Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, թե 1980-ականների զենքով ենք կրակել. պարզաբանում է Սեյրան Օհանյանը

«Ձեռք բերված համաձայնությունը հիմնականում պահպանվում է, հրադադարի ռեժիմը պահպանվում է»,- այսօր ՀՀԿ խորհդրի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 1980-ականների զենքով են կրակում, Ս. Օհանյանն ասաց, որ հիմնական սպառազինությունը ձեռք է բեվել երկրորդ աշխարհամարտից հետո, և այդ բոլոր տեսականին կամաց-կամաց զարգանում է:

«ՀՀ նախագահի ասածը կայանում էր նրանում, որ նույնիսկ առկա 80-ական թվականների սպառազինությամբ այսօր հայկական ստորաբաժանումները պայքարել են, պայքարում են և կարողանում են իրենց առջև դրված խնդիրները հերոսաբար լուծել: Դա չի նշանակում, որ այդ սպառազինությունից բացի, մենք չունենք այլ առաջատար միջոցներ, որ հեռահար են, ճշգրիտ են ու ռազմավարական զսպման մեխանիզմի մեջ են: Բացի դրանից, երբ համեմատում ենք տարածաշրջանային սպառազինության հարաբերականությունը, չեմ կարծում, թե բացի մի քանի միջոցների քանակական առավելությունից, մեր սպառազինության մեջ այսպես էական տարբերություն կա: Զինծառայողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ մեր ձեռքի տակ եղած սպառազինության ամբողջ պաշարը պատշաճ մակարդակի է և այդ օրերին՝ մարտական գործողությունների ժամանակ, ապահովել է և՛ պաշպանությունը, և՛ հակառակորդի ճշգրիտ կրակային խոցումը»,- նշեց նախարարը:

Հարցին, թե այսօր ապացույցներ ներկայացվեցին, որ Ադրբեջանն է սկսել ռազմական գործողությունները, ՊՆ-ն այդ ապացույցները ներկայացնելո՞ւ է դիվանագիտական ասպարեզներում, նախարարն այսպես պատասխանեց. «Ինքնըստինքյան և՛ ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավարությունը, և՛ մենք համապատասխան վերլուծություններ ենք կատարել և այդ վերլուծությունենրի շրջանակներում նշել ենք այն բոլոր խնդիրները, որ այսօր կան, իրադրությունն է գնահատվել, նշվել են և՛ դրական կողմերը, և՛ թույլ կողմերը, առաջնայինն այն է, որ մենք կարողանանք ապացուցենք, որ այդ ագրեսիան սանձազերծել է Ադրբեջանը»:

Խոսելով ապացույցների մասին՝ նախարարն ասաց, որ դրանք առաջին հերթին այն լայնածավալ գործողություններն են շփման գծի ստորաբաժանումների, ուժերի և միջոցների կարճ ժամանակահատվածում շարժն է. «Եվ նույնն էլ մեր զոհված զինվորների դիերը, որոնք հենց եղել են մեր պաշտպանության բանակի դիրքերում՝ գումարած դրան նաև բազմաթիվ ապացույցներ, նաև ոչնչացված ուղղաթիռի անձնակազմի մոտ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ նրանց նպատակները մեծ են եղել, ցանկացել են մեծ խորությամբ մխրճվել պաշտպանության բանակի հատվածը, և այդ ապացույցները կան: Այդ ամենը ներկայացվելու է միջազգային հանրությանը: Իհարկե՛, նաև իրավական առումով, մարդասիրական առումով այն բոլոր խոշտանգումների հետ միասին, որոնք որ իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կամ միգուցե նաև վարձկանների կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս