«Ղարաբաղը պետք է անհապաղ հայտարարել Հայաստանի անբաժանելի մաս ու վերջ դնել այս արյունոտ պատերազմին». Հրանտ Վարդանյան

Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի լույս 2-ի գիշերը բռնկված թեժ մարտերը շարունակվում են: Վերջին տվյալներով՝ ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է՝ 3, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:

Վերջին օրերի զարգացումների մասին 168.am-ն այսօր հեռախոսազրույց ունեցավ ռեժիսոր Հրանտ Վարդանյան հետ:

– Վերջին օրերը Ձեզ ավելի մտահոգո՞ւմ են, թե՞ ոգևորում:

– Ե´վ մտահոգում են, և´ ոգևորում: Ինձ ոգևորում է մեր ժողովրդի միասնականությունը, որովհետև մենք այս օրերին կռիվ ենք տալիս մեր ազատության, անկախության, երկրի, հողի, ջրի ու մարդկանց համար: Սա համախմբում է մեզ ու դարձնում է ազգ: Այս ամենն այսօր շատ հուզիչ է: Ցավալին այն է, որ նման պատերազմական իրավիճակներում անխուսափելի են նաև մարդկային կորուստները, որոնցից ամեն մեկը մի օջախի լույս էր: Մարդու ամենալավ տեսակն է առաջին հերթին արձագանքում նման դեպքերում՝ ամենաազնիվը, ամենամաքուրը, պարզը, իր մեջ սերը կրող մարդը:

Շատերը հաճախ ասում էին՝ եթե հանկարծ պատերազմ լինի՝ ո՞վ է գնալու մեր սահմաններին կանգնի… Փաստորեն, վերջին օրերի իրականությունը գերազանցեց շատերի սպասելիքները:

– Ղալաթ էին անում: Էդ տեսակի խոսակցությունները հիմարացնելու համար են տարածվում: Մենք արնախում ժողովուրդ չենք, մենք ուրիշի տունը չենք քանդում, այլ ասում ենք՝ մեր տունը մի´ քանդեք, մեզ ձեռք մի´ տվեք, ու կապ չունի, թե դա ով է անում, իսկ խորանալ ու հասկանալ, թե էդ ո՞վ է քանդում մեր բունը, հասկանալ՝ ո՞ր կողմից է գալիս այդ վտանգն ավելի կոնկրետ, այս պահին կդժվարանամ ասեմ, բայց ես միշտ մեղքի մեծ բաժինը մեր մեջ եմ տեսնում, որովհետև մենք միշտ պիտի համախմբված լինենք, որ ծայրահեղությունների չհասնի ամեն բան:

– Դուք ինքներդ Ձեզ այդ դժվար հարցն այս օրերին տվե՞լ եք՝ ո՞վ հրահրեց այս մեծամասշտաբ բախումը ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

-Այո, տվել եմ, բայց էս աշխարհի մեծ կռվի մեջ սա էնքան խուճուճ մի մասնիկ է, որ շատ դժվար կլինի մեզ՝ այդ ամենից այսքան հեռու կանգնած մարդկանց, հասկանալ այդ սրիկայության իրական արմատները: Եթե որևէ տեղ որևէ մարդ է զոհվում՝ դա արդեն վատ է: Բացառություններ այս առումով ինձ համար գոյություն չունեն: Մենք շատ մոտիկ ու հեռու «բարեկամներով» ենք շրջապատված, ու այնպես էլ չէ, որ միշտ շատ լավ ենք կողմնորոշվել մեր շրջապատի առումով՝ որպես ազգ ու ժողովուրդ: Ինձ թվում է, որ մենք ինչ-որ բաներ շարունակ սխալ ենք անում, և այդ սխալն անընդհատ կրկնվում է: Մենք պատմությունից դասեր չենք քաղում: Շատ կարևոր է, որ մենք այսօրվա դրությամբ մեր դռանը չոքած այս խնդրի մասին խոսենք բաց լեզվով՝ ամբողջ աշխարհի հետ: Միայն ռուսական կարծիքը շատ քիչ է էս իրավիճակում, որովհետև մենք աշխարհով մեկ սփռված ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհում կանք, ամբողջ աշխարհում ներկայացված ենք: Աշխարհի հետ է պետք խոսել, ընդ որում՝ խոսել միջազգային լեզվով, որ հասկանալի լինի, թե ի՞նչ է կատարվում հիմա մեր երկրում: Ամբողջ աշխարհին տեղից՝ հենց դեպքի վայրից, ռեպորտաժներ ու լուրեր պետք է տարածել, մեր անունից իրազեկել, թե ինչ է կատարվում: Մեզ, հատկապես այս օրերին, պետք է գտնել աշխարհի հետ բաց խոսելու համար ամենաարդյունավետ ֆորմատը: Մեր դիվանագիտական կորպուսները ու լրագրողական դաշտը պետք է աշխատի առաջին հերթին՝ այս ուղղությամբ: Վերցնել զենքերն ու գնալ կանգնել զինվորի կողքին՝շատ կարևոր ու օրհասական քայլ է, բայց միայն դրանով չի սկսվել ու միայն դրանով էլ չի ավարտվելու այս պատերազմը: Ինֆորմացիոն ֆրոնտը պետք է ուժեղացնել:

– Կարծում եք՝ ինֆորմացիոն ֆրոնտը թո՞ւյլ է:

– Կարծում եմ՝ չկա ընդհանրապես, որովհետև այսօր նոր՝ առաջին անգամ վերջին օրերի ընթացքում Հանրային Հեռուստաընկերությունը հայտարարեց, որ երեք ժամը մեկ արտահերթ լրատվություն կներկայացնի իր եթերում: Ամեն բան արվում է հետ ընկած գրաֆիկով, միայն ուժային կառույցներն են արագ արձագանքում:

– Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մղվող մարտերի վերաբերյալ:

– Հիմնականում Ռուսաստանն է ինչ-որ բաներ ասում, այն էլ՝ ոչ կոնկրետ: Դա շատ քիչ է: Մեզ պետք է, որ բոլորը խոսեն: Ես ոչ մի երկրի դիրքորոշման վերաբերյալ որևէ վերապահումում չունեմ: Ամեն տեսակի սրիկայություն սպասում եմ թե´ Ռուսաստանից, թե´ աշխարհի մնացած բոլոր երկրներից: Մենք մեր առջև ծառացած խնդիր ունենք՝ ինքներս պետք է լուծենք մեզ պատուհասած այս աղետը, միասնական ուժերով՝ տեղի ու աշխարհում սփռված մեր հայրենակիցների հետ միասին: Հիմնվել օտարի օգնության վրա հիմա, այս պահին ինձ հեռանկարային չի թվում՝ որպես հայ ու որպես քաղաքացի եմ ասում, սա կենսականին հասած հարց է, որն արդեն քսանհինգ տարուց ավելի հանգիստ չի տալիս ու լարված է պահում բոլորիս:

– Իսկ Սփյուռքի արձագանքն այս իրավիճակում ինչպե՞ս կմեկնաբանեք:

Բոլորն էմոցիոնալ արձագանքներ են տալիս հիմա: Դա, իհարկե, շատ զիլ է, բայց էս պահին մեծ ու ծանր աշխատանք ունենք անելու՝ բոլորս միասին: Մենք մինչև էսօր Սովետից չենք ազատվել, հասկանո՞ւմ եք: Մենք արմատից սկսած՝ պետք է լուծենք բոլոր հարցերը, ոչ թե կիսատ-պռատ, իսկ այս խնդրի արմատը գնում է հեռու: Միայն Սովետից ազատվելով՝ մենք կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել, որովհետև դա Սովետի ձեռքի աշխատանքն էր, և Սովետն էլ պետք է դա ուղղեր, ամեն ինչ վաղուց պետք է ավարտված լիներ՝ իր տեղում դրված: Քանի դեռ Սովետի մատը խառն է ՝ արյունը, որ 30 տարի թափվում է, դեռ կշարունակի թափվել: Պարզապես չեն թողնում, որ այս արյունահեղությունը, ի վերջո, ավարտվի:

– Հենց այս կոնտեքստում այս օրերին տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկվում է մի տեսակետ, ըստ որի՝ Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Դուք սա իրատեսակա՞ն ելք եք համարում այս իրավիճակում:

– Դրանք քաղաքական որոշումներ են, որոնցից ես հիմա կարող է լավ գլուխ չհանեմ, և որևէ նման հայտարարություն այս պահին ո´չ կարող եմ հերքել, ո´չ հաստատել, ո´չ համաձայնել, կամ վիճարկել: Ի վերջո, պետք է ճանաչել Արցախը՝ որպես Հայաստանի մարզ, որպես Հայաստան, ավելին, Նախիջևանի հարցն էլ դնել, Ղարսի պայմանագիրն էլ, և ընդհանրապես բոլոր ֆրոնտերով միանգամից և ուժեղ: Թե չէ այս ի՞նչ մուկն ու կատու են խաղում՝ չէ՞ որ ամբողջ աշխարհի համար առանց դրա էլ պարզ է, որ Ղարաբաղը մենք ենք, ու դա մեր կենսական տարածքն է՝ հո քոռի լոտո չի՞: Ղարաբաղը պետք է անհապաղ հայտարարել Հայաստանի անբաժանելի մաս ու վերջ դնել այս արյունոտ պատերազմին: Ամբողջ աշխարհը շատ էլ լավ հասկանում է սա, հո հիմար չե՞ն: Ես չեմ հասկանում՝ ինչի՞ համար է այդ քայլն այսքան հետաձգվում, թե՞ ուղղակի չեն ուզում լուծել, ո՞վ կամ ի՞նչն է դրան խանգարում, ո՞ւմ է ձեռնտու այ կիսատ-պռատ վիճակը:

– Երեկվանից ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է զոհված զինծառայողների անունները, բայց դրան զուգահեռ՝ հայտարարում նաև ճակատում ունեցած մեր նկատելի ձեռքբերումներն ու առաջխաղացումները…

– Մեր ամենամեծ ձեռքբերումը կլինի ազատ, անկախ հայրենիքի՝ ազատ, անկախ քաղաքացու խաղաղ կյանքի ապահովումը, իսկ դրա համար պետք է ուժեղ ժողովուրդ և պետություն:

– Թերևս հենց դրա անհաժեշտությունն է ապացուցում վերջին օրերի կամավորների աննախադեպ հոսքը՝ դեպի առաջնային գիծ:

– Այսօր տարիքն առած ազատամարտիկները գնում են պատերազմ՝ իրենց ձագերի կողքին կանգնելու համար: Սա մարմինը հողին ամուր կպցրած մարդու պայքար է: Էստեղ այլ բան գոյություն չունի: Սա բնական մարդու վիճակ է: Այսօր Ռուբեն Բաբայանը մի շատ կարևոր բան ասաց՝ ժամանակն է, որ բոլորիս անունով տաբելային զենքեր գրանցվեն ու պահվեն ռազմաբազաներում, որ ցանկացած պահի, երբ դրա կարիքը կլինի, քաղաքացին գնա, իր զենքը վերցնի ու մեկնի իր տարածքը պաշտպանելու թշնամու հարձակումներից: Մենք այլևս ոչ մի երաշխիք չունենք, թե վաղը ի՞նչ կարող է պատահել մեզ կամ մեր երկրի հետ: Թող ամեն մեկն իր անվան տակ գրանցված սեփական զենքն ունենա, ուրիշ ելք չկա: Ողջ ժողովուրդը պետք է պատրաստ լինի անգամ մեծամասշտաբ պատերազմի: Հիմա մեր աշխարհաքաղաքական դիրքն ու իրավիճակն այնպես է դասավորվել, որ մենք դասվում ենք այն երկրների շարքին, որոնք դատապարտված են մեկ առ մեկ պաշտպանելու իրենց կենսական անհրաժեշտության պարտադիր տարածքը, որ կոչվում է Հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս