«Եթե այս ձեռագրերը կարող են կողք կողքի ապրել միասին, ինչո՞ւ չի կարելի այս նույնը տարածել նաև տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա». Վարդան Գրիգորյան

«Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան շատ հպարտ է աջակցել տարբեր կազմակերպությունների հիմնադրմանը»,- այսօր Մատենադարանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ այս մասին ասաց «100 LIVES»-ի համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանը:

Այսօր առավոյան տեղի ունեցած ելութներից Վ. Գրիգորյանը հասկացել է, որ իրենք բոլորը «մեղավոր» են: «Այսինքն՝ մենք՝ պրոֆեսորներս. մեզ տրված է խոսել 45 րոպե: Եթե մենք որպես բիզնեսմեններ լինեինք, մեր գաղափարները չպետք է այդպես անվճար տայինք մարդկանց»,- կատակեց Վ. Գրիգորյանը:

Նա նկատեց, որ մենք միշտ խոսում ենք կրոնի մասին, բայց շատ բան չգիտենք դրա մասին: Նա հավատացած է, որ, երբ հարցնի՝ դահլիճում նստածներից քանի՞սն են կարդացել Ղուրանը, մեկ-երկու հոգին կարձագանքեն, երբ հարցնի՝ քանի՞սն են կարդացել Աստվածաշունչը, գուցե շատերը կարդացած լինեն, բայց միայն առաջին մասը:

«Հիմա իմ մտավախությունն այն է, որ շատերը բավականաչափ ուսյալ չեն, և ոչ միայն՝ լրագրողները, նաև քաղաքագետները, տնտեսագետները… Նրանք բոլորը հավատում են նեղ մասնագիտացված դարաշրջանին, այսինքն՝ մասնագիտությունների հատվածավորմանը: Դա նշանակում է՝ ունենում ենք հասարակություն, որտեղ ունենում ենք մասնագետներ, նրանք տիրապետում են մասնագիտական գիտելիքների, և այդ գիտելիքներն էլ ուղղում են այդ մասնագիտացած հասարակությանը»,- նշեց Վ. Գրիգորյանը:

Նա նկատեց, որ հիմա շատ առարկաներ, այդ թվում՝ աշխարհագրությունը, անգլերենը, քաղաքագիտությունը, դպրոցներում այլևս չեն դասավանդվում. «Կարող ես քննարկել՝ ինչպես կարելի է խաղալ հանճարեղ շախմատային խաղ, սակայն հենց շախմատի տախտակն ինքնին ռասիզմ է արտահայտում, որովհետև այնտեղ կան տարբեր ֆիգուրներ, ու դրանք զոհվում են մարտի ընթացքում: Շատեը ծանոթ չէին Իրաքի պատմությանը, Սիրիայի պատմությանը, կամ այդ ճգնաժամերին, բոլորը չեն կարդացել այդ վերջին զեկույցները, մեծ մտքեր ունեցող մարդիկ վերլուծում են կառավարության, վարչակազմի քայլերը, և մեծ լրագրողները նույնպես պետք է այդպես անեն ու մարտահրավեր նետեն բոլոր վարչակազմերին, որովհետև հազարավոր փաստեր են կեղծվում»:

Նա հայտարարեց, որ իրենք սիրում են Հայաստանը, և այստեղ գտնվում են ոչ միայն այն պատճառով, որ հայ են. «Մենք հիմա հենց այս շենքում ենք, որովհետև այստեղ պահվում է 17 հազար հայկական ձեռագիր, հայերը փրկել են նաև ռուսական, թուրքական, եզդիական ձեռագրեր, ամեն ազգի ձեռագիր, ու եթե այս ձեռագրերը կարող են կողք կողքի ապրել միասին, ինչո՞ւ չի կարելի այս նույնը տարածել նաև տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա»:

Վ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ու ասաց, որ իրենց գործընկերները եզակի աշխատանք են կատարել. «Որովհետև ի մի են բերել եզակին և համընդհանուրը. եզակին հայերն են, իսկ համընդհանուրը միջազգային հանրությունն է, և նրանց հնարավորություն է ընձեռվել՝ շփվելու, խոսելու և լրացնելու մեկը մյուսին»:

Տեսանյութեր

Լրահոս