«ԵԱՏՄ-ն հսկայական ներուժ ունի հարևանների հետ փոխշահավետ հարաբերությունների համար». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ապրիլի 19-ին Մոսկվայում, ելույթ ունենալով Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների «Միջխորհրդարանական համագործակցությունը ի շահ 21-րդ դարում եվրասիական տարածաշրջանի երկրների ընդհանուր բարեկեցության» առաջին խորհրդակցությունում, նշել է տար ածաշրջանային ու գլոբալ մի շարք միտումներ, որոնք կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում ազդեցություն կգործեն Եվրասիական տնտեսական միության զարգացման վրա: Խոսքը վերաբերում է գլոբալացմանը եւ ռեգիոնալացմանը:

Տ. Սարգսյանը հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամը, որը վերաճեց գլոբալացման ճգնաժամի, կատալիզատոր դարձավ ամբողջ աշխարհում ինտեգրացման եւ ռեգիոնալացման գործընթացների համար: «Ռեգիոնալացման միտումների զարգացումը ժամանակակից մարտահրավերներին պատասխաններ, տարբերակներ գտնելու փորձ է, որոնք թույլ են տալիս շոշափել փոխգործակցության նոր ձեւաչափեր եւ, վերջին հաշվով, ձեւավորել նորացված համաշխարհային տնտեսական ճարտարապ ետություն,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:- Տարածաշրջանային տնտեսական ինտեգրացումը համաշխարհային պրակտիկայում իրեն դրսեւորել է որպես ռազմավարական զարգացման հաջողված մոդել: Այսօր կարելի է պնդել, որ հենց տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների արդյունավետությունից կախված կլինի նաեւ ամբողջությամբ վերցված համաշխարհային թրենդների զարգացումը»:

Նա որպես առաջատար թրենդ նշել է տարածաշրջանային մեգամիավորումների ձեւավորումը առեւտրատնտեսական գործընկերությունների ձեւաչափով: Խոսքը, մասնավորոապես, վերաբերում է Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը եւ Անդրատլանտյան առեւտրական եւ ներդրումային գործընկերությանը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ներկայիս համաշխարհային միտման պահպանման դեպքում մի քանի տարի անց համաշխարհային առեւտրի ավելի քան 60 տոկոսը կկարգավորվի ոչ այնքան Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, որքան նման մեգահամաձայնագրերի ռեժիմներով:

Այդ կապակցությամբ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը, որը զարգանում է այդ գլոբալ միտման հունով, այսօր հսկայական ներուժ ունի ոչ միայն ինտեգրացման, այլեւ հարեւան երկրների հետ նոր փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կառուցման համար: «Արեւմտյան ուղղությամբ փոխգործակցության ինտենսիվության որոշակի նվազման պայմաններում մեզ համար առանձնակի նշանակություն է ստանում ակտիվության մեծացումը հարավարեւելյան ուղղությամբ՝ Ասիախաղաղօվկիանոսյան (աշխարհի առավել դինամիկորեն աճող տարածաշրջանի) եւ Լատինամերիկյան տարածաշրջանների ուղղությամբ»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի համար միջազգային համագործակցության հանգուցային ուղղություններից մեկը ազատ առեւտրի գոտիների վերաբերյալ ժամանակակից համապարփակ համաձայնագրերի ձեւաչափերի իրագործումն է: «Այսօրվա դրությամբ Միության հետ համագործակցելու հարցում շահագրգռություն են հայտնել շուրջ 40 երկրներ ու միավորումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ինչպես նշել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության մեջ առանձնակի տեղ է գրավում Չինաստանը, որը Միության մասնակից երկրների խոշորագույն առեւտրական գործընկերն է: 2015 թվականի մայիսին սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու չինական նախագծի զուգորդման շուրջ: Այդ ժամանակ էլ սկիզբ է դրվել Միության եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններին:

Բացի այդ, Տիգրան Սարգսյանը պատմել է, որ ներկայում մշակվում է ԵԱՏՄ-ի, ԱՍԵԱՆ-ի եւ Համագործակցության Շանհայի կազմակերպության հիմքի վրա տնտեսական գործընկերության հնարավոր ստեղծման հարցը: «Այդ նախաձեռնությունը թույլ կտա Միությանը՝ հաջողակ եւ մրցունակ լինել նոր ռեգիոնալացման պայմաններում եւ հավելյալ հնարավորություններ կապահովի միջազգային ասպարեզում միավորման առաջշարժման համար»,-նշել է նա:

Տիգրան Սարգսյանն առանձնակի կարեւորություն է տալիս այն կապերին, որոնք հաստատվում են Եվրասիական տարածաշրջանի խորհրդարանների միջեւ: «Հենց խորհրդարանական կոոպերացումը թույլ կտա մեզ մշակել այն օրենսդրական որոշումները, որոնք, մի կողմից՝ կապահովեն մեր տնտեսությունների ինտեգրացումը ի շահ մեր ժողովուրդների, մյուս կողմից՝ դրանք որոշակի ճկունություն կհաղորդեն մեր տարածաշրջանին: Եվ դա թույլ կտա մեզ միասին հաղթահարել հիմնախնդիրները, ինչպես նաեւ պատասխանել ժամանակակից այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր երկրների առ ջեւ»,- հավելել է Տիգրան Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս