«ԼՂ-ում բռնության վերջին ալիքն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի բանակի կողմից իսրայելական ԱԹՍ-ների օգտագործման վրա». Eurasianet.org
Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին ալիքն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի բանակի կողմից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վրա, ներառյալ՝ երկու տեսակի ԱԹՍ-ներ, որոնց մասին Բաքուն չէր հայտարարել, գրում է eurasianet.org կայքը:
Մի դեպքում՝ Ադրբեջանը հայտարարել է, որ օգտագործել է Harop տեսակի ԱԹՍ, որն ավելի շատ հայտնի է «Կամիկաձե» անունով, քանի որ ինքնին ռումբ է: Հղում կատարելով հայկական մեդիային՝ ապրիլի 4-ին Harop-ը հարվածել է զինվորականների տեղափոխող ավտոբուսի և սպանել 5-6 մարդու:
Մեկ այլ դեպքում Լեռնային Ղարաբաղի բանակն էր նկարներ հրապարակել խոցված ԱԹՍ-ից, որտեղ երևում էր ադրբեջանական կողմից ապրիլի 2-ին գործի դրված ThunderB տեսակի անօդաչուն: Երրորդ դեպքում էլ ադրբեջանական կողմը պնդում էր, որ իրենց կողմը շարքից հանել է «թշնամական 6 տանկ»՝ օգտագործելով իսրայելական արտադրության հրթիռներ։
Նշվում է, որ Ադրբեջանը նախկինում չի հայտարարել, որ իր ԶՈՒ-ի տրամադրության տակ ունի վերոնշյալ ԱԹՍ-ները:
Նշվում է նաև, որ Ադրբեջանի կողմից իսրայելական սարքերի գնմանը հատուկ ուշադրություն է դարձվում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ 2012թ. այդ երկու երկրների միջև ստորագրվել է 1,6 միլիարդ դոլար արժողությամբ զենքի գնման պայմանագիր։
Ադրբեջանը հայտարարում է Իսրայելի հետ ջերմ հարաբերությունների մասին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը համերաշխ է մյուս կրոնների նկատմամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը Jerusalem Post-ին տված հարցազրույցում վերջերս բողոքել էր, թե Իսրայելը հարկ եղած աջակցությունը չի ցուցաբերում Իսրայելին:
Հասանովը հայտարարել էր, թե Ադրբեջանն Իսրայելին դիտարկում է՝ որպես դաշնակից ու ռազմավարական գործընկեր, և ակնկալում է մեկնաբանություն ԼՂ-ում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ:
The Post-ը ակնարկել էր, որ Իսրայելը չի շտապում մեկնաբանություններ կատարել Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ՝ ակնարկելով, թե «զուտ դա բիզնես է»: