Սերժ Սարգսյանի և Սերգեյ Լավրովի բանակցություններն անցել են լարված մթնոլորտում. «Իզվեստիա»
Ռուսական «Իզվեստիա» թերթը դարձյալ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ համատեքստում վերլուծել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի երևանյան այցը:
Հոդվածագիրն անդրադարձել է Լավրովի՝ Երևան կատարած աշխատանքային այցին, որի շրջանակում նա այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա բանակցություններ վարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարարները խոսել են երկկողմ համագործակցությունից ու նշել, որ չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա խնդիրներին, երկու երկրների առևտրաշրջանառությունը գրեթե չի կրճատվել: Սակայն հանդիպման գլխավոր թեման, ըստ «Իզվեստիայի», Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն էր:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, թե ռուսական պատվիրակությունը Երևան կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մշակումներ ու գաղափարներ, սակայն բանակցությունների արդյունքների հիման վրա Լավրովը հայտնեց միայն, որ հարկավոր է հետևել 1994թ. և 1995թ. կնքված հրադադարի մասին անժամկետ համաձայնագրին:
«Առաջին հերթին ցանկանում եմ անկեղծ ցավակցությունս հայտնել բռնության հետևանքով զոհվածների հարազատներին։ Այդ հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում: Մենք առաջնային ենք համարում 1994-1995 թթ. զինադադարի մասին պայմանագրի լիակատար և անշեղ կատարումը, որը պետք է հարգվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ կանեն, որ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել էր Լավրովը:
Ավելի ուշ Սերգեյ Լավրովը հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Իզվեստիայի» տեղեկություններով՝ բանակցություններն անցել են լարված մթնոլորտում, ինչը զարմանալի չէ, քանի որ «Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի բոլոր բնակիչների համար շատ ցավոտ հարց է»:
Թերթը, հղում կատարելով Երևանում ՌԴ դեսպանության իր աղբյուրին, հայտնում է, թե ռուսական դիվանագիտության համար շատ դժվար է դարձել աշխատելը: Դա բացատրվում է նրանով, որ Մոսկվան չի ֆինանսավորում հայկական ՀԿ-ներին, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ տարածել ռուսական դիրքորոշումը:
«Մինչ այդ, ԱՄՆ-ն ակտիվորեն առաջ է տանում իր հետաքրքրությունները Հայաստանում՝ ի հաշիվ իր կողմից վերահսկվող ընդդիմադիր ԶԼՄ-ների ֆինանսավորման»,- գրում է «Իզվեստիան»:
«Շատ դժվար է դարձել աշխատելը։ Բոլորին հայտնի է` որքան ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ-ն հայկական ընդդիմությանը` հասարակ քաղաքացիներին տրամադրելով Ռուսաստանի դեմ: Եթե նախկինում Ռուսաստանը կարող էր աշխատել միայն վստահության հիման վրա, ապա հիմա այդպես չի ստացվի:
Վերջին պատերազմի ժամանակ հայերը կորցրեցին իրենց երեխաներին, երիտասարդ տղաների: Իմանալով, որ Ռուսաստանը զենք է մատակակարում և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին, հասարակ հայերը, որ վատ են հասկանում քաղաքականությունից, սկսել են զգուշավորությամբ վերաբերվել Ռուսաստանին»,- թերթին ասել է ՌԴ դեսպանության իր աղբյուրը:
«Հայաստանի տարածքում տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության ոլորտների պատերազմ: Ամերիկյան կառույցներին հաջողվում է երբեմն կազմակերպել բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են Մոսկվայի դեմ:
Օրինակ՝ ապրիլի 21-ին մոտ 200 մարդ, մեծ մասը՝ ուսանողներ, հավաքվել էին Ազատության հրապարակում և երթով գնացել մինչև ՀՀ ԱԳՆ՝ երթն ավարտելով ՌԴ դեսպանատան մոտ: Հնչել է «Ռուս խաղաղապահը մեր անվտանգության երաշխավորը չէ» կարգախոսը»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ այդ ակցիան անցկացնելու համար վճարել էր ամերիկյան կողմը, իսկ Հայաստանի պաշտոնական իշխանությունները նման ակցիաների կողմնակից չեն ու շատ բացասաբար են դրանց վերաբերվում:
«Իզվեստիան» տեղեկացնում է, որ Հայաստանի բնակիչները պատմել են Ռուսաստանի նկատմամբ ավանդաբար լավ հարաբերությունների մասին, սակայն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական ինչ-որ պլանի գոյությամբ, որտեղ ասվում է ԼՂ տարածք խաղաղապահներ մտցնելու ու 7 չեզոք տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու լուրերից:
Ավելի վաղ «Իզվեստիան» հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անձամբ նպաստել ԼՂ հարցի շուրջ մոտ ժամանակներս բանակցություններում փոխզիջում հասնելուն: Թերթի՝ դիվանագիտական շրջանակներում աղբյուրները հայտնել էին, թե Պուտինը պատրաստ է անձամբ համոզել 2 կողմի քաղաքական գործիչներին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և գտնել փոխզիջում: