Գյումրեցի անիմատորների նկարահանած մուլտֆիլմը կարճ ժամանակում հավաքել է 6 միլիոնից ավելի դիտումներ
«Ալիսան գիտի, թե ինչ անել», «Նապաստակի 10 ընկերները», «Կապույտ տրակտոր Գոշան»․ թվարկվածները մի մասն են այն մուլտֆիլմերից, որոնք ստեղծվել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող Սկայլայն ստուդիայի մասնագետների կողմից։ Սկայլայն ստուդիայի թիմը, ռուսական ընկերության պատվերով, վերջերս ստեղծեց «Կապույտ Տրակտոր Գոշան» անիմացիոն զարգացնող մուլտֆիլմը, որը կարճ ժամանակում հասցրեց մեծ մասսայականություն վայելել։ Մուլտֆիլմի 2 սերիաներից մեկը հրապարակվել է դեկտեմբերի 17-ին, և արդեն ունի 6.4 մլն դիտում։ Մյուս սերիան, հրապարակվելով մարտի 31-ին՝ ընդամենը 2 շաբաթվա ընթացքում գրանցել է 1.6 մլն դիտում։ Ընկերությունն արդեն ունի հաջորդ սերիաները նկարահանելու պատվեր։
Սկայլայն ստուդիայի տնօրեն Գուրգեն Պարոնյանի խոսքերով՝ սկզբում մուլտֆիլմը նկարահանվում էր այլ կազմակերպության կողմից և այնքան էլ հաջողված չէր։ Այնուհետև մուլտֆիլմի պատվիրատուները նկարահանման աշխատանքը վստահեցին գյումրեցիներին․ «Մենք մեծ ոգևորվածությամբ ձեռնամուխ եղանք մուլտֆիլմի ստեղծմանը և տեսնելով դիտումների քանակը՝ հասկացանք, որ հաջողել ենք։ Այս հաջողությունները փաստում են այն մասին, որ Գյումրիում իրականացվում են արտասահմանյան շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ նախագծեր»։
Թեպետ ստուդիան մեկ տարի է, ինչ սկսել է գործունեությունը, սակայն արդեն հասցրել է լուրջ հաջողություններ գրանցել 2D և 3D անիմացիայի ոլորտում։ Սկսնակ ընկերության ծառայություններից արդեն հասցրել են օգտվել շվեյցարական, ֆրանսիական, ամերիկյան ու ռուսական շուկաները: Սկայլայն ստուդիան մեկն է այն ընկերություններից, որը հաղթեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում։