«Թեժ մարտ էր. Հակառակորդի հրետանու բոլոր տեսակներից, ականանետներից, գնդացիրներից առաջնագծի ուղղությամբ վարվում էր ակտիվ կրակ». պատմում է գնդապետը
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը, օգտագործելով օդուժ, ռեակտիվ հրետանի եւ ծանր զրահատեխնիկա, դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների ԼՂՀ հարավային ուղղությամբ: Տասնյակ անգամ գերազանցող հետեւակի ուժերով նա գրոհել է հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի մարտական դիրքերը: Միավորման բարձրաստիճան սպաները, որ քառօրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում էին, պատմում են, թե ինչպես են գործել մեր ստորաբաժանումները:
Բաժանմունքի ավագ սպա, փոխգնդապետ Ա. Աբրահամյանը «Հայզինվորի» հետ զրույցում պատմել է. «Գիշերը տագնապի ազդանշանն ստանալուն պես եկել եմ զորամաս: Ելնելով առաջնագծում ստեղծված իրավիճակից` այստեղ ստացել եմ խնդիր` մեկնել հարավարեւելյան ուղղության մարտական գործողությունների շրջան: Ես մինչ միավորումում ծառայության անցնելը զբաղեցրել եմ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրետանու պետի պարտականությունները, այնպես որ՝ շատ լավ էի պատկերացնում խնդիրը: Թեժ մարտ էր:
Հակառակորդի հրետանու բոլոր տեսակներից, ականանետներից, գնդացիրներից առաջնագծի ուղղությամբ վարվում էր ակտիվ կրակ: Ես պետք է աջակցեի 120 մմ ականանետային մարտկոցներին՝ դիպուկ կրակ վարելու համար: Դիտակետից խնդիրներ էի առաջադրում, ցուցումներ տալիս, որ կրակը նպատակային լինի: Հրետանային մարտկոցները փայլուն են գործել: Առաջնագծում կանգնած զինվորին փրկելու համար նրանք արել են հնարավոր եւ անհնարին ամեն ինչ: Եթե հրետանին լավ չգործեր, շատ ծանր վիճակում կլինեինք: Պետք է նշեմ, որ հրետանավորներին օգնել են նաեւ դիրքում ամրացած մեր հրամանատարները: Մեկ օրինակ` միավորման բաժնի պետ, գնդապետ Սամվել Սարգսյանը այն դիրքում էր, որի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր ուժգին գրոհ: Այդ դիրքի գրավումը կհանգեցներ անդառնալի կորուստների: Այն պահվեց գնդապետի հմուտ ղեկավարման եւ զինվորների խիզախության շնորհիվ: Գնդապետ Սարգսյանը այդ դիրքից խնդիրներ էր առաջադրում հրետանուն, կրակ ենք վարել ամբողջ գիշեր, որ հակառակորդը չկարողանա առաջանալ:
Ինչ վերաբերում է հակառակորդի հրետանուն, ապա նրանց անձնակազմը խուճապի մեջ էր: Կրակը հիմնականում ոչ նպատակային էր, սակայն մենք եւս պետք է հետեւություններ անենք, կարծում եմ` հրետանային ամեն մի ստորաբաժանում այս պատերազմից հետո կհասկանա իր կարեւորությունը մարտադաշտում»: