Դանդաղ բարեփոխումները ստվերում են Հայաստանի տնտեսական աճի հեռանկարը
Համաշխարհային բանկը նախօրեին հրապարակեց իր նոր զեկույցը, որը վերաբերում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական վիճակին և հեռանկարներին։
Ըստ զեկույցի՝ Համաշխարհային տնտեսության աճող բարդության և անորոշության իրավիճակում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունները նախկինի նման խնդիրների են բախվում։
Հիշեցնելով, որ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2015 թվականին ՀՆԱ-ն կրճատվել է 1.1%-ով՝ ՀԲ-ն կանխատեսում է, որ 2016 թվականին այդ ցուցանիշը գործնականում չի աճի։ «Սա նշանակում է, որ անցած տարվա վերջից այդ ցուցանիշը փոխվել է նվազման ուղղությամբ՝ ավելի քան մեկ տոկոսային կետով։ Նվազման ուղղությամբ ճշգրտումներն էական են հատկապես Հարավային Կովկասի (3.3 տոկոսային կետ), Կենտրոնական Ասիայի (1.6 տոկոսային կետ) երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում (1.3 տոկոսային կետ)»,- նշվում է զեկույցում։
Սակայն, իհարկե, ընթերցողին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է ասում Համաշխարտային բանկը Հայաստանի տնտեսության մասին։
Նախ նշվում է, որ հիմնական արտաքին գործոններով պայմանավորված՝ ՀՀ տնտեսական ակտիվությունը 2015 թվականին դանդաղեց, սակայն արդյունքն ավելի լավն էր, քան նախապես կանխատեսվում էր։
Հարկաբյուջետային դեֆիցիտը մեծացել է՝ հարկերի թույլ հավաքագրման պատճառով։ Մինաժամկետ հեռանկարում տնտեսությունը համեստ տեմպերով կվերականգնվի։ Սակայն, նշում են ՀԲ մասնագետները, տնտեսական աճի հեռանկարները ստվերվում են կառուցվածքային բարեփոխումների օրակարգի դանդաղ առաջընթացով, ինչն արգելակում է աշխատատեղերի ստեղծումն ու աղքատության կրճատումը։
Իսկ ի՞նչ է կանխատեսում Համաշխարհային բանկը ՀՀ տնտեսության համար 2016-ին և հետո։ Տնտեսական աճը, ըստ զեկույցի, այս տարի թույլ կլինի՝ 1.9%։ Դա պայմանավորված է ինչպես՝ արտաքին անբարենպաստ վիճակով, այնպես էլ՝ հարկաբյուջետային քաղաքականության խստացմամբ։
Հետո աճը կարագանա։ Համաշխարհային տնտեսության վերականգնման և մետաղների գների աճի ֆոնին ՀՀ տնտեսական աճի տեմպը միջնաժամկետ հեռանկարում կարագանա, սակայն չափավոր՝ 3%-ի սահմաններում։ Արագ աճին, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների, խանգարում են կառուցվածքային թուլությունները։ Իսկ եթե ավելի կոնկրետ՝ տնտեսական աճը 2017-ին կկազմի 2.8%, իսկ 2018 թվականին՝ 2.9%։
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 1.9% անկում, 2017 և 2018 թվականներին, համապատասխանաբար, 0.7% և 1.3% աճ։ Վրաստանում կանխատեսումներն ավելի լավատեսական են. 2016թ.` 3% տնտեսական աճ, 2017թ.՝ 4.5%, 2018թ.` 5%:
Չնայած հարկաբյուջետային քաղաքականության խստացմանը և պետական ծախսումների որոշակի կրճատմանը՝ բյուջեի դեֆիցիտը 2016-ի համար մեծ կլինի՝ ՀՆԱ-ի 3.9%-ի չափով։
Աղքատության նվազեցման և եկամուտների աճի առումով Համաշխարհային բանկի մասնագետներն այնքան էլ լավատես չեն. հարստության բաշխման բոլոր մակարդակներում եկամուտների աճը կլճանա (եկամուտները չեն աճի) 2017-2018 թվականների ընթացքում։
Ինչպես հիշում եք՝ նախորդ տարի ՀՀ տնտեսության 3% աճն ապահովվեց հիմնականում գյուղատնտեսության երկնիշ աճի շնորհիվ։ Հիմա Համաշխարհային բանկը հստակ հասկացնում է, որ միայն գյուղատնտեսության հետ լուրջ հույսեր կապել չի կարելի։ Նշվում է, որ անգամ լավատեսական սցենարի դեպքում, եթե գյուղատնտեսությունը լավ արդյունքներ գրանցի, իսկ մասնավոր դրամական փոխանցումների ներհոսքը վերականգնվի, միևնույն է` առանց գործարար միջավայրի և աշխատաշուկայի էական բարելավման, աղքատության մակարդակը բավարար չափով չի նվազի և 2018-ին կկազմի 23.8% (հիշեցնենք, որ ամենաթարմ տվյալներով՝ 2014 թվականի վերջին աղքատության մակարդակը Հայաստանում 30% էր)։
Աղքատ ընտանիքների վրա բացասաբար կազդի նաև էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման դադարեցումը, որը նախատեսված է այս տարվա օգոստոսին։ ՀԲ-ն հիշեցնում է, որ էլեկտրաէներգիայի վարձը կազմում է այս ընտանիքների ընդհանուր ծախսերի 5%-ը։
Զեկույցում առանձնացված են նաև այն ռիսկերն ու մարտահրավերները, որոնց կարող է բախվել Հայաստանի տնտեսությունը։ ՀԲ մասնագետները խոստովանում են, որ բարդ արտաքին միջավայրը և սահմանափակ ֆիսկալ տարածքը լուրջ մարտահրավերներ են՝ կայուն աճ ապահովելու համար։
Նշվում է, որ արտաքին միջավայրի հետագա վատթարացումը (ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսության ռեցեսիան) և մետաղների գների վերականգնման դանդաղ տեմպը լուրջ ռիսկեր են Հայաստանի տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար։
Ավելին, ՀԲ մասնագետները ռիսկեր են տեսել նաև քաղաքական զարգացումների մեջ։ Նշվում է, որ կառավարության կազմի վերջին փոփոխությունները և 2017-2018 թվականներին սպասվող քաղաքական զարգացումները (խորհրդարանական և նախագահական ընտրություններ) կարող են հետաձգել գործարար միջավայրի բարելավման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչով կարգելակվի արդյունավետության աճը միջնաժամկետ հեռանկարում։
Եվ վերջապես, Համաշխարհային բանկի զեկույցի ռիսկերի բաժնում խոսվում է նաև ՀՀ պետական պարտքի մասին։ Զեկույցի հավելվածում առկա կանխատսումների համաձայն՝ Հայաստանի պետական պարտքը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 49.3%-ը, իսկ 2016 թվականի արդյունքներով կհասնի 52.2%-ին։ Հաջորդ երկու տարիներին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի. 2017-ին՝ 51.5%, 2018-ին՝ 50.04%:
Պետական պարտքի աճի պայմաններում ՀԲ-ն Հայաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուներին խորհուրդ է տալիս կոնսոլիդացնել ֆիսկալ դիրքը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծախսերի մակարդակը կենսական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական աջակցությունը և հանրային ներդրումները։
ՀԲ զեկույցը վերջում նշում է, որ Հայաստանի հարկաբյուջետային կայունության վրա կարող է բացասաբար ազդել նաև էներգետիկ ոլորտի ֆինանսական վիճակի վատթարացումը։