
Գյումրիում ապագա զինվորները գիշերում են խոնավ պայմաններում

Asparez.am. Գյումրու Բուսաբանական այգում գտնվող կիսավեր, քայքայված տնակում արդեն 15 տարի շարունակ Զենֆիրան ապրում է երեխաների հետ. նրա 2 որդիներն էլ ծնվել ու մեծանում են տնակային անբավարար պայմաններում:
Սոցիալական անբարվոք պայմաններում մեծացող երեխաները դպրոցահասակ են, ազատ ժամանակը նվիրում են արվեստին. սիրում են նկարել, քանդակել, արվեստասեր են, հաճախում են նաեւ նկարչական դպրոց:
Խոնավ, կիսաթաց պատերին կից տեղադրված մահճակալներում են գիշերում երեխաները: 10 եւ 14-ամյա որդիների` ապագա զինվորների ննջասենյակում օր ու գիշեր բազմատեսակ միջատների կարելի է հանդիպել: Որդիները մորն էլ հաճախ են խոստովանում` գիշերներն իրենց հանգիստ չեն տալիս միջատները…եւ ոչ միայն միջատները…
Առնետների եւ մկների մուտքն արգելելու համար տան տիկինը փտած, քայքայված հատակն է փորձել կարգի բերել, սակայն անարդյունք: Թեպետ տնակը գազաֆիկացված է, սակայն կինը փայտ է վառում. ասում է` գազի վարձը վճարել չի կարող:
Կինը պատմում է, որ ամուսնուց արդեն երկար ժամանակ տեղեկություններ չունի, երեխաների ծնվելուց հետո նա թողել, գնացել է: Երկու որդիների մայրն այսօր չի աշխատում, թեպետ ունի միջին մասնագիտական կրթություն: Ասում է` աշխատանքի ընդունվելիս իրենից պահանջում են բարձրագույն կրթություն:
Ընտանիքի միակ եկամուտը, ինչպես վստահեցնում է Զենֆիրան, պետությունից ստացված նպաստն է, որն ամեն ամիս կազմում է 30 հազար դրամ: Քաղաքապետարանն ընտանիքին երբեմն վառելափայտով, գումարով օգնել է, երբեմն` մերժել:
-Անցած տարի էր, քաղաքապետի մոտ հերթագրվեցի, գնացի մոտը, խնդրեցի գումար տա, որ տնակի տանիքը վերանորոգեմ. խնդրեցի, բայց քաղաքապտը մերժեց, ասաց` թող ախպերդ օգնի,-ասում է Զենֆիրան ու շարունակում,- բայց ինչքան կարող է ախպերն օգնի, ախպերն էլ 2 երեխա կպահե:
Գյումրու Բուսաբանական այգու 207/149 տնակը քաղաքի այս հատվածում իր քայքայված եւ կիսավեր տեսքով միակը չէ: Քանդված, խորդուբորդ ճանապարհներին դրանք շատ են: Շատ են նաեւ այս տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքները: