու է ապրիլի 24-ը, որի կարգախոսը, այսօրվա քաղաքականության շարունակականության դեպքում, դառնալու է «Հիշում ենք և նահանջում»-ը:

Տեսանյութեր

Լրահոս