«Գիտե´մ, թե սոսկալի գազաններով շրջապատուած ենք, մենէ շատերը պիտի ինանանոնց ճիրաններուն մեջ, շատեր պիտի պատառոտվին վայրենի ակռաներով, բայց՝ Նի´չեվօ». Գարեգին Խաժակի վերջին ճառը և պատգամը
Այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Պատասխան 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն գրքի շնորհանդեսը, որին իրենց մասնակցությունն էին բերել հեղինակավոր մտավորականներ Հայաստանից և Սփյուռքից:
«Պատասխան 100 տարի անց» պատկերագրքում Ցեղասպանության զոհ դարձած 20-րդ դարի մտավորականների անպատասխան 10 նամակներին մեկ դար անց պատասխաններ են ուղղել այնպիսի հեղինակավոր մտավորականներ, ինչպիսիք են ՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, անգլիացի ֆոտոլրագրող Ռասսել Փոլլարդը, պոլսահայ երգչուհի Սիբիլը, բելգիացի քաղաքագետ Օդ Մերլինը, թուրք գործարար Օսման Կավալան և այլք:
Առանձին ելույթներից բացի, այսօր շնորհանդեսի ընթացքում ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանն ընթերցեց Հայոց ցեղասպանության նահատակ, հայ մտավորական գործիչ Գարեգին Խաժակի վերջին ճառը, որ նա գրել էր Պոլսի Այաշի բանտում և որով անխուսափելի մահապատժից առաջ հրաժեշտ էր տվել իր բանտակից հայ ընկերներին:
168.am-ը ներկայացնում է 1915 թ. եղեռնագործ օրերին նահատակված հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Խաժակի մահապատժից առաջ գրված վերջին կոչն ամբողջությամբ.
Գարեգին Խաժակի վերջին ճառը
1915-ի ապրիլյան ձերբակալությունների արդյունքում «Քաղաքական Հանցապարտ» որակված Գարեգին Խաժակը, մյուս հայ երևելիների հետ հայտնվում է Այաշի բանտում:
«Այաշի բանտ» ասվածը, 15 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ մութ, դատարկ և կեղտոտ սրահ էր, որը 82 բանտարկյալների համար թե´ ննջարան էր, թե´ խոհանոց:
Այս անմարդկային պայմաններին դիմակայելու համար պետք էր կազմակերպվել։ Բանտակից ընկերները ընդհանուր ժողով են գումարում և «Նախագահական Աթոռը»` «քարյուղի սնդուկը», հանձնում Խաժակին:
Ձևավորվում է 5 հոգուց բաղկացած «Կառավարություն»։
Օր օրի բանտի պատերից ներս էր սողոսկում ճշմարտությունը. առաջինը 20 հնչակյան գործիչներին Պոլսում կախաղան հանելու բոթն էր, որին հաջորդեցին իրենց բանտակից ընկերներից մի քանիսին, մեկ այլ վայր տեղափոխելու պատրվակով, ճանապարհներին սպանած լինելու, և գավառական հայ բնակչության տեղահանության և մասսայական սպանդի մասին լուրերը: Շուրջ 2 ամսվա բանտարկությունից հետո հրաման եղավ, որի համաձայն 6 հոգու` Գարեգին Խաժակ, Էդուարդ Ակնունի, Ռուբեն Զարդարյան, Սարգիս Մինասյան, Նազարեթ Տաղավարյան, Հարություն Ճանկյուլյան, պետք է տեղափոխեին Դիարբեքիր (Տիգրանակերտ)`դատվելու.
«Այնպես կըսվեր, թե Էնկյուրիի մեջ Պատերազմական ատյան մը կազմված էր, որուն առջև պիտի դատվեին, բոլորն ալ, երկու օր վերջը»:
Այս հրամանը վերջնականապես ցրեց փրկության մասին հույսերը. Բոլորը գիտեին, թե ինչ է լինում, երբ իրենցից որևէ մեկին բանտից դուրս են հանում… Իսկ Խաժակը ջանում էր գոտեպնդել ընկերներին. Նստելով իր «նախագահական սնդուկին»՝ նա կարդում է իր վերջին ճառը` սովորականի պես այն սկսելով ինչ-որ պատմությամբ.
«Ռուս իշխաններէն մին, ձմեռ ատեն սահնակով կը ճամբորդեր:
Ճամբան ձիւնն ու փոթորի կըսկսան, և քիչ ետք անօթի գայլերը շրջապատեցին սահնակը:
Ռուս իշխանը, վերջին ծայր հուզումի մատնվելով, կառապանին կպոռա.
– Ի՜նչ պիտի ընենք, ի՜նչ պիտի ըլլայ մեր վիճակը:
Սահնակապանը առանց ետև նայելու կամ վախի նշաններ ցույց տալու կըպատասխանէ.
– Նի՛չեվօ (Ոչի՛նչ, բան մը չէ՛): Եվ կըքշէ սահնակը…
Գայլերն երթալով շատցան և ավելի հանդուգն դառնալով՝ հասան սահնակին ետևէն: Իշխանը վախերը սաստկանալով` սկսաւ գոչել.
– Ա՜յ մարդ, չե՞ս տեսներ, այս գազաններուն ձեռքէն ի՞նչպէս պիտի ազատինք:
Սահնակապանը նույն պաղ արիունութեամբ նորէն կըմռլտա.
– Նի՛չեվօ։
Եւ սահնակը կըքշե եռանդով…
Գայլերը կըկատղին և սահնակին վրայ կըհարձակին:
Իշխանին մարդոց մէմին գայլերուն ձեռքը կ’իյնայ, որոնք պատառ-պատառ կ’ընեն զայն, եւ կըլափեն, բայց սահնակը կըշարունակէ իր ճամբան՝ առանց վարանելու և կանգ առնելու, մինչև որ գիուղ մը կըհասնին և կ’ազատին:
Գիտե´մ, թե սոսկալի գազաններով շրջապատուած ենք, մենէ շատերը պիտի ինանանոնց ճիրաններուն մեջ, շատեր պիտի պատառոտվին վայրենի ակռաներով, բայց Նի´չեվօ, յառա՜ջ…Ազգը պիտի՛ քայլէ ազատութեան ճամբուն վրայէն, պիտի՛ երթա յանդադար, առանց ետ դառնալու, եւ ես վստա´հ եմ, թե պիտի՛ հասնի ազատութեան և խաղաղութեան կայանը` ճիշդ այն նպատակին, որուն համար մենէ շատերը զոհվեցան և պիտի զոհվինք մենք ալ…»: