«Մենք տեսանք այն նույն ցավը, ինչ 100 տարի առաջ մեր հայ բարեկամները տեսան 1915 թվականին»
Ապրիլի 21-ին Երևանի Օղակաձև զբոսայգում տեղի կունենա Իրաքի Շանգալ նահանգի 2014թ. օգոստոսին ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող՝ աշխարհում առաջին հուշարձան-կոթողի բացումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը նշեց, որ քանդակը մոր փրկության քանդակն է, որը փրկում է իր ժողովրդին: Նա նաև հայտնեց, որ այս հուշարձան-կոթողը կառուցվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում:
«Մենք ցեղասպանություն, դժվարություններ տեսած ժողովուրդներ ենք: Դժբախտաբար, մեր պատմությունը տարբեր վերելքներով ու վայրէջքներով է եղել, բայց այդ բոլորով հանդերձ՝ մենք դիմակայել ենք բոլոր հողմերին ու կդիմակայենք: Ապրիլի 2-ին նույն ոգով, նույն ոճով, նույն ձեռագրով մեր հարևանն ուզեց էլի մեր ժողովրդին ոչնչացնի, բայց, փառք Աստծո, եզդիների և հայերի բարեկամության վահանը կանխեց նրանց մտադրությունը»,- ասաց Ա. Շարոյանը:
Եվրոպայում Շանգալի խորհրդարանի նախագահ Խտրիտ Իգրեկն էլ նշեց, որ ինքն ուրախությամբ է ընդունել Հայաստան գալու հրավերը: Նրա խոսքով՝ 21-րդ դարում տեղի ունեցավ եզդիների ցեղասպանությունը, որը 2014 թվականի օգոստոսի 3-ից սկսվեց ԴԱԻՇ-ի կողմից:
«Մենք բոլորս էլ գիտենք, որ նրանց նպատակը ոչ միայն եզդիների ոչնչացումն էր, այլև բնօրրանից հանելը: Միայն մեկ օրվա ընթացքում նրանք շուրջ 3500 եզդիների կոտորեցին, իսկ հազարավոր եզդիներ դարձան փախստականներ տարբեր վայրերում: Դժբախտաբար, 21-րդ դարում ստրկավաճառությունը եզդիների նկատմամբ կրկնվեց: Հազարավոր մեր կանայք և աղջիկներ ստրկավաճառության ենթարկվեցին տարբեր երկրներում: Մենք տեսանք այն նույն ցավը, ինչ 100 տարի առաջ մեր հայ բարեկամները տեսան 1915 թվականին: Եթե դա դատապարտվեր ժամանակին, այս հաջորդ ցեղասպանությունները չէին լինի: Այս դժվարությունները մենք մեր պատմության ընթացքում կրել ենք հայերի, ասորիների և այլ քրիստոնյաների հետ միասին»,- նշեց Խ. Իգրեկը:
Նա նաև նշեց, որ պետք է համատեղ պայքարել այս դժվարությունների դեմ ու հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի հայոց և մյուս ցեղասպանությունները: