Վան Ին վերահաստատեց Չինաստանի աջակցությունը ԼՂՀ հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով կարգավորմանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 15-ին ժամանեց Պեկին։ Նույն օրը կայացավ նախարար Նալբանդյանի հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ համատեղ ջանքերով հայ-չինական բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգացում են ապրել։ Նա ընդգծեց, որ բարձր մակարդակի փոխայցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում։
Հանդիպմանը քննարկվեց անցյալ տարի ՀՀ Նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսված բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Գոհունակությամբ արձանագրվեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը, համագործակցության երկար տարիների դրական փորձը արժեքավոր հիմք են հանդիսանում փոխգործակցության առավել խթանման համար:
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Ին մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիների շուրջ: Այս առումով երկուստեք կարևորվեց Հայաստանում արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծերում չինական ընկերությունների մասնակցությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծին, Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերին։ Նախարարները քննարկեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Չինաստանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներն անդրադարձան Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։ Այդ համատեքստում Վան Ին ողջունեց Էդվարդ Նալբանդյանի այցի ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հայաստանի՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը:
Կարևորվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Այս առումով Չինաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը և դերակատարությունը միջազգային ասպարեզում նկատ ելի է և գնահատելի։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով, որ դրանք համահունչ են միջազգային հանրության կողմից միջնորդական առաքելություն իրականացնող միակ ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշմանը: Վան Ին վերահաստատեց Չինաստանի աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։
Զրուցակիցներն անդրադարձան Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, կարևորեցին ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։
Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը՝ Վան Ին նշեց, որ ուրախ կլինի այց կատարել Երևան։