«Զգացել է ինքը, որ սա դիվերսիա չէ, մսաղացի տակ է ընկնել, ասել է՝ ինչքան կռնամ մարդու կյանք փրկեմ». ԳԱԼԱ
ԳԱԼԱ. Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի կինն առանձնահատուկ խնամքով է զգեստապահարանից հանում ամուսնու զինվորական համազգեստը, պատմում է՝ այս հարցում Ալիկը շատ խստապահանջ էր. մի անգամ, երբ զինվորական ոգով դաստիարակված 8-ամյա աղջիկը ցանկացել է հագնել հոր համազգեստը, փոխգնդապետ հայրը հանդիմանել է, թե այդ ուսադիրները պետք է վաստակել: Աստղիկը, ով մեր այցի ժամանակ դպրոցում էր, որոշել է՝ հոր գործը շարունակելու է և արդեն իր վաստակած համազգեստով ու ուսադիրներով լուծելու է հոր վրեժը. «Դե գալիս է նկարն է պաչում, շորերն էր էն օրը պաչում, ասում էր՝ պապա, ում թողեցիր գնացիր, որովհետև իրա համար իր համազգեստը սրբություն էր: Ինքը որ տուն էր գալիս, ասում էր՝ ես որ տուն եմ գալիս, հանգստանում եմ լիարժեք, իրենց որ տեսնում եմ, լիարժեք հանգստանում եմ, նստում հետները խաղում էր: Վարդենիս նույնիսկ հայրենիքի մասին շարադրություն տվեցին, ասեցի՝ Ալիկ, քո թեման է, դու պետք է գրես, նստեցին գրեցին, Աստղուլս ասում է՝ ես հիմա ոնց մոռանամ այդ շարադրությունը, ասում էր, որ էլի սենց շարադրություն լինի, ով պետք է գրի իմ հետ»:
2-ամյա Հովհաննեսի դեպքում ամեն ինչ այլ է, թոթովախոս փոքրիկը հոր նկարը տեսնելիս Ալիկ, Ալիկ ասելով ձեռքերով կանչում է նրան… ժամանակի ընթացքում միայն Հովհաննեսը կհասկանա, որ դիրքեր մեկնած հերոս հայրն այս անգամ չի վերադառնա, նա այնտեղ անմահացել է՝ պաշտպանելով իր զինվորին, իր հողը, իր հայրենիքը.
«Զանգեցին ասեցին՝ դիվերսիա է, շուտ արի, արագ հագնվեց, միշտ Վիլիսը վարորդը տանում էր իրենց հայաթը և վարորդն էր գալիս իր հետևից, այդ օրն անգամ չէր թողել, որ Վիլիսը տանեն, շենքի մոտ էր կանգնացրել, ասեցի՝ բա չե՞ս զանգում վարորդին, ասեց՝ չէ, ժամանակ չկա, ամեն րոպեն թանկ է: Ասեց՝ մտան երևի քանի հոգու կյանք կերան գնացին, բայց ինքը գիշերվանից էր անհանգիստ, ասում էր՝ սիրտս վատ բան է գուշակում, շատ անհանգիստ եմ»,- պատմում է կինը՝ Մերի Առաքելյանը:
Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը նախորդ օրը դիրքերից իջած փոխգնդապետ Առաքելյանը, զանգով տեղեկանալով, որ դիվերսիոն ներթափանցում է տեղի ունեցել, ևս 4 զինակիցների հետ շտապում է սահման՝ օգնության, մինչև դիրքեր հասնել, սակայն, չի հաջողվում, տարածքն արդեն շրջափակված է լինում թշնամու կողմից:
«Դասակի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատար ինքը հասել է, բոլորն իր աստիճաններով, իրա արարքներով, խրախուսանքները, պաշտոնը, մեդալները, բոլորը: Ինքը զինվորի կողքն է կանգնած, չափից շատ խիստ էր ինքը, կսեի՝ Ալիկ, մի քիչ թուլցրու, կսեր՝ այ հերս, էս Երևան քաղաքի մեջ ծառայություն չէ, էս պոստ է, րոպե առ րոպե էդ երեխուն վտանգ կսպառնա, կսեր՝ ես ծնողին ինչ պատասխան տամ, ու ինքը միշտ առաջինն էր, կսեր՝ էդ ամեն ինչը թող ինձ լինի, երեխուն, զինվորին բան չեղնի: Էս փորձանքն էլ որ եղավ, էս պատերազմ էլ, որ եղավ, ինքը չփախավ, ինքը ուզենար կփախներ, եթե վիրավոր էր, ինքը կռնար փախներ, գնաց ավելի առաջ, մարտի գնաց ինքը, էնտեղ դիվիզիայի զամպալիտ կա՝ գնդապետ Ավետիսյան Դավիթ, որ եկավ արդեն թեթևակիորեն ասեց, որ Ալիկը չկա, ասեց՝ ինքը Մարտական խաչ աստիճանի տղա է, ինքն իր Մարտական խաչը կստանա, ըսավ նկարներ ունինք, որ Ալիկի դիակի դեմը մենակ թուրքերի լեշերն է թափված, ինքը մենակ է կռվել, հետի չորսը մեկից են մահացել, ինքը միայնակ է կռվել: Ինքը տեսել է, որ զինվորները փախած կուգան դեպի իրան, երեխեքը եկել հարցրել են՝ պարոն փոխգնդապետ, ո՞նց ես: Խոսացել եմ անձամբ զինվորի հետ, ինքը վիրավոր ձեռքով արյունաշաղախ ասել է՝ ես գերազանց եմ, դուք փախեք, հետ գնացեք, ու ինքը մտել է մարտի: Իր կարգախոսը մեկն է եղել՝ կամ մահ, կամ ազատություն, ինքը գնաց մահի, ինքը գնաց զոհվելու հանուն նրա, որ մեր հայ ազգը լավ լինի: Զգացել է ինքը, որ սա դիվերսիա չէ, մսաղացի տակ է ընկնել, ասել է՝ ինչքան կռնամ մարդու կյանք փրկեմ, ինքը փախնելու ենթակա չէ», -ասաց փոխգնդապետ Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը:
Չնայած անսահման հպարտությանը՝ ցավն անհամեմատ մեծ է, հայրը մի ցանկություն ունի, ինչպես սրբազանն էր ասել, թող սա լինի քաղաք մտնող վերջին նահատակը, և թող ոչ մի ընտանիք այս ցավը չզգա: Գնդապետ Առաքելյանի աճյունի մոտ եկել ու խոնարհվել են այն զինվորների ծնողները, որոնց կյանքը փոխգնդապետը սեփական կյանքի գնով է փրկել: Ալեքսան Առաքելյանի հուղարկավորությանը, սակայն, ներկա չէին ՀՀ-ի և ԼՂՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները. «Գային մի հատ սփոփանքի խոսք ըսեին ինձ, հեչ բան էլ պետք չէր»:
Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո 10 տարի ծառայել է Ղարաբաղում, իսկ երբ ծառայության է անցել Վարդենիսում, չի հարմարվել դիրքերը թողնելու մտքի հետ և անձամբ դիմել նախարարին՝ ասելով՝ իմ տեղը մարտական դաշտերն են, և դեպքից 15 օր առաջ վերադարձել է Ջեբրայիլ: «Ալիկը 10 տարի գիտեր էդ փամփուշտի հոտը ու էդ հողի հոտը»,- ասում է հայրը:
Զինվորականի ընտանիքում մեծացած Առաքելյանը գիտակցել է սահմանին ծառայելու ամբողջ վտանգը, կինը՝ Մերին, պատմում է՝ Ալիկը հաճախ է կրկնել, թե երբ ես դիրքեր եմ գնում, պետք է պատրաստ լինեք, որ կարող է և չվերադառնամ:
2 երեխաների մայրը, Ջեբրայիլի իրենց ծառայողական բնակարանը թողնելուց հետո այժմ ապրում է ամուսնու հայրական տանը ամուսնու ծնողների, եղբոր ընտանիքի և տարեց տատ ու պապի հետ: Ալեքսան Առաքելյանը դիմել էր պաշտպանության նախարարություն Գյումրիում բնակարան ստանալու ակնկալիքով: Ընտանիքի անդամները հույս ունեն, որ վերջին դեպքերից հետո գործընթացը կարագանա: Բացի այդ, ընտանիքի համար եկամտի միակ աղբյուրը եղել է փոխգնդապետի աշխատավարձը, որով նա օգնել է նաև առողջական խնդիրներ ունեցող ծնողներին, հիմա կինը՝ Մերին, չի պատկերացնում՝ ինչպես է միայնակ մեծացնելու երկու անչափահաս երեխաներին:
Այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից շատ են եղել զանգերն ու ցավակցությունները, նաև մարդիկ, ովքեր օգնելու պատրաստակամություն են հայտնել: ՎՏԲ-Հայաստան բանկում ընտանիքը հաշվեհամար է բացել օգնությունն ավելի հասցեական կազմակերպելու համար, ի դեպ, օգնել ցանկացողների շարքում չափազանց շատ են փոխգնդապետի նախկին զինվորները, որոնց նա ժամանակին վերաբերվել է որպես հարազատ որդիների. «Ամանորները միշտ զինվորների հետ է տոնել»,- պատմում է կինը:
Որդի ունենալուց հետո էլ, սակայն, սերը զինվորների հանդեպ չպակասեց, և նա միշտ կմնա Ջեբրայիլի փոխգնդապետ Առաքելյանը, ում իր զինվորները հարգել ու սիրել են հոր ու եղբոր պես… սերը, որ նա չհասցրեց տալ իր որդուն, ստացել են նրա զինվորները:
ՎՏԲ-Հայաստան բանկ
AMD 16013048596600
USD 16013048596601
EUR 16013048596602
RUR 16013048596603