Բաժիններ՝

Ովքեր են Հայաստանում դասախոսություններով հանդես եկող նոբելյան մրցանակակիրները

Հինգ նոբելյան մրցանակակիրներ Հայաստանում են` կիսվելու իրենց փորձով ու պատմելու կարևորի մասին: Մինչ կմեկնարկի «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կազմկոմիտեն առաջարկում են ծանոթանալ այն գիտնականների հետ, ովքեր մեր երկրում հանդես կգան դասախոսություններով և կոգեշնչեն երիտասարդ գիտն ականներին` դառնալու նորարար, աշխատելու և, ինչու ոչ, ինչ-որ նոր բան հայտնագործելու հարցում:

Ահարոն Չեխանովեր

Ահարոն Չեխանովերը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 1-ին Հայֆայում, Իսրայել: 1971թ. բնագիտության ասպարեզում մագիստրոսի կոչում ստանալուց հետո ավարտել է Երուսաղեմի Հադասսահ բժշկական համալսարանը: 1981թ. Չեխանովերը Հայֆայում գտնվող Տեխնիոն Իսրայելի տեխնոլոգիական համալսարանից ստացել է դոկտորական աստիճան՝ կենսաքիմիայի բնագավառում: 2004թ. իսրայելցի կենսաբանը իր գործընկերներ Ավրամ Հերշկոյի և Իրվին Ռոուզի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ուբիքվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի հայտնագործության համար:Որպես Իսրայելի առաջին գիտական նոբելյան մրցանակակիր՝ Ահարոն Չեխանովերը մեծ ներդրում ունի ինչպես Իսրայելի տեխնոլոգիական համալսարանի, այնպես էլ Իսրայելի պատմության մեջ:

Ադա Յոնաթ

Կարդացեք նաև

Ադա Յոնաթը ծնվել է 1939թ. հունիսի 22-ին Երուսաղեմում, Իսրայել: Ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը՝ 1962թ. ստանալով բակալավրի կոչում քիմիայի ոլորտում, այնուհետև ստացել է կենսաքիմիայի բնագավառում մագիստրոսի կոչում: 1970թ. Յոնաթը Իսրայելում հիմնել է պրոտեինով բյուրեղագիտության առաջին լաբորատորիան: 2009թ. Վենքաթրաման Ռամակրիշնանի և Թոմաս Ա. Շտայցի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արած հայտնագործության՝ մասնավորապես ռիբոսոմի կառուցվածքի և ֆունկցիայի վերաբերյալ իր կատարած աշխատանքի համար: Նա դարձել է առաջին կին Նոբելյան մրցանակակիրը Իսրայելում և Միջին Արևելքում և միակ կինը, ով վերջին 45 տարվա ընթացքում արժանացել է այդ բարձր պարգևին քիմիայի ասպարեզում: Յոնաթը այժմ բիոմոլեկուլյար կառուցվածքի Հելեն և Միլթըն Կիմելման կենտրոնի տնօրենն է:

Դեն Շեխտման

Դեն Շեխտմանը ծնվել է 1941թ. հունվարի 24-ին Թել Ավիվում, Իսրայել: Սովորել է Ռայթ-Փեթըրսեն ավիաբազայում, Ջոն Հոփքինսի համալսարանում, Ստանդարտների և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում և Այովայի պետական համալսարանում: Հայտնի է քվազի բյուրեղների ոլորտում կատարած հայտնագործության համար: 1982թ. ապրիլի 8-ին Շեխտմանը հայտնաբերեց իկոսաեդրի փուլը, որը քվազի բյուրեղների ասպարեզում նոր ոլորտ բացեց՝ 2011թ. դառնալով քիմիայի ոլորտում իսրայելցի 6 Նոբելյան մրցանակակիրներից մեկը: Նա այժմ Տեխնիոնի համալսարանի պրոֆեսոր է:

Ջոն Ռոբին Ուորեն

Ջոն Ռոբին Ուորենը ծնվել է 1937թ. հունիսի 11-ին Ադելաիդայում, Ավստրալիա: Նա բժիշկ է, Նոբելյան մրցանակի դափնեկիր և հետազոտող, ով 1979թ. կրկնաբացահայտել է հելիկոբակտեր պիլորին՝ Բերրի Մարշալի հետ։

Ուորենը ստացել է բժշկական գիտությունների բակալավրի աստիճանը Ադելաիդայի համալսարանում՝ մինչ այդ ավարտելով Սուրբ Պետրոսի քոլեջը: 1967թ. Ուորենը ընտրվեց Փըրթի թագավորական հիվանդանոցի գլխավոր պաթոլոգ, որտեղ էլ անցկացրել է իր կարիերայի մեծ մասը:

2005թ. Ջոն Ռոբին Ուորենն ու Բերրի Մարշալը արժանացել են Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի բնագավառում «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ» հետազոտության համար։

Էյ-իչի Նեգիշի

Էյ-իչի Նեգիշին ծնվել է 1935թ. հուլիսի 14-ին Չինաստանում, մանկությունն անց է կացրել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում: Ճապոնացի քիմիկոսն իր կարիերայի մեծ մասն անց է կացրել ԱՄՆ-ի Պերդյուի համալսարանում: 1958թ. ավարտել է Տոկիոյի համալսարանը։ 1966թ. Նեգիշին դարձավ Պերդյուի համալսարանի հետազոտող, իսկ 1968թ.՝ դոցենտ՝ աշխատելով նոբելյան մրցանակակիր Հերբերտ Բրաունի հետ: 2010թ. Էյ-իչի Նեգիշին Ակիրա Սուզուկիի և Ռիչարդ Հեքի հետ «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաներ»-ը բացահայտելու համար արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քիմիայի բնագավառում:

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը տեղի կունենա ապրիլի 12-15-ը: Գիտական միջոցառումն անցկացվում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ: Այն հնարավորություն է տալու տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին կենդանի շփում ունենալ գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս