«Ֆանտաստիկայի ժանրի երևույթ է, երբ պատերազմի ենթարկված կողմը լուռ ու մունջ սպասում է, որ միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարություններն անեն»
«Ադրբեջանը չի ուզում ոչինչ ասել, ուղղակի, իր բազմաթիվ հայտարարությունները ռեալիզացնող քայլ է անում: Ադրբեջանը պատրաստ էր, պատրաստվում էր… Այլ հարց է, թե ինչ եղավ նրա ծրագրերի արդյունքը, բայց մեզ համար անակնկալ չէր»,-այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Իսկ թե ինչո՞ւ հենց այս պահը ընտրվեց, նա նշեց, որ զարմանալի է, բայց համաձայն է ռուսական քարոզչամեքենայի այն տեսակետնին, թե նաև Թուրքիան է հրահրել Ադրբեջանին. «Նաև Թուրքիային էր այսօր անհրաժեշտ ռազմական գործողությունների մի նոր կիզակետ, որտեղ կարող էին և՛ լրացուցիչ խնդիրներ լուծվել, և՛ ինքը լրացուցիչ հայտարարությունների հնարավորություն կունենար, այդ թվում, ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ֆոնին: Իսկ մեր ռազմավարական դաշնակիցը, ինչպես ասվել է, կարող էր արբանյակային կապերով հետևել ու տեղյակ էր՝ ինչ զարգացումներ են տեղի ունենում, լռելուց հետո էլ պատշաճ ձևով չանդրադարձավ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին»:
168.am-ի հարցին՝ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը, կարծես, մենակ է, միջազգային հանրությունը պատշաճ ձևով չի արձագանում, այս իրավիճակում Հայաստանի անելիքը ո՞րն է,նա պատասխանեց. «Միջազգային հանրության արձագանքը զգալի չափով կախված է երբեմն Հայաստանի նկատմամբ ունեցած համակրական վերաբերմունքից: Հայաստանն այնքան երկար տատանվեց բարձրաձայնել՝ ինքը հիմա Եվրոպայի խորհրդի հե՞տ է, թե՞ ոչ, ինքը Ռուսաստան գնում է հարկադրանքո՞վ, թե՞ դա իր նախընտրությունն է: Եվրոպայի խորհրդի ամբողջ կազմը ժեստերով ու խոսքերով անընդհատ ասում է, որ Հայաստանի վրա ոչ ոք ճնշում չպետք է գործադրի, հասկանում են, որ Հայաստանը գտնվում է սրածայր դանակի վրա ու պետք է նրան շանս տալ՝ հավասարակշռվի, որոշում ընդունի:
Երբեմն միջազգային կառույցներն ուղղակի սպասում են Հայաստանին՝ որ արձագանքը Հայաստանին կարող է չվնասել: Ինչպես մեր հասարակությունն էր երբեմն զսպվածություն դրսևորում՝ չասելու բաներ, որոնք տվյալ պահին կարող է կամ լարում առաջացնեն, կամ ճգնաժամի մեջ մի շտրիխ ավելացնեն: Այսինքն՝ ինքնազսպման որոշ մեխանիզմներ են գործում»:
Մեր դիտարկմանը՝ ԵԽ ԽՎ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», արդյո՞ք սա զսպվածություն էր, նա այսպես արձագանքեց. «Այդ նույնը հաճախ ասում է նաև այսօրվա ՄԽ համանախագահներից ամերիկյան ներկայացուցիչը: Մեծ հաշվով, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը երկու անգամ պաշտոնապես հաստատել է իր հավատարմությունը Մադրիդյան սկզբունքներին, նրանք այդ իրավունքը ոչ միայն ունեն, այլև ստիպված են այդպիսի դիրքորոշում արտահայտել»:
Շարունակելով՝ նա հավելեց, որ Ադրբեջանն անընդհատ ասել է՝ իրենք տարածքների վերադարձը չեն կապում Ղարաբաղի խնդրի լուծման համաժամանակյա գործողության հետ, իսկ Հայաստանը երբեք դա չի ասում. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ այս մարդիկ պետք է մեր իրավիճակին ոչ համարժեք գնահատական տան: Մեր խնդիրներից է նաև այն, որ Մինսկի խմբի անդամ է նաև Թուրքիան, որը ոչ միայն կողմնորոշված է դեպի հակամարտող կողմերից մեկի կողմը, այլև ռազմատենչ է և մղում է ռազմական գործողությունների: Հայաստանի կողմից երբեք չի հնչել Թուրքիային ՄԽ-ից հեռացնելու պահանջը: Կարևոր է նաև այն, որ ՄԽ երեք երկրներից երկուսը Կովկասի խնդիրների լուծման վերաբերյալ իրենց մոտեցումներն ունեն՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
ՄԽ-ում ոչ թե Ղարաբաղի խնդրի կարգավորումը՝ Հայաստանի կամ Ադրբեջանի համատեքստում, այլ իրենց խնդիրներն են լուծում: Մենք եկել ենք մի ճգնաժամի, որտեղ անընդհատ իրենց բառամթերքով ու կողմնորոշումներով թելադրում են մեր դիվանագիտական խեղճությունը: Մինչդեռ այս ամբողջ ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք կորցրել: Ֆանտաստիկայի ժանրի երևույթ է, երբ պատերազմի ենթարկված կողմը լուռ ու մունջ սպասում է, որ միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարություններն անեն: Մեր արտգործնախարարը պինդ-պինդ Ռուսաստանում նստած է, կամ գնում է ֆրանկոֆոնների հետ հանդիպման»: