«Медуза»-ի անդրադարձը՝ ԼՂ-ում ամենից շատ տուժած երկու՝ Մատաղիս և Թալիշ գյուղերից
Ապրիլի 7-ը Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման երրորդ օրն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ընդհանուր առմամբ հետևում են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը, սակայն պարբերաբար հաղորդում են խախտումների մասին։
«Медуза»-ի թղթակից Իլյա Ազարը մեկնել է Ղարաբաղի ամենահյուսիսային և ռմբակոծություններից առավել տուժած երկու գյուղերը՝ Մատաղիս և Թալիշ: Լեռներում այստեղ նախկինի պես՝ հազվադեպ, բայց կրակում էին ինչպես՝ ինքնաձիգներից, այնպես էլ՝ գնդացիրներից, պատմում է Ազարը։
Նշվում է, որ Թալիշն ու Մատաղիսը Մարտակերտից հյուսիս ընկած լեռնային գյուղեր են, որոնք տուժել են ռմբակոծություններից։ Մատաղիսը Մարտակերտից 30 կմ հեռավորության վրա է, իսկ Թալիշը՝ Մատաղիսից հեռու է մոտ 8 կմ:
Ներկայացնենք հոդվածը մասնակի կրճատումներով:
«Ապրիլի 2-ից սկսած՝ հենց այստեղ են ընթացել ամենադաժան փոխհրաձգությունները։
«Որքան ավելի ես հեռանում Մարտակերտից, այնքան ավելի հաճախ ես ճանապարհին զինվորականների հանդիպում։ Մատաղիսում ամենուրեք, անգամ ոչխարներին արածացնելու տանող հովիվը, զինված է «Կալաշնիկով» ինքնաձիգով:
Մատաղիսում, որտեղ խաղաղ ժամանակ մոտ 700 մարդ է ապրում, ավերվել են մի քանի շինություններ: Այստեղ մեծ զորամաս կա: Դրա պարսպին արկ է դիպել՝ անցք բացելով և վնասելով մոտ կանգնած մեքենան։ Մնացած շենքերը կանգուն են:
Գյուղի կենտրոնում գիտնական Մարտիրոսյանի անվան դպրոցն է, որի մոտ դեռ ապրիլի 2-ին արկ էր ընկել՝ արձակված «Գրադ» կայանքից: Հարվածի ալիքից շենքի պատուհանների ապակիները կոտրվել են, անգամ ապաստարանի դուռը, որտեղ այդ պահին գտնվել էին երեխաները։ Դպրոցի տնօրենն ասել է, որ Մատաղիսը ռմբակոծել են 4 օր շարունակ։ «Ոչ ոք չի զոհվել»,- ասել է դպրոցի տնօրենը:
Մատաղիսում ադրբեջանցիները ռմբակոծել են նաև տեղի ՀԷԿ-ը. այդ պատճառով էլ այժմ Թալիշը զրկված է էլեկտրականությունից: Գլխավոր ինժեներ Վալերի Եդիգարյանը պատմում է, որ էլեկտրակայանը ռմբակոծել են հակամարտության սրացման հենց երկրորդ օրը։
««Գրադով» են խփել, գեներատորն ամբողջությամբ այրվել է, վնասվել է նաև ենթակայանը: Ջուրն ինքնահոսի գնում է, իսկ էլեկտրականություն չկա»,- ասում է նա։
Հենց ՀԷԿ-ի հարևանությամբ աշխատակիցները զինադադարի արդեն երկրորդ օրը էլեկտրահաղորդման նոր լարեր են անցկացնում:
Թալիշը գտնվում է Մատաղիսից բարձր՝ գրեթե շփման գծի վրա՝ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի սահմանին, որը մասամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Թալիշի ծայրամասում զինվորներ են կանգնած։ «Մենք շատ ուրախ ենք հրադադարի համար, իսկ ավելի լավ կլիներ, որ նրանք չռմբակոծեին, այլ հետևակ գար, մենք նրանց հարցերը կլուծեինք»,- ասում է նրանցից մեկը։ Մեկ այլ զինվորական՝ Նվերը, պատմում է, որ արդեն 5 օր է, ինչ գտնվում է Թալիշում, գյուղը մշտապես ռմբակոծել են, սակայն գործը մերձամարտի չի հասել։
Անձամբ Թալիշը շատ է տուժել ռմբակոծություններից: Շինություններին հարվածել են «Գրադով», դրանց մի մասն ամբողջությամբ ավերվել է, ճանապարհներին ընկած են սատկած կովեր և ոչխարներ: Նրանք սպանվել են բեկորներից: Ամենուր արկերի պարկուճներ են, դարպասներին տեսանելի են փամփուշտների հետքերը, թեև ղարաբաղցի զինվորականները պնդում են, որ գյուղում մերձամարտ չի եղել։
Հանդիսությունների սրահի մոտ, որի մոտ ապրիլի 4-ին արկ էր ընկել, կանգնած է զինվորական համազգեստ հագած՝ Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը։ Նա զինվորականների հետ նայում է արկից առաջացած փոսին։
-Սա «Բուրատինո» (ծանր հրանետային համակարգ) է, այո՞,- հարցնում է նա սպային։ Վերջինս գլխով է անում:
Հարցազրույցից վարչապետը հրաժարվում է՝ ասելով. «Հարկավոր չէ, ամեն ինչ նորմալ է», նստում «Լենդ Կրուզերն» ու հեռանում հետ՝ Ստեփանակերտ:
Նա ուղեկցող է տրամադրում, որպեսզի ինձ տանեն այն տունը, որտեղ, ապրիլի 2-ի գիշերը, ինչպես պնդում է ԼՂՀ-ի ղեկավարությունը, ադրբեջանական հատուկջոկատայինների դիվերսիոն խումբը երեք տարեց մարդկանց է սպանել (ընդ որում՝ տղամարդու ականջները կտրել են)։ Այդ տունը Թալիշի ամենավերևում է, դա փաստացի գյուղի վերջին տունն է, դրանից հետո շփման գիծն է ու Ադրբեջանի տարածքը։
Տան բակում դեռ պարանին չորանում է լվացքը, սեղանին՝ պահածոների տարաները։ Ներսում խառնաշփոթ է, իրերը գետնին են թափված, այդ թվում՝ մանկական վարդագույն պայուսակ: Ամենուր «Կալաշնիկովի» փամփուշներ են ընկած, պատերից մեկի վրա ու հատակին՝ արյան հետքեր (դատելով լուսանկարներից՝ այստեղ ընկած է եղել տարեց կինը):
Չնայած ապրիլի 5-ին շփման գծում հայտարարվել է հրադադար, երբ ես Թալիշում էի՝ ժամը 13։00-ի սահմաններում, հարևան բարձունքներից լավ լսելի էին ինքնաձիգների ու գնդացիրների կրակահերթեր։ Ընդհանուր առմամբ՝ ճակատի հյուսիսային մասում իրավիճակը հանգիստ է»: